Հայերեն   English   Русский  

Կարեն Ասմարյան. «ժամանակակից սպորտն առանց հովանավորների հնարավոր չէ պատկերացնել»


  
դիտումներ: 3272

Սեպտեմբերի 7-9-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց վարկանիշային առաջնությունը: Հայաստան էին ժամանել բարձրակարգ թիմեր Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից: Հաղթողի կոչումը նվաճելու և վարկանիշներ ձեռք բերելու համար որակավորման ու եզրափակիչ փուլում պայքարեց 12 թիմ: Մրցաշարի հաղթող դարձավ Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Դյադկո և Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակչի դիտարժան պայքարում հաղթեց Լատվիայի Միխայլս Սամոյլուս և Մատիս Գաբդուլինս զույգին:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր թիմի մասնակցության և առաջիկա ստուգատեսների մասին:

- Պարո՛ն Ասմարյան, ի՞նչ գնահատական կտաք թիմերի և մարզիկների ցուցադրած խաղին:

- Այս տարի թիմերի խաղամակարդակն ու պատրաստվածությունը շատ բարձր էր: 12 թիմ մասնակցեց մրցաշարին, բոլորն էլ որակյալ խաղ ցուցադրեցին: Ստուգատեսից առաջ ենթադրում էինք, որ կլինեն 2-3 թույլ թիմեր, որոնք կզիջեն մրցակիցներին, սակայն, հուրախություն մեզ, ակնհայտ թույլ թիմեր չեղան: Խաղերին հետևելով` կարող եմ ասել, որ բոլորն էլ պայքարում էին հաղթանակի համար: Այդ են վկայում նաև գրանցված հաշիվները. 10 հանդիպում ավարտվեց 2:1 հաշվով, իսկ Բելառուս-Ուկրաինա խաղի երկրորդ կեսը՝ 37:35 հաշվով: Նման բան լողափնյա վոլեյբոլում հազվադեպ է պատահում: Հավասար պայքարում բարձր մակարդակով խաղերի ականատես եղանք, քանի որ մասնակիցների թվում կային Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի տուրերի հաղթողներ:

Մասնակիցները ստացան համապատասխան վարկանիշային միավորներ և մեկնեցին Բաթումի՝ մասնակցելու հաջորդ մրցաշարին:

- Հայաստանի առաջատար զույգի` Աշոտ Բալաբեկյանի և Անդրե Սիմոնիի ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

- Մեր թիմը խաղաց երկրորդ տեղը գրաված Լիտվիայի թիմի հետ և 4-րդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականի հետ: Ուժեղ թիմերի հետ հանդիպեցին տղաները: Երկու խաղում էլ, թեև արժանի դիմադրություն ցույց տվեցին, պարտվեցին: Հայաստանյան թիմերը դեռևս աշխատելու տեղ ունեն, որպեսզի կարողանան պայքարել բարձր խաղամակարդակ ունեցող ակումբների հետ և արդարացնեն սպասելիքները: Նշեմ, որ խաղային փորձն անչափ կարևոր է: Այս տարի սա տղաների 2-րդ մրցաշարն էր, իսկ մեր մրցակիցներն արդեն 20-րդ առաջնությանն էին մասնակցում:

- Պարո՛ն Ասմարյան, ՀՎՖ-ի լողափնյա վոլեյբոլի հանձնաժողովի բոլոր անդամները, կամավորները և մրցավարներն ամեն ինչ արեցին, որպեսզի մրցաշարը կայանա ամենաբարձր մակարդակով: Ցավալի է, որ պայմաններից ելնելով՝ բոլոր երկրպագուները չէ, որ կարողանում են հետևել խաղերին:

- Կազմակերպչական առումով ամեն ինչ բարձր մակարդակում էր: Առաջնության գլխավոր մրցավարը՝ Լիտվայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը, իր հաշվետվությունում բարձր գնահատական տվեց մրցաշարի կազմակերպվածությանը: Իհարկե լինում են թերություններ, որոնք մենք ընթացքում անընդհատ շտկում ենք: Բնական է` եթե կա աշխատանք, կլինեն նաև բացթողումներ: Նկատելի է, որ երկրպագուների շրջանում հետաքրքրվածություն կա մարզաձևի նկատմամբ, պարզապես պայմանները բավարար չեն, որպեսզի նրանք գան և հետևեն հանդիպումներին: Մեկ անգամ խաղերին հետևողը ցանկանում է հաջորդ անգամ ևս ներկա գտնվել: Համապատասխան տրիբունաներ են հարկավոր: Նմանատիպ մրցաշարերն ընդհանրապես մեկ կորտում չեն անցկացնում: Ամենաքիչը 2-3 կորտ է հարկավոր: Մենք երկու օրում միևնույն դաշտում անցկացրինք 22 խաղ, ինչը շատ դժվար է: Ամեն դեպքում մասնակիցները լավ տպավորություններ ունեին: Նրանք միշտ էլ Հայաստան են գալիս հաճույքով, քանի որ մենք կարողանում ենք և՛ լավ ընդունել, և՛ ճանապարհել:

Առաջնության ընթացքում ունեինք հովանվորներ («Վիվարո», «Ակվա ստանդարտ», «Էսկո-ֆարմ», «Մեդիկալ հորիզոն»), որոնք մեզ մեծապես աջակցեցին: Հուսանք, որ նրանց թիվը կավելանա, քանի որ սա մեծ մարզական տոն է, որը մենք ամեն տարի անցկացնում ենք: Առհասարակ ժամանակակից սպորտն առանց հովանավորների հնարավոր չէ պատկերացնել:

- Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրեցին ոլորտի ներկայացուցիչները: Ուրախալի է, որ հետաքրքրություն կա, և ՀՎՖ-ն ստանում է նաև պետական աջակցություն:

- Շնորհակալ ենք ուշադրության համար: Իհարկե, ցանկալի էր, որ ավելի շատ սպորտի ներկայացուցիչներ լինեին խաղերին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեզ մեծապես աջակցում է, ֆինանսավորում: Մշտապես ուշադրության կենտրոնում են պահում մեր մարզաձևը: Առաջնության լիտվացի գլխավոր մրցավարը հաճելիորեն զարմացել էր, որ եզրափակիչ խաղին ու պարգևատրման արարողությանը ներկա գտնվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Մեզ աջակցում է նաև Ազգային օլիմպիական կոմիտեն, քանի որ առաջնությունն օլիմպիական-ռեյտինգային է:

Մենք արդեն նմանատիպ առաջնությունները պատշաճ մակարդակով անցկացնելու փորձ ունենք: Հույս ունենք, որ մյուս տարի ոչ թե մեկ, այլ մի քանի կորտ կունենանք: Միջազգային կառույցներն արդեն 2-րդ տարին է՝ առաջարկում են մեզ Հայաստանում անցկացնել աշխարհի տուրեր, պարզապես պայմանները թույլ չեն տալիս: Պետք է օլիմպիական ստանդարտներին համապատասխան, առնվազն 500 նստատեղով կորտ ունենանք: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում այս հարցն էլ կլուծվի, քանի որ Հայաստանում նմանատիպ առաջնություններ անցկացնելու մեծ ցանկություն ունենք: Միջազգային կառույցները մեզ վստահում են: Նպատակ ունենք նաև կանանց լողափնյա վոլեյբելի առաջնություններ անցկացնել, քանի որ շատ հետաքրքրվողներ կան: Կանանց պայքարն առավել դիտարժան է ու հետաքրքիր: Շատ կարևոր է նաև ԶԼՄ-ների աշխատանքը: Հարկ է, որ պատշաճ մակարդակով լուսաբանեն անցկացվող միջոցառումները:

- ՀՎՖ-ն շուրջտարի աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով: Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են անցկացվելու:

- Սեպտեմբերին կանցկացնենք 14 տարեկանների դասական վոլեյբոլի առաջնություն: Նախատեսում ենք ընկերական խաղեր անցկացնել Իրանի և Վրաստանի հետ: Շուտով կվերսկսվեն նաև բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների երկրորդ փուլերը: Եվ ամենակարևորը՝ տարեվերջին կանցկացնենք մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլը, որին կմասնակցեն 9 երկրների հավաքականներ: Բացի Ադրբեջանից, կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լեհաստանի հավաքականները: Որոշում կայացվեց, որ այս տարի Հայաստանում անցկացվի առաջին ռաունդը: Մրցաշարը Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլ է, քանի որ մյուս տարի տղաները հանդես կգան այդ տարիքային խմբում: Հայաստանի հավաքականը շուտով կկազմավորվի, կմասնակցի ուսումնամարզական հավաքների: Սա մեծ իրադարձություն է, Հայաստանում նման մրցաշար առաջին անգամ է անցկացվելու: Բարձրակարգ վոլեյբոլի ականատես կլինենք:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: