Հայերեն   English   Русский  

​Դիլիջանը՝ ոչ միայն առողջարանային, այլև մշակութային քաղաք․ փորձառություններ զբոսաշրջիկների համար


  
դիտումներ: 2173

Ինչո՞վ կարող է զբոսաշրջիկը զբաղվել Դիլիջանում։ Այս հարցի պատասխանն էին փնտրում օրերս Դիլիջան այցելած լրագրողները, որոնց ներկայացվեցին «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ Դիլիջանում ստեղծված զբոսաշրջային փորձառությունները։ Դրանք կոչված են քաղաքն առավել գրավիչ դարձնել և խթանել մշակութային զբոսաշրջությունը։

Կճուճիկ, եփվիր

Դիլիջանում գործող «Կճուճ» ռեստորանը թերևս շատերին է հայտնի։ 13 տարի ԱՄՆ-ում ապրած և ռեստորանային բիզնեսի ոլորտում աշխատած Վարդա Ավետիսյանը հինգ տարի առաջ որոշեց, որ ցանկանում է հայրենիք վերադառնալ և հաստատվել Դիլիջանում։ Նա պատմում է, որ շուրջ երկու տարի փնտրտուքների մեջ էր, որոշ ժամանակ հանրային միջոցառումների սննդի մատակարարմամբ էր զբաղվում։ Այդ ժամանակ էլ որոշում է իրագործել փոքրիկ ռեստորան ունենալու իր երազանքը։ Ռեստորանը ստեղծելիս հաստատ գիտեր՝ այն պետք է փուռ ունենա, որում կպատրաստվեն մատուցվող ուտելիքները։ Ռեստորանի ողջ կոնցեպտը կառուցվում է այս գաղափարի շուրջ։ Պատմում է, որ փռում ուտեստներ պատրաստելու երկու եղանակ կար՝ չուգունե և կավե ամաններով։ «Քանի որ ես սիրում եմ երկար պատրաստվող ուտեստներ, ընտրեցի կավե կճուճը»,- ասում է Վարդան ու հավելում, որ այդ կոնցեպտից էլ առաջ եկավ ռեստորանի անվանումը։ Հիշում է, որ բոլորը դեմ էին նման անվանմանը՝ պատճառաբանելով, որ այն դժվար է արտասանվում:

Վարդան հիշում է, որ ռեստորանը հիմնելիս նաև խրախուսանքներ չէր լսում, բոլորը զարմանում էին, որ ուզում է Դիլիջանում ռեստորան բացել, հարցնում էին, թե ով պետք է Դիլիջանում ռեստորան հաճախի։

Վարդան, սակայն, չի հուսահատվում, խորհրդակցում է ազգագրագետների հետ, հավաքում է ազգային կերակրատեսակներ, դրանք վերաձևում՝ համադրելով ժամանակակից սննդային և համային նախընտրությունների հետ և գործարկում ռեստորանը։ Եվ հակառակ ակնկալիքներին՝ «Կճուճը» հաջողություն է ունենում առաջին իսկ ամսից։

Մեկնաբանելով իր հաջողության գրավականը՝ Վարդան ասում է, որ գաղտնիքն իր գործը սիրով անելն է։ Նշում է, որ երբ ամեն ինչ անում ես այնպես, ինչպես ինքդ քեզ համար կանեիր, հաջողությունն այլընտրանք չունի։

Ձեռնարկից երկուսուկես տարի անց Վարդան ևս 3 ռեստորան գործարկելու գաղափար ունի, որոնցից երկուսը՝ Դիլիջանում։ «Լոշ» ռեստորանն արդեն գործում է, իսկ «Թավան» շուտով կսկսի գործել։ Այստեղ ևս ուտեստները պատրաստվում են փռան մեջ։ «Լոշում» բոլոր բաղադրատոմսերի հիմքում լոշիկն է, իսկ ահա «Թավայում» ուտեստները պատրաստվելու են բացառապես չուգունե թավաներով։

Ուշագրավ է, որ բոլոր ռեստորաններում սկզբունք է բացառապես տեղական մթերքներ օգտագործելը։ Վարդայի խոսքով՝ այս հարցում լուրջ դժվարություններ են ունենում, քանի որ տեղական շուկան պատրաստ չէ բավարարել մեծ սպառողներին։ «Հիմա անընդհատ մթերքի խնդիր ունենք»,- ասում է նա։

Անդրադառնալով ամենապահանջված ուտեստներին՝ Վարդան ասում է, որ զարմանալիորեն դրանք այն ուտեստներն են, որոնք կասկածանքով են կերակրացանկում ընդգրկել՝ համարելով ռիսկային։ «Օրինակ՝ ամենապահանջվածը ոչխարի միսն է՝ եփված մեղրով և սալորաչրով։ Մյուս ամենաշատ պահանջվածը հորթի մաչան է կճուճի մեջ՝ եփված լոլիկով և շատ սխտորով»,- ասում է նա։

Իսկ այս ամռանը «Կճուճի» և «Իմ Հայաստանի» համագործակցության արդյունքում գործարկվել է «Կճուճիկ, եփվիր» ծրագիրը։ Այն ռեստորանի հյուրերին հնարավորություն է տալիս դառնալու իրենց պատվիրած սննդի պատրաստման մասնակիցը։

Վարդան ասում է, որ հյուրերը սովորաբար շատ են հետաքրքրվում, թե ինչպես է պատրաստվում իրենց կերակուրը, ինչպես է գործում փուռը։ Փորձառությամբ ևս շատերն են հետաքրքրված, միայն թե, որպես կանոն, Դիլիջան գալիս այցելուները սուղ ժամանակ են ունենում՝ չհասցնելով մասնակցել փորձառությանը։ Վստահ է՝ իրազեկման աշխատանքների արդյունքում Դիլիջան այցելող զբոսաշրջիկներն ավելի շատ ժամանակ կնախատեսեն քաղաք այցելության համար՝ նկատի ունենալով նաև «Կճուճիկ, եփվիր» փորձառությունը։

Պատրաստված է Դիլիջանում

Դիլիջան

Դիլիջան այցելող զբոսաշրջիկները կարող են որակավորված ուղեկցորդների ուղեկցությամբ քայլարշավային տուրեր ունենալ Դիլիջանում՝ ծանոթանալով քաղաքի նյութական և ոչ նյութական ժառանգությանը՝ ճարտարապետությանը, պատմությանը, ավանդապատումներին և այլն։ Քաղաքային շրջայցի ծրագիրն «Իմ Հայաստանի» աջակցությամբ իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների զարգացման կենտրոն» ՀԿ-ն։

ՀԿ-ի ղեկավար Արթուր Ղազարյանը պատմում է, որ մշակել ու տպագրել են Դիլիջանի ինֆորմացիոն քարտեզ՝ նախատեսված քաղաքի այցելուների համար։ ՀԿ-ի մասնակցությամբ գործարկվել է նաև Tourism GeAr բջջային հավելվածը, որը ինտերակտիվ քարտեզի ու ինֆորմացիոն մեծ բազայի շնորհիվ լավ կողմնորոշիչ է Դիլիջան այցելող զբոսաշրջիկների համար։

«Դիլիջանի երիտասարդների զարգացման կենտրոն» ՀԿ-ն սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում գործարկել է նաև «Արմենեկոոպ» կարի արտադրամասը, որտեղ

Դիլիջան

պատրաստվում են Դիլիջանը խորհրդանշող որակյալ հուշանվերներ։

«Արմենեկոոպի» ղեկավար Աիդա Աթաբեկյանի խոսքով՝ յուրաքանչյուր վայր այցելող զբոսաշրջիկ ցանկանում է այդտեղից սիմվոլիկ հուշանվեր տանել, մինչդեռ նախկինում Դիլիջանում որևէ հուշանվեր չէր արտադրվում, միայն վերավաճառք էր իրականացվում։ Ուստի որոշում են հուշանվերների արտադրություն սկսել՝ ստեղծելով այնպիսի իրեր, որոնք նաև կիրառական նշանակություն կունենան։ Հիմա Դիլիջանի այցելուներին հասանելի են քաղաքի խորհրդանշական պատկերներով կտորից պատրաստված էկո պայուսակներ և մատիտակալներ։

Երազանքներիդ զարդը՝ քո ձեռքերով

Դիլիջան

Դիլիջանում զբոսաշրջիկին սպասող մեկ այլ փորձառություն է «Բուդուարտ» արվեստանոց և ցուցասրահ այցելությունը։ XIX դարով թվագրվող կոլորիտային շենքում ամուսիններ Մարգարիտա Մալխասյանը և Արման Բադեյանը ստեղծել են «Բուդուարտ» արվեստանոցը և ցուցասրահը։

Այցելուները կարող են նախորդ դարերը խորհրդանշող կենցաղային իրերով ձևավորված ցուցասրահում ծանոթանալ վարպետների ձեռքի աշխատանքներին՝ փայտից, կավից, խեցեղենից, մետաղներից, ինչպես նաև գեղանկարներին, բատիկ արվեստին և այլն։

Ուշագրավ է, որ ցուցասրահի այցելուներին պատվավոր դիրքից դիմավորում է Ստալինի դիմանկարը։ Մարգարիտան պատմում է, որ այն իրենց է նվիրել քաղաքի տարեց բնակիչներից մեկը։ Երբ նկատել են, թե գերմանացի զբոսաշրջիկներն ինչ հետաքրքրություն են ցուցաբերում հեռու անկյունում դրված դիմանկարի հանդեպ, այն ցուցասրահի

Դիլիջան

կենտրոնական մաս են տեղափոխել։

Ցուցասրահում շրջելուց և գնումներից հետո կամ առաջ այցելուները հնարավորություն ունեն նաև վարպետության դաս ստանալու մասնագետներից՝ ինքնուրույն ստեղծելով գեղանկար, բատիկ արվեստ կամ պղնձե զարդեր։

Նպատակը մշակութային զբոսաշրջությունը խթանելն է

«Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանն ասում է, որ իրենց նպատակն է զբոսաշրջային գրավչություն ունեցող բնակավայրերում ստեղծել փորձառությունների կրիտիկական քանակ, որպեսզի այցելուներն ունենան ընտրության հնարավորություն, ինչն էլ կհանգեցնի նրան, որ այդ վայրերում շատ ժամանակ և գումար կծախսեն։

«Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է հզորացնել մարզերում ապրող մարդկանց գիտելիքները և ստեղծել տուրիստակենտրոն փորձառություններ` խթանելու մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում»,- ասում է նա։

Ծրագիրն իրականացվում է Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: