Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ են սպասում նորանշանակ անդամները նոր Հանրային խորհրդից


  
դիտումներ: 1265

Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Հանրային խորհրդի առաջին 15 անդամների կազմը։ Նրանցից 7-ը դեռևս գործող խորհրդի անդամներ են, 8-ը՝ նոր անդամներ։

Հանրային խորհրդի գործող անդամներից նոր խորհրդի կազմում ընդգրկվել են Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Յուրի Ջավադյանը։ Նոր անդամներն են Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Թուխիկյանը, Աշոտ Հակոբյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Հայտնի փաստաբան, «Տեր-Տաճատյան» փաստաբանական ընկերության ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը, որ Հանրային խորհրդում է ստեղծման օրվանից, ընդգծում է՝ Հանրային խորհրդում ներգրավված են եղել մարդիկ, որոնք անցած ճանապարհ ու հետագիծ ունեն։ «Մենք երբեք որևէ կաշկանդվածություն և որևէ կախվածություն չենք ունեցել, որովհետև սա հասարակական գործունեություն է, ոչ վարձատրություն ենք ստացել, ոչ էլ ասածի կամ չասածի արդյունքում բարենպաստ պայման ենք ստացել։ Հետևաբար Հանրային խորհրդին ինչ-որ բաների մեջ մեղադրելն ուղղակի անիմաստ է և անթույլատրելի։ Հանրային խորհրդում հավաքված մարդիկ եղել են և այսուհետ նույնպես պետք է լինեն իրենց սկզբունքներին ու համոզմունքներին հավատարիմ և ցանկացած թեմայի մասին խոսելիս պետք է ղեկավարվեն այդ սկզբունքով և համոզմունքով»։

Հանրային խորհրդի և դրա կարևորության վերաբերյալ հակասական ընկալումները Տեր-Տաճատյանը համարում է խորհրդի գործունեությունն ու լիազորությունները ոչ լիարժեք իմանալու հետևանք։ «Հանրային խորհրդի նպատակն է հանրությանը հուզող հարցերը հանրայնացնելն ու լսելի դարձնելը։ Չի եղել հանրային հնչեղություն ստացած մի հարց, որը խորհրդում քննարկված չլինի։ Եղել են թեժ, երբեմն անզիջում քննարկումներ ու բանավեճեր։ Բայց մենք հարցը բարձրացնողն ու առաջարկներ ներկայացնողն ենք, մենք լուծում տվող մարմին չենք»։

Տեր-Տաճատյանի խոսքով՝ Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորվում է Հայաստանի համար շատ հետաքրքիր ժամանակներում։ «Անշուշտ, այդ ժամանակաշրջանը կծնի նոր մարդկանց, որոնք կգան Հանրային խորհուրդ, և Հանրային խորհուրդը կարող է լինել այն հարթակը, որտեղ բոլորը անշահախնդիր ձևով մտքեր հայտնելու հնարավորություն կունենան, և որտեղ խնդիրները կքննարկվեն, վեր կհանվեն և կներկայացվեն իշխանություններին։ Ես կարծում եմ, որ Հանրային խորհրդի դերը թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների օրոք շատ կարևոր է»։

Նարինե Թուխիկյան

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, ՀԽ նորանշանակ անդամ Նարինե Թուխիկյանը կարծում է, որ նոր իրավիճակում Հանրային խորհուրդն իր առաքելությունը կկարողանա ավելի արդյունավետ կատարել՝ դառնալով հասարակության և իշխանությունների միջև կապող օղակ և հասարակության խոսափոխը։ «Խորհուրդն իրապես շատ բան կարող է անել, եթե աշխատի ողջ անկեղծությամբ և ներուժով։ Ես վստահ եմ, որ նախկինում էլ մարդիկ շատ ակտիվ են եղել, շատ սրտացավ են եղել, հետաքրքիր առաջարկներ են արել, սակայն այդ ամենը կարծես թե փակուղու է դեմ առել։ Կարծում եմ՝ հիմա փակուղի չի լինի, իսկ եթե լինի, մենք կկոտրենք այդ փակուղին»։

Թուխիկյանը կարծում է, որ նոր իշխանությունները որքան էլ փորձեն հասանելի լինել հանրությանը, միևնույն է, տարբեր պատճառներով չեն կարող բոլոր հարցերն ու խնդիրները տեսնել․ «Խորքային խնդիրներ կան, որոնք պետք է տեղ հասցնել, չպետք է թողնել, որ խնդիրները վերածվեն բողոքի։ Ընդհանրապես խնդիրները քննարկելը, արժևորելը, բոլոր կողմերին լսելը, տարբերակներ առաջ քաշելն ու ներկայացնելը շատ կարևոր է, և այդ տեսակետից կարևոր է Հանրային խորհրդի դերը»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Բաբկեն Պիպոյանն այն կարծիքին է, որ Հանրային խորհուրդը պետք է դիտարկվի որպես ժողովրդավարական երկրին բնորոշ արժեքներ կրող Հանրային խորհուրդ։ «Դա այն է, որ ՀԽ-ն ընկալվի որպես իրական կամուրջ իշխանության և հանրության միջև, ոչ թե իշխանության գործունեությունը լեգիտիմացնող կառույց»։

Բաբկեն Պիպոյան

Նա կարծում է, որ խորհրդի գործունեությունը հանրության կողմից ճիշտ ընկալելու խնդիր կա, և պետք է մեծ աշխատանք կատարել, որպեսզի այդ ընկալումը փոխվի։ «Եթե Հանրային խորհուրդը կամ իշխանությունը չեն կարող հայտնել կարծիք, որի հետ հաշվի է նստում հանրությունը, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Կամ եթե իշխանությունը պատրաստ չէ հաշվի առնել խորհրդի տված խորհուրդը, ապա առնվազն ես այդ խորհրդում անելիք չունեմ»,- ասաց Պիպոյանը։

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որն այս անգամ խորհրդի անդամ է դարձել կառավարության նշանակմամբ, Հանրային խորհրդի նախորդ տարիների գործունեությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում: «Բազմաթիվ հարցերի ու խնդիրների կարգավորման առումով մեզ հաջողվեց դրական դերակատարություն ունենալ: Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք իրականացվել են մեր հանձնաժողովի շրջանակներում։ Մենք պարբերաբար փորձաքննության ենք ենթարկել կառավարության՝ հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող նախաձեռնությունները: Արդյունքում հաջողվել է խուսափել ավելորդ վարչարարություն, անհարկի բյուրոկրատական խնդիրներ և ֆինասական ծախսեր ենթադրող նախաձեռնությունները կյանքի կոչելուց: Մեր մի շարք առաջարկություններ տեղ գտան ՀԿ-ների մասին 2016 թ. օրենքում: Կարողացանք դրական ներդրում ունենալ հեռուստաեթերի բարելավման խնդրում: Մշակեցինք «ՀՀ-ում քաղհասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը, որի մի շարք դրույթներ ամրագրվեցին կառավարության կողմից հաստատված համապատասխան փաստաթղթում և այլն»։

Հովհաննես Հովհաննիսյան

Միաժամանակ Հովհաննիսյանը նշում է, որ բազմաթիվ խնդիրներ չի հաջողվել հասցնել ցանկալի արդյունքների, շատ կարևոր առաջարկություններ մնացել են անտեսված և չգնահատված: «Պատճառները շատ են: Դրանց շարքում կարելի է առանձնացնել ՀԽ իրավական կարգավիճակի օրենսդրորեն ամրագրված չլինելը, պետական պաշտոններ զբաղեցնողներից շատերի անշրջահայաց գործելակերպը, քաղհասարակության ինստիտուտների հետ աշխատելու մշակույթի անբավարար մակարդակը և այլն»։

Հովհաննիսյանն ընդգծում է, որ անելիքներն ավելի շատ են, քան կատարածը և ակնկալում է, որ նոր Հանրային խորհուրդը՝ սահմանադրորեն ամրագրված մարմնի կարգավիճակով, նախորդ տարիների փորձառությամբ և քաղհասարակության հաստատությունների աննախադեպ ակտիվության և քաղաքացիական շարժման ներկայիս վերելքի պայմաններում կարող է անել ավելին և զգալի ներդրում ունենալ մեր երկրի, մեր հասարակության առջև ծառացած խնդիրների բարձրաձայնման ու լուծման գործում:

Հիշեցնենք, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր խորհուրդը բաղկացած է լինելու 45 անդամից նախկին 36-ի փոխարեն: Կառավարության կողմից առաջին 15 անդամների նշանակումից հետո 30-օրյա ժամկետում պետք է ձևավորվեն Հանրային խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովները։

Հանձնաժողովներում ընդգրկվել կարող են տեղական ինքնակառավարման մարմինների, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպությունների, հայրենակցական և ստեղծագործական միությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, վետերանների միությունների, գիտակրթական կազմակերպությունների, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միությունների, կրոնական կազմակերպությունների, սփյուռքի կառույցների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովների ձևավորումից հետո 3-շաբաթյա ժամկետում հանձնաժողովներում ընդգրկված անձինք գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձաժողովների նախագահներ, որոնք դառնում են Հանրային խորհրդի հաջորդ 15 անդամները: Այնուհետև 20-օրյա ժամկետում Հանրային խորհրդի 30 անդամները ներկայացնում, քննարկում և ընտրում են վերջին 15 անդամներին:

ՀԽ 45 անդամների կազմը հաստատելուց հետո ՀՀ վարչապետը այդ կազմից ՀՀ կառավարություն է ներկայացնում Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը, որը հաստատվում է կառավարության նիստում: Այդ պահից սկսած՝ նոր Հանրային խորհուրդը համարվում է ձևավորված և անցնում իր լիազորությունների կատարմանը: Նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը տևում է ավելի քան երկու ամիս: Մինչ այդ գործող Հանրային խորհուրդը շարունակում է իր գործառույթները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: