Հայերեն   English   Русский  

​Նոր խոստումներ Երևանին


  
դիտումներ: 2132

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Այս ընտրություններն առաջինն են հեղափոխությունից հետո և լուրջ փորձաքար հետագա ընտրական գործընթացի համար։ Քաղաքական ուժերը հույս ունեն, որ ընտրություններն իսկապես կանցնեն ազատ, արդար ու թափանցիկ՝ զերծ ընտրակեղծիքներից, ընտրակաշառքից ու վարչական ռեսուրսի օգտագործումից։

«Արդարություն և օրենք»` «Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսը

Կուսակցության 19 կետից բաղկացած նախընտրական ծրագրի հիմքում, ըստ Փոստանջյանի, ընկած է իրավունքի գերակայությունը։

19 ուղղություններով քաղաքականությունը վերաբերում է Երևանի վարչական կառավարմանը, հողային քաղաքականությանը, քաղաքաշինությանը, բնակելի ֆոնդի սոցիալական քաղաքականությանը, հանրային և մասնավոր տրանսպորտին, շրջակա միջավայրին, առևտրի և սպասարկումների ոլորտին, զբոսաշրջության զարգացմանը և այլն։

Փոստանջյանը խոստանում է կառուցել ժամանակակից աղբամշակման գործարան, բարեկարգել գերեզմանատների վիճակը, քաղաքի փողոցների վերանորոգումը կատարել ոչ թե հատվածական, այլ համակարգված և արդյունավետ, սոցիալական բնակարաններ կառուցել, վերելակների արտադրության (հավաքման) գործարան հիմնել և այլն։

Ամենակարևորը՝ Փոստանջյանը խոստանում է Երևան քաղաքի բյուջեի ամեն մի լուման ծախսել բաց ու թափանցիկ։

«Այբից մինչև ֆե» պետք է վերագնահատման ենթարկվի Երևանի իմաստն ու ամբողջությունը

«Մենք տալիս են այլընտրանք, որպեսզի Երևանը դառնա համաշխարհային նշանակության քաղաք՝ առաջարկելով լուծումներ բոլոր ոլորտներում։ Երևանը նոր փոփոխություններից հետո պետք է ունենա մեթոդաբանական նոր մոտեցում, ինչը ենթադրում է, որ Երևանը պետք է կատարի համապարփակ գույքագրում և վերլուծություն։ Մենք ունենք ոչ միայն բովանդակային, այլև ընթացակարգային լուծումներ։ Այբից մինչև ֆե պետք է վերագնահատման ենթարկվի Երևանի իմաստն ու ամբողջությունը»,- հայտարարում է «Ժառանգության» ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգությունը» Երևանի ավագանիում հայտնվելուց հետո հանձնառություն է վերցնում առաջնորդվելու վերկուսակցական, քաղաքացիական մոտեցմամբ․ «Չի լինելու որևէ հարց, որը լուծվի առանց մասնագիտական խմբերի և շահառու խմբերի անմիջական մասնակցության։ Մենք չենք վախենալու մեզ մեզանից ավելի խելացի մասնագետներով շրջապատելուց»։

Կուսակցությունը խոստանում է կանաչ Երևան՝ քարակերտ անապատի փոխարեն, առողջ և կրթամշակութային քաղաք, վերահսկվող, օրինական և խելամիտ կառուցապատում` ապօրինության և քաոսի փոխարեն, ոչ մի անօթևան ընտանիք և 70.000 նոր աշխատատեղ, մարդավայել կոմունալ սպասարկում, որակյալ հանրային ծառայություններ և այլն։

«Ժառանգությունն» այդ ամենը կապահովի երևանցու հետ, երևանցու համար և հանուն արթնացող Նոր Երևանի։

«Քայլ արա, Երևա՛ն»

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը կազմված է շուրջ 50 կետից: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանի կարևորագույն խնդիրները լուծվելու են միայն հանրաքվեի միջոցով:

Տրանսպորտի խնդիրը առաջարկում են լուծել տրանսպորտային նոր ցանցի և երթևեկության տոմսերի միասնական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև գործելու է զեղչային համակարգ բնակչության տարբեր խմբերի համար: Նախատեսվում է երկարացնել երթևեկությունը մինչև 24:00-ն: Լինելու են նաև գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են մինչև 4-ը։

«Իմ քայլը» դաշինքի կարևորագույն նպատակներից է մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցումը: Նախատեսվում է նաև 5 տարվա ընթացքում 500 հազար ծառ տնկել:

Ի՞նչ է խոստանում ԲՀԿ-ն

«Երևանս բարեկարգ, հարմարավետ, կանաչ»․ ահա այս կարգախոսով է իր քարոզարշավը սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախընտրական ծրագիրը կառուցելով կանաչ ու խելացի կառավարման մոդելով:

Կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը խոստանում է լուծել Երևանի խնդիրները՝ աղբավայրից մինչև երկրորդական փողոցների ասֆալտապատում։ Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը Նուբարաշենը աղետի գոտի է անվանում` հաշվի առնելով աղբի առկայությունն ու օդի աղտոտվածության մակարդակը։

«Երևանից այլևս որևէ մեկը որևէ լումա չի գողանալու, վստահ եղեք: Հարյուր անգամ ավելի պինդ ու ուժեղ եմ լինելու ուժային բոլոր կառույցներից՝ ոստիկանությունից, ազգային անվտանգությունից»,- վստահեցնում է քաղաքապետի թեկնածուն:

ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագիրը քննարկել է աշխարհի տարբեր երկրներից Հայաստան հրավիրած 38 քաղաքապետների հետ, որոնք իրենց մոտեցումներն ու առաջարկները հավանության են արժանացրել։

Երևանի հանրություն․ հանրային ու մասնագիտական կառավարում

«Մենք ներկայացնում ենք Երևանի հանրությունը։ Մեզ մոտ մասնագետներ են հավաքված, որոնք երկար տարիներ աշխատել են Երևանի խնդիրների շուրջ»։ «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պարզաբանում է, թե ինչու երևանցին պետք է ընտրի իրենց։

Թարխանյանն ասաց, որ հիմնական ծրագիրը մշակել են ՄԱԿ-ի կողմից հաստատված կայուն զարգացման հիմնական սկզբունքներով: «Կայուն, կանաչ, ներառական, սմարթ և անվտանգ քաղաքի ստեղծման գաղափարախոսությունն է ընկած մեր ծրագրի հիմքում: Կայուն քաղաքն իր մեջ ներառում է թե՛ քաղաքաշինական խնդիրների, թե՛ սոցիալական խնդիրների լուծումները»։

Անահիտ Թարխանյանն առանձնացնում է նաև մայրաքաղաքի կենտրոնի գերծանրաբեռնվածության և կառուցապատման հարցերը. «Պետք է սահմանափակենք և ընդհանրապես արգելենք շինարարությունը քաղաքի կենտրոնում»։

Թարխանյանը կարծում է, որ Երևանի բյուջեն անարդյունավետ է ձևավորվում և ծախսվում: «Ամենահամեստ հաշվարկներով՝ 20 միլիոն դոլարից պակաս գումար է հավաքվում տարեկան անշարժ գույքերի հարկերից։ Դա հիմնականում մեծահարուստների տներն են, որոնք տարիներ շարունակ որևէ գույքահարկ չեն վճարել»:

Ի՞նչ են առաջարկում «երևանցիները»

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Արարատ Զուրաբյանը, նույնպես Երևանի կարևորագույն խնդիրներից է համարում տրանսպորտային խնդիրը։ Նա վստահեցնում է, որ այդ հարցում իրենք խնդրի լուծման ստանդարտ ճանապարհով չեն գնալու: «Երևանի քաղաքապետարանում հիմնադրվելու է Բաց բաժնետիրական ընկերություն և առաջարկելու է երևանցիներին, օրինակ՝ տրանսպորտում ներգրավված սեփականատերերին և անհատ երևանցիներին բաժնետեր դառնալ Երևանի տրանսպորտային համակարգում: Սրանով մենք ամեն ինչ անելու ենք, որ Երևանն ունենա նոր տիպի տրանսպորտային համակարգ, այնպիսին, որը նույնիսկ եվրոպական քաղաքներում առկա չէ: Այսինքն՝ միանգամից անցում կանենք էլեկտրական տրանսպորտին»։

Բարձրահարկ շենքերի տանիքների խնդիրները լուծելու համար Զուրաբյանն առաջարկում է, որ յուրաքանչյուր տանիք դառնա եկամուտ ապահովող միավոր՝ օգտագործելով արևային էներգիան:

Ծրագրի հետաքրքիր կետերից են նախադպրոցական հիմնարկների կառուցումը, տնկարանային տնտեսության զարգացումը։

Լուսավոր Երևան

«Մենք գալու ենք ոչ միայն աշխատելու, այլև աշխատեցնելու»,- հայտարարում է «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

«Լույս» դաշինքի ծրագրային դրույթները ներառում են մայրաքաղաքի բոլոր ոլորտները։ Երևանցիներին հուզող ամենահրատապ խնդիրներից մեկը՝ տրանսպորտի խնդիրը, «Լույսն» առաջարկում է լուծել միասնական երկու օպերատորի միջոցով։ Ուղևորափոխադրման ցանցի բաղկացուցիչ մաս է կազմելու նաև նոր ճոպանուղին, որն ունենալու է և՛ զբոսաշրջային գրավչություն, և՛ հանդիսանալու է փոխադրման արագ և հարմարավետ միջոց։

«Լույսը» խոստանում է նաև ներդնել քաղաքապետարանի գործունեության թերացումների հետևանքով բնակիչներին հասցված վնասների փոխհատուցման համակարգ։ Քաղաքի միկրոկլիմայի բարելավման համար մշակվելու է համալիր կանաչապատման ծրագիր։ Պողոտաների մայթեզրերը ծառապատելու են այնպիսի տնկիներով, որոնք կկլանեն աղմուկը, մեքենաների գազային արտանետումները և կմեղմեն ամառային տապը։ Հիմնվելու է քաղաքային անտառ Երևանի հյուսիսային հատվածներում, որի նպատակն է Երևանի ապահովագրումը ջրհեղեղներից։ Իրականացնելու են Փոքր կենտրոնում դեռևս կանգուն պատմամշակութային հուշարձանների ամբողջական ռեստավրացիան, ինչպես նաև ապահովելու են «Հին Երևան» ծրագրի ամբողջական իրականացումը։ Վերականգնելու են կոյուղատար համակարգը՝ բացառելով ներթափանցումը հողային, ջրային շերտեր և բազմաբնակարան շենքերի նկուղներ։ Մշակելու են շարժական կրպակների միասնական տեսք, որը կտրամադրվի բացօթյա առևտուր իրականացնողներին՝ կարգավորելով փողոցային առևտուրը և այլն։

Հանուն Երևանի

«Չկա այնպիսի ոլորտ, որը ներառված չէ մեր ծրագրում»,- հայտարարում է ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը։

ՀՅԴ ծրագիրը շատ հավակնոտ է՝ ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ, կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը, վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, ավելացնել մետրոյի կայարանների թիվը, պահպանել և ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները, կրկնապատկել կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը, ընդլայնել մանկապարտեզների ցանցը, պահպանել Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը և այլն։

«Մենք ենք ու մեր Երևանը»

«Օրինաց երկիրը» Երևանի ավագանու ընտրություններին ներկայանում է «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով։ «Մեր կուսակցությունը ներկայացրել է մրցունակ, երիտասարդ, աշխատանքային փորձ ունեցող, լայն գիտելիքների տիրապետող, նորարարական մտածելակերպով թեկնածուների ցուցակ: Մեր ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, Երևանի խնդիրները»,- հայտարարում է քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից են նաև Ռեֆորմիստների կուսակցությունը, որը գլխավորում է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը։ Կուսակցության կարգախոսն է «Կանաչ Երևանը», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Մանուել Գասպարյանը, «Հայք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: