Հայերեն   English   Русский  

​ԱԱԾ-ն ոչ միայն գաղտնալսում է, այլև գաղտնալսվում.ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի սղագրությունն ամբողջությամբ


  
դիտումներ: 1297

Չնայած մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից առաջ, սակայն վերջին օրերի ամենաքննարկվող թեման ո՛չ ընտրություններն են, ո՛չ էլ առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերը։

Բոլորի սևեռուն ուշադրության առարկան ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստն է։

Մարդիկ անգամ հումորով նշում են, թե մինչև հեղափոխությունը ԱԱԾ-ն էր գաղտնալսում, իսկ հեղափոխությունից հետո, փաստորեն, ԱԱԾ-ին են գաղտնալսում։ Իսկ «ՀաղթանակԱԱԾ», «ՍիրահարվԱԱԾ» և նմանատիպ գրառումներով շապիկներն ու գլխարկները շուտով հավանաբար կհամալրվեն «գաղտնալսվԱԱԾ» գրառմամբ շապիկներով։

Հիշեցնենք, որ համացանցում հրապարակվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում պաշտոնյաները քննարկում են «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին կալանավորելու հարցը։

Ստորև ներկայացնում ենք հեռախոսային խոսակցության սղագրությունը․

Սասուն Խաչատրյան - Հա ընկեր ջան:

Արթուր Վանեցյան - Ապեր, ի՞նչ կա:

Ս․ Խ․ - Ցուցմունք չտվեց, գրել էր, որ սա անհեթեթություն ա...

Ա․Վ․ - Ո՞նց ա բացատրում:

Ս․ Խ․ - Տղերքը պատմում են, որ գժվավ, տղերքը պատմում են, որ խ....լ էր:

Ա․Վ․ – Ո՞րը, էդ հրամանի վրա բան եղա՞վ:

Ս․ Խ․ - Որոշման վրա:

Ա․Վ․ - Հրամանը որ տեսել ա Հարությունյան Միշայի, ի՞նչ ա ասել:

Ս․ Խ․ - Ցավդ տանեմ, ինչի ինքը չգիտե՞ր Հարությունյան Միշայի հրամանը:

Ա․Վ․ - Երևի չի տեսել:

Ս․ Խ․ – Նախ՝ իրան ոչ մեկը հրամանը ցույց չի տվել, իրան ցույց են տվել մեղադրանքի որոշումը, որում նաև հրամանի մասին ա գրված: Ինքն էլ շուխուր ա գցել, թե էս ինչ ա, բան... Պաշտպանն էլ Սահակյան Ռուբոն ա, սկսել ա, թե բա՝ քննչական խմբի բոլոր անդամների տվյալները տվեք, ըտենց բան էր գրել, թե տենանք՝ էն ժամանակ քննչական խմբի անդամ են եղել, էդ ո՞նց եղավ, որ էն ժամանակ չէին անում, հիմա են անում, ուրեմն քաղաքական հետապնդում ա, բան... ըտենց հիմար բաներ էր գրել: Ըստ էության ոչ մի բան... շատ լավ ա... Էն Գևորգյան Արմենն էլ եկավ ցուցմունք տալու...

Ա․Վ․ - Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս:

Ս․ Խ․ - Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...

Ա․Վ․ - Դավայ, Միշային էլ որ...

Ս․ Խ․ - Խաչատուրովին էլ ենք բան անում, ընգեր, էսօր...

Ա․Վ․ – Արա՛, Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, արա՛, խայտառակ կլինենք:

Ս․ Խ․ - Ինչի՞:

Ա․Վ․ - ՀԱՊԿ-ի շեֆն ա, այ ընգեր ջան, սպասի, թող պրծնի...

Ս․ Խ․ - Չփագե՞նք, ընգեր...

Ա․Վ․ - Սպասի, արա՛, վաղը գալիս եմ, վաղը գամ, նոր...

Ս․ Խ․ - Չէ, չէ, ընգեր, արդեն մեր մոտ ա, ընգեր, տենանք՝ էս ինչ ցուցմունք ա տալի...

Ա․Վ․ - Ցավդ տանեմ, լուրջ քաղաքական պրոբլեմ ա, նրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը պիտի լինի, լուրջ եմ ասում, հազիվ ռուսների հետ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ:

Ս․ Խ․ - Դե ուրեմն վարչապետի հետ խոսա մի հատ, ընգեր, որովհետև ես ասել եմ՝ տանում եմ կալանքի:

Ա․Վ․ - Լավ, հեսա հետը կխոսամ ես:

Ս․ Խ․ - Հա, ընգեր ջան:

Ձայնագրության երկրորդ մասը․

Ա․Վ․ - Սասուն ջան, պրիվետ:

Ս․ Խ․ - Բարլուս, բարլուս, ախպեր ջան:

Ա․Վ․ - Լա՞վ ես:

Ս․ Խ․ - Լավ Արթուր ջան, դու ասա:

Ա․Վ․ - Ընգեր, Խաչատուրովին եթե չենք ձերբակալում...

Ս․ Խ․ – Հա...

Ա․Վ․ - Ի՞նչ ա ըլնում էդ դեպքում:

Ս․ Խ․ - Ընգեր, որ դատարանը կալանք չտա, պիտի ստորագրություն ընտրվի կամ գրավ որոշի, ինքը մնա մեղադրյալի կարգավիճակում, ալո...

Ս․ Խ․ - Հա, ընգեր ջան...

Ա․Վ․ - Կարդացի՞ր:

Ս․ Խ․ - Պատասխան էի գրում քեզ, հիմնավոր... նայի՝ տես. մենք ունենք ձերբակալման երկու ռեժիմ. ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա և ձերբակալում քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա թույլատրվում ա միայն այն դեպքում, եթե կասկածյալը գտնվում է այլ տեղանքում: Այսինքն՝ ես Երևանում եմ, կասկածյալը Սիսիանում ա, ես ձերբակալման որոշումը տալիս եմ հետաքննության մարմնին, ասում եմ՝ գնա իրան ձերբակալի, բեր: Էսի մի ձևը: Երկրորդ ռեժիմը կոչվում ա ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա: Դա էն ա, երբ անձը ձերբակալվում ա հանցանքի վայրում, շորերին արյուն ես գտնում, զենք ես գտնում: Էսի երկրորդ ռեժիմ: Երրորդ ռեժիմ... մեկ էլ ձերբակալել թույլատրվում ա խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին: Էս երեքն ա, ախպերս, էս երեքն էլ ես չունեմ: Եթե ես փորձեի անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա էդ մարդուն ձերբակալեի, իրա պաշտպաններն իրանց ճղելու էին, թե՝ էս քո կասկածը էդ ո՞նց միանգամից, ի՞նչ հանցագործության հետք իրա մոտ հայտնաբերեցիր, որ իրան վռազ ձերբակալում ես, չես թողնում մի վայրկյան էլ մնա դուրսը, էդ ա խնդիրը:

Ա․Վ․ – Հասկացա...

Ս․ Խ․ - Որևէ խնդիր չկա: Հեսա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն Գրիգորյան հեսա լուրջ բան կգրի, ելույթ էլ կունենա, իմ ելույթ ունենալը ճիշտ չի էլի:

Ա․Վ․ - Չէ, չէ, թող Վահեն խոսա... որպես փաստաբան ու փորձագետ:

Ս․ Խ․ – Հա, որպես փորձագետ, նաև Եվրադատարանում ա ներկայացնում էս գործը:

Ա․Վ․ - Իսկ Խաչատուրովինը ո՞նց ա, հիմնավո՞ր ա:

Ս․ Խ․ - Նույն բանն ա իրանցը բոլորինը, բայց ամենահիմնավորը դե Քոչարյանինն ա ու բանինը...

Ա․Վ․ - Ապեր, խնդրում եմ, Խաչատուրովինը շատ ուշադիր նայի, ռուսները... չնայած վարչապետն ասում ա՝ փակեք, բայց ռուսները ոռները ճղում են...

Ս․ Խ․ - Նայի, ախպեր ջան, ինքը, ամեն դեպքում, գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքն իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր, որովհետև էդ ժամանակ մենակ նախագահն իրավունք ուներ նման հրաման ստորագրել: 97 թվի պաշտպանության...

Ա․Վ․ - Հասկացա, ինքը իրա... Սեյրանին ձերբակալի...

Ս․ Խ․ - Ո՞նց, ո՞նց, չլսեցի:

Ա․Վ․ - Սեյրանին ձերբակալի կամ Հարությունյան Միշային:

Ս․ Խ․ - Բա Սեյրանին էլ ենք բերելու, ընկեր...

Ա․Վ․ - Կամ Հարությունյան Միշային...

Ս․ Խ․ - Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետև Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա՝ մենք զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ... Այսինքն՝ ինքը սպառնում ա ժողովրդին, ընկեր...

Ա․Վ․ - Լավ, լավ, հասկացանք, եթե հիմնավոր ա... պրոստը...

Ս․ Խ․ - Նորմալ ա, նորմալ ա...

Ա․Վ․ - Խաչատուրովինը, նայի էլի, ռուսների հետ...

Ս․ Խ․ - Խոսալու ա Խաչատուրովը, էտի էշի մեկն ա:

Ա․Վ․ - Իսկ եթե Խաչատուրովին կանչես, հարցաքննես, լավ ցուցմունք տա, խափանման միջոցը ուրիշ փոխես, ասես՝ չենք նստըցնի:

Ս․ Խ․ - Ցավդ տանեմ, ես խնդիր չեմ տեսնում, ինքը մինչև չկալանավորվի, ցուցմունք չի տա:

Ա․Վ․ - Դե հիմա իրան ասա՝ էթում ես կալանավորվես:

Ս․ Խ․ - Դե հիմա ես իրան, ինքը իմ մոտ չի, ես իրան ի՞նչ ասեմ:

Ա․Վ․ – Լավ, թող նստի...

Ս․ Խ․ - Թող մի երկու օր նստի, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա:

Ա․Վ․ - Լավ, լավ թող նստի: Իսկ էն բանին էլ մի բան արեք էլի... էն Խաչատուրովի տեղակալին:

Ս․ Խ․ - Հա, էն որ ասի՞ր:

Ա․Վ․ – Հա...

Ս․ Խ․ - Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ էլի...

Ա․Վ․ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով:

Ս․ Խ․ - Լավ մի հատ հասկանամ, կխոսանք, ընկեր:

Ա․Վ․ – Դավայ...

Ս․ Խ․ – Դավայ, ախպեր ջան...

Վարչապետի արձագանքը

Արձագանքելով գաղտնալսման փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն որակել է որպես դավադրություն պետականության նկատմամբ։

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին և ենթարկել խիստ պատասխանատվության: Երբ ես ՀԺ-ի գլխավոր խմբագիր էի, թերթում հրապարակել էի տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ: Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հատուկ ծառայությունները»՝ սափրագլուխների և ախրանաների տեսքով, հայտնաբերվելու են և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են:

Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»,- հայտարարել է Փաշինյանը:

ՄԻՊ արձագանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, դատապարտելով գաղտնալսման իրողությունը, անդրադարձել է նաև պաշտոնյաների խոսակցությունում հնչած որոշ դրվագների։

«Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է սեփական վարքագծով ցույց տա, որ անկախ է որևէ մեկից և պետք է յուրաքանչյուր որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա։

Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաև գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին։

Կալանքի հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ այն ունի կիրառության հիմքերի ու իրավաչափության պայմանների սպառիչ շրջանակ, որոնք յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման պայմաններում պետք է դառնան դատական ստուգման առարկա: Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Խաչատուրովի փաստաբանի արձագանքը

Ձայնագրության՝ Յուրի Խաչատուրովին վերաբերող հատվածի առնչությամբ հայտարարություն է տարածել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

«…Ինչպես տեսաք «թող մի երկու օր նստի, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա» կալանավորման հիմք նախատեսված չէ… Իսկ ակնհայտ ապօրինի՝ առանց օրենքով նախատեսված հիմքի կալանավորելը արդեն իսկ քրեական պատասխանատվություն է առաջ բերում»,- մասնավորապես ասված է փաստաբանի հայտարարությունում։

ԱԺ արձագանքը

Տեղի ունեցածն աննախադեպ է որակել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Դա անպատկերացնելի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել։ Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- ասել է Բաբլոյանը։

Նա հայտարարել է, որ կատարվածին պետք է անդրադառնալ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Ազգային ժողովում ստեղծելով Քննիչ հանձնաժողով։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձագանքը

Ձայնագրության հրապարակումից հետո քննարկվող վարկածներից էր, որ բջջային օպերատորը կարող էր գաղտնալսումն իրականացրած լինել։ ՀՔԾ պետի հեռախոսահամարը ՎիվաՍել-ՄՏՍ-ին է պատկանել։ Այս առիթով ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով իր առնչությունը գաղտնալսմանը։

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Դատական իշխանության արձագանքը

Քար լռություն: Ամենայն հավանականությամբ, շատ վախեցած է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: