Հայերեն   English   Русский  

​Կայծակնահարվելը՝ նոր կյանքի սկիզբ․ զինվորականը, որ իր կյանքն առանց արվեստի չի պատկերացնում


  
դիտումներ: 6148

«Իմ կյանքի որևէ դրվագի համար չեմ զղջում, և եթե ընտրելու հնարավորություն ունենայի, նորից նույն ուղին կընտրեի։ Ընդհանրապես պետք է կյանքն ապրել լիարժեք, որ հետո չզղջաս արած կամ չարած բաների համար»,- ասում է 31-ամյա Արման Ռուբենյանը, որը մասնագիտությամբ զինվորական է՝ կապիտան, Մարտունու ռազմական ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև քանդակագործ, նկարիչ։

Արմանի կյանքում բեկումնային պահ է դարձել կայծակնահարությունը, որից հետո էլ զինվորական գործին զուգահեռ սկսել է ստեղծագործել։ Հիշում է, որ 4 տարի առաջ ծառայության ժամանակ պատահաբար կայծակնահարվել է։ Կայծակի հարվածը հենց գլխին է ստացել։ Ասում է՝ հրաշքով է ողջ մնացել։ «Բժիշկներն ասում էին՝ նման պատահարից հետո սովորաբար կա՛մ մի բան պակասում է, կա՛մ ավելանում։ Ինձ մոտ, փաստորեն, ավելացավ, այդ դեպքից հետո սկսել եմ ստեղծագործել»,- ասում է նա։

Արմանը հիշում է, որ դպրոցական տարիներին նկարելու հանդեպ սեր ուներ։ Սակայն երբևէ մասնագիտանալու, արվեստին իր կյանքում տեղ տալու մտադրություն չի ունեցել։ Դպրոցն ավարտելուց հետո էլ ընտրել է զինվորականի ուղին։

Արման Ռուբենյան

Նրա խոսքով, սակայն, միայն ստեղծագործել սկսելուց հետո է, որ իր կյանքը լիարժեք է դարձել։ «Այժմ սովորական Արմանից բացի, կա նաև երկրորդ Արմանը, որի համար ամեն ինչ հեքիաթային ու գունավոր է, որն ամենամութ տեղում էլ լուսավոր մի կետ կգտնի։ Այս աշխարհը դեռ նոր է ինձ համար, բայց շատ եմ հավանում։ Սա այն կյանքն է, որ ամեն օր մի բան է քեզ տալիս, մի բան բացահայտում ես։ Կարող եմ ասել, որ լիարժեք կյանք եմ ապրում։ Նախկինում մեջս պակաս մի բան կար, հիմա չկա»,- ասում է նա։

Արման Ռուբենյան

Հիշում է, երբ նոր էր սկսում ստեղծագործել, իրեն խանգարող ամենամեծ խոչընդոտը հենց ինքն էր։ «Միշտ համարել եմ, որ ինձ սազական չէ ստեղծագործելը։ Բայց ի վերջո ինքս ինձ հաղթեցի և այժմ ազատ ստեղծագործում եմ»,- ասում է նա և հավելում, որ դժվարությունների հաղթահարման ճանապարհին իրեն շատ է օգնել զինվորական լինելը՝ զինվորական կարգապահությունը, խնդիրներ հաղթահարելու համառությունը և փորձը։

Այժմ, ինչպես Արմանն է ասում, իր համար ցանկացած իր, երևույթ կամ իրավիճակ կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ։ Իսկ արվեստագետի և զինվորականի գործունեությունը, որքան էլ արտաքուստ միմյանց հակասող թվան, հեշտությամբ համատեղվում են ու լրացնում միմյանց։ Ասում է, որ զինվորական ծառայության ընթացքում ստացած տպավորությունները, կուտակած փորձը, ի վերջո, ներսում եփվում-եփվում են ու արտահայտվում տարբեր ստեղծագործություններով։ «Իմ առաջին մասնագիտությունը, կարելի է ասել, ինձ պատրաստել է, որ կարողանամ արվեստով զբաղվել»,- ասում է նա։

Արման Ռուբենյան

Հարցին, թե կրթության պակասն արդյոք խոչընդոտ չէ, Արմանը ժխտական պատասխան է տալիս։ Հիշում է, որ սկզբնական շրջանում, երբ նոր էր սկսել սուր գործիքներով աշխատել, հաճախ է վնասվածքներ ստացել։ Դրանք, սակայն, չեն խանգարել, որ կարդա, ուսումնասիրի, այնուհետև իրականում այդ ամենը կիրառի։ Ուշագրավ է, որ նախ ընտրում է նյութը, որով պետք է աշխատի, այնուհետև սկսում ուսումնասիրել, թե ինչպես անի, որ ավելի լավ արդյունք ստանա։

Տրամադրությունից կախված՝ Արմանը գծանկարներ է անում, հարթաքանդակներ ստեղծում, փայտից դեկորատիվ իրեր ստանում, այժմ մտածում է նաև քարից քանդակներ կերտելու մասին։ Նրա ձեռքի տակ արվեստի գործի է վերածվում ամեն բան՝ ծիրանի կորիզներ, չորացրած որդեր, սատկած կենդանիների մնացորդներ, հին ու անպետք դարձած կենցաղային իրեր, և ոչ միայն։

Ասում է, որ ամեն անպետք թվացող իր կարող է երկրորդ կյանք ունենալ։ Պարզապես պետք է տեսնել ոչ միայն աչքերով։ «Ես փորձում եմ վերարտադրել ոչ միայն այն, ինչ աչքերն են տեսնում, այլև այն, ինչ չեն տեսնում։ Իմ ամեն մի ստեղծագործություն իր ասելիքն ունի»,- ասում է նա՝ հավելելով, որ բոլոր ստեղծագործություններով կարմիր թելով անցնող ուղերձն այն է, որ մարդն էլ բնության մի մասնիկն է և պետք է ներդաշնակ լինի դրա հետ, որ ճիշտ չէ բնությունից հեռանալը, որ բնությունն ու բնականն են կատարյալ։

Ստեղծագործելու չորս տարիների ընթացքում Արմանն իրենց տունը կիրառական արվեստի «թանգարանի» է վերածել՝ տանն ամենուրեք իր ձեռքի աշխատանքներն են՝ սկսած պատերից մինչև կահույք։ Մարտունիում հանգիստը սիրողները կամա թե ակամա ևս կառնչվեն Արմանի ձեռքի աշխատանքների հետ, նրա ձեռամբ է ստեղծվել քաղաքի կենտրոնում գործող փայտյա կահավորմամբ սրճարանը, ինչպես նաև Սևան ազգային պարկում գտնվող հանգստյան գոտին։ Առաջիկայում էլ նախատեսում է իր աշխատանքների անհատական ցուցահանդես կազմակերպել Մարտունու քաղաքային գրադարանում։

Արման Ռուբենյան

Այսուհանդերձ Արմանը դեռևս չի մտածում իր աշխատանքներն առևտրայնացնելու մասին։ Ասում է, որ ինչ անում է, հաճույքով է անում, հաճախ իր աշխատանքներից նվիրում է, բայց չի վաճառում։

Անդրադառնալով ճանաչելիության հարցին՝ ասում է, որ այդ ուղղությամբ էլ քայլեր չի անում։ «Կարևորը ստեղծագործելն է, ոչ թե գնահատանքի արժանանալը»,- ասում է Արմանը և ժպտալով հավելում, որ իր ստեղծագործություններով արկղիկ է Սևանի հատակն իջեցրել։ Պատմում է, որ տարիներ առաջ ինքը մեծ ցանկություն ուներ որևէ հնություն գտնել, որը տեղեկություններ կտար անցյալում ապրած որևէ մարդու մասին, սակայն ապարդյուն։ Եվ ահա իր մասին պատմող նոթերով և իր ստեղծագործություններով արկղիկ է Սևանի ամենախոր հատվածն իջեցրել, որպեսզի տարիներ հետո իր նման որևէ մեկը կարողանա հնություն գտնել ու դրա միջոցով իրեն բացահայտել։

Իսկ ապագայի տեսլականից խոսելիս Արմանը վստահություն է հայտնում, որ կգա պահ, երբ կյանքը միայն ստեղծագործելուն կնվիրի։ «Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո միայն արվեստով եմ զբաղվելու։ Դա իմ էությունն է։ Իմ ամեն մի ստեղծագործություն իմ մասնիկն է, իմ էության մի մասը։ Իմ կյանքն առանց արվեստի այլևս չեմ պատկերացնում»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: