Հայերեն   English   Русский  

​Հայմորիտ


  
դիտումներ: 3424

Ամենահասարակ հարբուխը հղի է լուրջ բարդություններով, օրինակ` հայմորիտով:

Գրիպի, քթի լորձաթաղանթի բորբոքման, կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունը վերին ծնոտի ծոցի (հայմորյան խոռոչ) լորձաթաղանթի բորբոքումն է, որն առանց համապատասխան բուժման կարող է վերածվել քրոնիկական հայմորիտի: Այս խնդրի դեպքում հաճախ գլխացավ է զգացվում ծամելու ժամանակ, հետն էլ ցավում են ատամները:

Ախտանշանները

Կարևոր է հայմորիտը սովորական հարբուխից տարբերելն ու ժամանակին դրա բուժումը: Սկզբում կարող է հայմորյան խոռոչի շրջանում լարվածություն ու ցավի զգացում լինել ախտահարված կողմից, լորձա-թարախային արտադրություն քթից ու քթով շնչառության խանգարում: Հնարավոր է, որ դրա հետևանքով արցունքահոսություն ու լուսավախություն առաջանա, հոտառությունը թուլանա, մարմնի ջերմությունը բարձրանա, ինչպես նաև այտի ու կոպի այտուց դիտվի: Զննման ժամանակ բժիշկը հայմորյան խոռոչի հատվածում ցավ է արձանագրում, թարախային կամ լորձաթարախային արտադրություն կոկորդի հետնապատով: Ախտորոշման համար մասնագետը նշանակում է ռենտգեն հետազոտություն, որի վրա երևում է հայմորյան խոռոչի մգացած պատկերն ու նույնիսկ դրանում առկա հեղուկի, լորձի մակարդակը:

Այս հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի օգնության. հիվանդության թեթև ընթացքի դեպքում նշանակվում են անոթասեղմիչ կաթիլներ, որոնք նվազեցնում են հայմորյան խոռոչի այտուցը : Անհրաժեշտ է քթի խոռոչի լվացում իրականացնել աղային լուծույթով: Օգնում է նաև ֆիզիոթերապիան, իսկ ծանրագույն դեպքերում հակաբիոտիկներ են նշանակվում, հայմորյան խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթներով:

Տնական միջոցներ

- Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել մի քանի կաթիլ յոդ ու կես թ.գդալ աղ: Մեծ ներարկիչը լցնել այդ լուծույթով, առանց ասեղի, ապա, աջ քթանցքի մեջ անշտապ թույլ շիթով ցողել աղաջուրը, նույնն անել ձախ քթանցքի հետ, ապա քիթը դատարկել: Սա թույլ է տալիս քիթը մաքրել կուտակումներից ու նախապատրաստվել հետագա պրոցեդուրաներին:

- Դափնետերևով թրջոցներ. 30 գ դափնետերևի վրա ջուր լցնել այնքան, որ հումքը ծածկվի, ապա եռացնել: Մի քիչ հովանալուց հետո անձեռոցիկը թրջել այդ եփուկի մեջ, քամել ու դնել քթի միջնապատին, հովանալուց հետո փոխել: Թրջոցներ կատարել երեկոյան, քնելուց առաջ: Այս կերպ հնարավոր է շատ արդյունավետ մաքրել քթի խոռոչներն ու նվազեցնել բորբոքումը:

- Հալվեի հյութ. թարմ տերևների հյութը խառնել ջրին` 1:2 հարաբերությամբ ու կաթեցնել 3-ական կաթիլ յուրաքանչյուր քթանցքի մեջ օրական 2 անգամ: Հալվեի հյութը հակաբորբոքային ազդեցություն ունի:

Արդյունավետ է ինհալացիան:

Հղիների մոտ հայմորիտի առկայությունը վտանգում է ոչ միայն մոր առողջությունը: Այս դեպքում խիստ կարևորվում է վաղ ախտորոշումը, հիվանդության հայտնաբերումը: Ամենավտանգավորը հղիության առաջին ամիսներն են, քանի որ հենց այդ ժամանակահատվածում են պտղի մոտ ձևավորվում կենսական անհրաժեշտության օրգան համակարգերը: Ու շատ դեղամիջոցներ հակացուցված են հղիության պարագայում: Հետևաբար հաճախ կիրառվում են տեղային պրոցեդուրաներ: Ամեն դեպքում հատկապես հղիները պետք է մասնագետի հսկողությամբ կատարեն հայմորիտի բուժման բոլոր պրոցեդուրաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: