Հայերեն   English   Русский  

​Համոզիչ չեք, տղե՛րք, համոզիչ չեք


  
դիտումներ: 1589

Սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում գտած սկանդալային հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունը ոմանք բնորոշեցին որպես իշխանությունների ձախողման ցուցիչ ու խայտառակություն,

իշխանության ներկայացուցիչները՝ որպես հակահեղափոխության սադրանք, որպես դավադրություն իշխանությունների ու պետության նկատմամբ, որպես հակակոռուպցիոն քաղաքականության ու քայլերի պատասխան: Իսկ իշխանության ամենավերին դեմքերն ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանն այս գաղտնալսումը որակեցին որպես դավադրություն Հայաստանի պետականության նկատմամբ:

Ինչ մակարդակի «դավադրություն» էլ որ այն լինի, ինչ մութ ուժերի կողմից էլ կազմակերպված լինի, միևնույն է, այն չի փոխում լրջագույն խնդրի էությունը: Իսկ էությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ անվտանգության և քաղաքական-իրավական:

Անվտանգության հարցերը

Սկզբում մի կողմ թողնենք այդ խայտառակ ձայնագրության բովանդակությունն ու փորձենք հասկանալ՝ նորմա՞լ է, երբ մի որևէ երկրի հատուկ ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնալսվում է, ավելին՝ հրապարակվում: Արդյոք դա մեր ազգային անվտանգությանն ուղղակի սպառնալիք չէ՞, ինչպես Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Պատգամավորը, մասնավորապես, նշում էր. «Այսօր էլ արդեն ԱԱԾ-ի պետը, փոխարեն պատասխանի, թե այդ ինչպես է ստացվել, որ գախտնալսվել է իր հեռախոսազրույցը, մի բան էլ ինքն է այդ հարցը տալիս: Կներեք, բայց այդ մենք պետք է հարցնենք: Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիների մասին: Այս ամենը չի կարող չմտահոգել: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը»:

Եվ իսկապես, ինչպե՞ս մենք՝ հասարակ քաղաքացիներս, հանգիստ լինենք, որ մեր անձնական կյանքի գաղտնիությունը կամ ընդհանրապես մեր անվտանգությունը երաշխավորված է, եթե անգամ հատուկ ծառայության ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնիությունը հնարավոր չէ ապահովել: Ընդ որում, եթե ուշադիր լինենք, այդ ձայնագրությունը ոչ թե մեկ, այլ մի քանի հեռախոսազրույցների արդյունք է, ինչը նշանակում է, որ մեր երկրի ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը տևական ժամանակ են գաղտնալսվել: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր էին կամ ինչո՞վ էին զբաղված մեր հատուկ ծառայությունները, որոնք պետք է ապահովեին այդ երկու հատուկ ծառայությունների, էլ չասենք դրանց ղեկավարների, տեղեկատվության փոխանակման գաղտնիությունը:

Այս առումով իսկապես տեղին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ հեղինակը նշում է. «ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի սարսափելին ոչ թե զրույցի թեման է, այլ այն փաստը, որ ԱԱԾ պետին ընդհանրապես կարելի է գաղտնալսել և նյութը տարածել համացանցում: Տղերք, 50 տարվա մեջ շատ բան էի տեսել, բայց սենց պիպեց առաջին անգամ եմ հանդիպում»:

Այս առումով ուշագրավ էր նաև Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես հիմա հարց եմ տալիս՝ Հայաստանում գաղտնալսման ո՞վ այդպիսի հնարավորություն ունի, որ ցանկացած օր, ցանկացած պաշտոնյայի ցանկացած խոսակցություն գաղտնալսի։ Ես, ում հեռախոսը ևս պարբերաբար գաղտնալսում են, թե՛ հին, և թե՛ հիմա էլ նոր իշխանությունները, միշտ համարել եմ, որ այդպիսի հնարավորություն օրինական ունի միայն ԱԱԾ-ն։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե սա ԱԱԾ-ն է արել, ապա ինչո՞ւ է այն հայտնվել հանրային տիրույթում։ Եթե դա ԱԱԾ-ն չի, ինչպե՞ս է հնարավոր, որ դա վրիպել է նրա ուշադրությունից, չէ՞ որ դա տեխնիկապես բնավ հեշտ չի իրականացնել, առավել ևս, եթե խոսքը գնում է իր իսկ տնօրենի խոսակցության մասին։ Սա մի այնպիսի գլուխկոտրուկ է, որ իմ ուղեղը չի կարողանում լուծել»։

Ու նաև ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ եթե այն մարդկանց հեռախոսներն են գաղտնալսվում, որոնք պետք է ապահովեն նաև մեր ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների անվտանգությունն ու այդ թվում նաև հեռախոսազրույցների անվտանգությունը, ապա սա ի՞նչ է, եթե ոչ ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք:

Խիստ ուշագրավ մի մեկնաբանություն էլ իր ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ անում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը. «Իմ կարծիքով՝ վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում վերին բառադիության ոլորտում ա գտնվում։ Օրինակ՝ Նիկոլը իր հեռախոսով, առնվազն, Մոսկվա գնացել էր։ Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ոնց վարվել հեռախոսի հետ։ Ու շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն ա լոմած։ Հուսամ, սխալվում եմ»։

Քաղաքական ու իրավական կողմը

Որքան էլ որ փորձեր արվեցին շեղել խնդրի էությունը գաղտնալսված ձայնագրության բովանդակությունից, որքան էլ ուզենք կամ ոչ, այս գաղտնալսումների բովանդակությանը չանդրադառնալ պարզապես հնարավոր չէ: Առավել ևս, որ ձայնագրություններում «գործող գլխավոր հերոսները» ոչ թե հերքեցին, այլ հաստատեցին, որ այո՛, դա իրենց խոսակցությունն է:

Քանի որ ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարների խոսակցության բովանդակությունը պարզապես ոչնչացնում է մի խիստ կարևոր ու վեհ գաղափար, որի համար ապրիլ-մայիսին՝ հեղափոխության օրերին տասնյակհազարավոր մարդիկ ոտքի էին կանգնել ու իշխանափոխություն էին անում. արդարադատության հաստատման ու հրահանգներով «արդարադատության» վերացման գաղափարը:

Իշխանության գալու հենց առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց զանգերով արդարադատության վերացման մասին: Ու այս տեսանկյունից ամենաառաջինը, որ միանգամից աչք է ծակում, ԱԱԾ տնօրենի խոսքերի այն հատվածն էր, երբ խոսել է դատավորի հետ. «Ասեց՝ հանգամանքներին ծանոթանամ` զանգեմ զեկուցեմ, ասի՝ նայի, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»,- լսում ենք Վանեցյանի խոսքում: Թերևս հենց միայն այս մի դրվագը պետք է կա՛մ հրաժարականի, իսկ դրա բացակայության դեպքում ԱԱԾ տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանի հիմք հանդիսանար՝ անկախ ամեն ինչից: Քանի որ գոնե թղթի վրա Հայաստանում դատական իշխանությունն անկախ է անգամ գործադիր իշխանությունից՝ կառավարությունից, էլ ուր մնաց կախված լիներ կառավարությանն առընթեր ծառայությունից… Իսկ դատավորին ցուցումներ կարող է տալ միայն օրենքը, որի առջև, ի դեպ, ասում են՝ բոլորս հավասար ենք:

Անկախ այն հանգամանքից, թե մամուլի ասուլիսի ընթացքում Վանեցյան-Խաչատրյան զույգն ինչպես է փորձում արդարանալ-արդարացնել այդ հեռախոսազրույցում իրենց արտահայտած սուր մտքերն ու հետաքրքիր ձևակերպումները, մի քանի դրվագ ևս առանձնացնենք:

Օրինակ՝ ԱԱԾ տնօրենը, դիմելով ՀՔԾ ղեկավարին, ասում է՝ «Արա, Խաչատուրովից գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն ա, արա»: Իսկ ՀՔԾ պետը հարցնում է՝ չփակե՞նք, ընգեր՝ շարժվելով ոչ թե` կա հանցանք, պետք է պատժվի սկզբունքով, այլ, թե ինչպես է որոշում ԱԱԾ-ն: Դրանից հետո ԱԱԾ տնօրենը նշում է. «Քաղաքական պրոբլեմ ա, դրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը դիր»… Սրանից հետո կա՞ մարդ, որ դեռ հույս ունի, թե իրավապահ մարմինները առաջնորդվում են ոչ թե օրենքում հստակ կամ միգուցե ու երբեմն ոչ այնքան հստակ գրված ձևակերպումներով, այլ սեփական կամքին ու «քեֆին» համապատասխան: Էլ չասենք, որ այդտեղ խոսվում է նաև վարչապետից ստացած պատվերի մասին, ու դեռ մի բան էլ ԱԱԾ տնօրենը ՀՔԾ ղեկավարին պատվերներ է տալիս, թե «Էն բանին էլ, էլի, ընդեղ մի բան արեք, էն Խաչատուրովի տեղակալին»: Էդպես ռեստորանում քեֆը լավ հանդիսականը կարող էր երգչին պատվիրել. «էն «Իմ ախպերս» երգն էլ ընդեղ մի բան արեք, երգեք»:

Մի խոսքով, երբեք չէինք մտածի, որ իրավիճակի օբյեկտիվ գնահատականի համար որպես դիպուկ օրինակ մի օր էլ կմեջբերենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, բայց ՀՀԿ խոսնակը արդարացի հարց է բարձրացնում, երբ ասում է. «Եվ ամենակարևորը՝ ես Փաշինյանից չստացա իմ մտահոգիչ հարցերի պատասխանը, թե ինչ իրավունքով է իրավապահ մարմնի ներկայացուցիչը նշում, որ Դուք տեղյակ եք և ասել եք փակել։ Ո՞ր իրավունքով է իմ երկրի իրավապահ մարմնի ղեկավարներից մեկը ասում՝ երկու օր կնստի, ցուցմունք կտա և այլն: Եթե Դուք լինեիք ընդդիմադիր գործիչ և նշված բովանդակությամբ գաղտնալսում լիներ, Դուք ի՞նչ կանեիք։ Հուսով եմ՝ կբարձրացնեիք նույն այն հարցերը, ինչ ես եմ բարձրացնում Ձեր առջև» ( մեջբերված է Henaran.am կայքից)։

Մի խոսքով, կատարվածը իրավական գնահատականի արժանի դրվագ է ու մեր հասարակական-քաղաքական կյանքի նոր փուլի համար կարևորագույն մարտահրավեր: Իսկ ո՞վ պատասխանատվություն կկրի ու կկրի՞ արդյոք…

Գ.Ա






Մեկնաբանություններ - 1

agob.k     14.09.2018 ays inj haydrgutyun aayo ays polor ligol na hay azki tavajan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: