Հայերեն   English   Русский  

​ԷՐԳՐԻ ՑԱՎԸ


  
դիտումներ: 2249

Բազմիցս եղել եմ Էրգրում: Հազարավոր մարդկանց եմ ուղեկցել հայոց պատմական վայրերով: Հաճախ եմ տեսել հային արտասվելիս, երբ հայոց եկեղեցիների ավերակները կամ մեր եկեղեցիների գմբեթին կիսալուսին է տեսել: Դեռ չեմ հանդիպել հայի, որ արտասվեր կորսված հայրենիքի համար…

Կրկին Արևմտյան Հայաստան, կրկին հայոց կորուսյալ հայրենիք, կրկին հակասական զգացողություններ… Պատմական հայրենիք, ուր հուզական մարդու հոգում հաջորդում են հպարտությունը, ցավը, բերկրանքը, ամոթը:

Այս այցս փոքր-ինչ տարբերվում էր նախորդներից: Անցած տարիներին այնտեղ հանդիպած հայերի հետ նախապես պայմանավորվել էի տեղում կրկին հանդիպել, երկար զրուցել:

Ջիվանու ծննդավայրում՝ Ջավախքի Կարծախ գյուղի մատույցներում, մի հրաշագեղ լիճ կա՝ Խոզաբույն տարօրինակ անվամբ: Հավանաբար, վայրի խոզեր շատ կան լճի ափի շամբուտներում: Գեղեցիկ, բարձր լեռնային այդ լիճը Վրաստանի և Թուրքիայի սահմանաբաժանն է: Ափսոսանքով ու սրտի կսկիծով անցնում ես լճի կողքով, հատում վրաց-թուրքական սահմանն ու հայտնվում Թուրքիայի Հանրապետության Արդահանի մարզում:

Սահմանից մինչ առաջին քաղաքային բնակավայրը՝ Չլդր, մեքենայով 15 րոպեի ճանապարհ է: Դեռ անցած տարի ճանապարհն անցնում էր փոշոտ ու քարքարոտ դաշտի միջով: Այս անգամ մեր մեքենան սահուն ու արագ անցավ ասֆալտապատ, լայն ու գեղեցիկ նորակառույց ճանապարհով:

Չլդրը փոքրիկ քաղաք է: Քաղաքից ոչ հեռու է գտնվում լեռնային գեղեցկուհին՝ Չլդրի լիճը, որ հայոց աղբյուրներում հայտնի է Ծովակն հյուսիսո, Ցեյլի լիճ անուններով: Լեռնային այս գեղեցկուհին տասն անգամ փոքր է Սևանից: Ձկնառատ է, ձմեռն ամբողջովին սառչում է, և այստեղ թուրքերը հաճախ են մրցումներ ու ձմեռային փառատոներ կազմակերպում: Գեղեցիկ ու հարուստ է լճի կենդանական աշխարհը. բադակտուցներ, բադեր, ձկնկուլներ, անգամ լուսնահավ…

Լիճը շրջանցեցինք հարավից և դուրս եկանք Կարսի սարահարթ: Հայոց հնամենի մայրաքաղաքն այս անգամ էլ մեզ դիմավորեց դժգույն, փոշոտ, ծուռումուռ փողոցներով:

Տխուր է Կարսում: Հպարտանալու գրեթե ոչինչ չի փոխանցում մեր պատմությունը: Կարսի անկման տխուր պատմությունը պատմում եմ որպես դաս իմ ուղեկիցներին, պատմում եմ Կարսի ամոթալի ու խայտառակ պայմանագրի մասին ու որպես սփոփանք հիշում 1054 թ. Կարսի պարիսպների տակ Թաթուլ Բագրատունի սպարապետի տված ջարդը սելջուկների Տուղրիլ բեկ զորավարին:

Ապա Չարենց ենք արտասանում նրա ենթադրյալ տան մոտ ու կրկին չենք նկատում, որ հնամենի հայոց մայրաքաղաքում հյուր ենք սոսկ, չենք նկատում Կարուց բերդի գլխին ծածանվող թուրքական կարմիրը, բայց անմիջապես հոգոց ենք հանում՝ Առաքելոց վանքի գլխին շողացող կիսալուսինը տեսնելով:

Մինչև ե՞րբ չպետք է կարողանանք զատել կարևորն անկարևորից:

Եղանք նաև Անիում: Հարուստ, ճոխ Անին անգամ ավերված վիճակում հիասքանչ է: Բայց Անին ցավից ճչում է աշխարհի անօրինության դեմ, ճչում է վիրավորանքից… Հայոց մայրաքաղաքը ծախած Պետրոս Գետադարձ կաթողիկոսն այսօր էլ մեր եկեղեցու նվիրապետական դասում է: Այսօր էլ չի տրվում նրա գնահատականը: Անին ճչում է վիրավորանքից… Նրա փառքի տաճարները հիմա խոնարհված են: Պարիսպների գլխավերևում ծածանվում է թուրքական դրոշը, իսկ հայն այցելում է իր հնամենի մայրաքաղաք, միայն մոմ վառում, լայն ժպիտով լուսանկարվում համացանցի համար ու գոհ իր զբոսաշրջիկի կարգավիճակից՝ վերադառնում:

Կարսում հանդիպեցի շրջակա գյուղերում բնակվող մի քանի հայերի: Նստեցինք, երկար զրուցեցինք: Ասում են՝ իրենց գյուղում ամենքը գիտեն իրենց հայ լինելու մասին, հանդես են գալիս բաց ինքնությամբ, բայց միևնույն է, վախենում են, որոշակի քամահրանք կա հայի և հայության նկատմամբ: Կարսում ուժեղ է թուրք-ադրբեջանական տարրը: Հրաժեշտ տվեցինք իմ հյուրընկալներին և առավոտ կանուխ շարժվեցինք դեպի Տայք:

Տայոց աշխարհը չքնաղ է. խրոխտ լեռներ, լեռների մեջ ծվատած գյուղեր՝ կանաչ օազիսներ, հայոց վանքեր, բերդեր, Թորթումի փիրուզագույն լիճն ու Թորթումի հսկա ջրվեժը, որ 70 մետր բարձրությունից շառաչյունով գահավիժում է: Այն ամենամեծն է Արևմտյան Հայաստանում:

Այցելեցինք Օշկվանք, Բանակի տաճար: Միջնադարյան հայկական հրաշակերտ այս կոթողները պատկառանք ու վեհություն են ներշնչում: Օշկվանքը վերանորոգվում է: Թուրքիայի կառավարությունն այն հանձնել է Վրաստանին:

Հայ քաղկեդոնական տաճարները համարվում են վրացական: Մեր եկեղեցու վարած ապաշնորհ, ապազգային քաղաքականության արգասիքը:Քաղկեդոնական հայերին մենք օտարեցինք մեզնից, վրացիները գրկաբաց ընդունեցին:

Տայքը հզոր իշխանություն էր մինչև 1001 թվականը: 1001 թ. բյուզանդացիները թունավորում են Տայքի Դավիթ Կյուրոպաղատ իշխանին ու երկրամասը կցում կայսրությանը: Ապաշնորհ Գագիկ Ա արքան մատ մատի չտվեց հայոց այս երկրամասն իր թագավորությանը միավորելու համար: Այնտեղ ասես հայեր չէին բնակվում, քաղկեդոնականներ էին… Եվ XI դարից Տայքը հայոց քաղաքական կյանքից հիմնականում դուրս մնաց:

Տայքից անցանք հայոց Կարին՝ հիմնականում թուրքերով բնակեցված քաղաք: Այցելեցինք հայկական եկեղեցի, Կարնո բերդը տեսանք, դաշնակցության գրասենյակը, որ թուրքերը Շեյթան Սարայ են կոչում, ապա Բարձր Հայքից իջանք Մշո դաշտ: Սուլուխի կամուրջ այցելեցինք: Արածանիի ջրերը հանդարտ հոսում են՝ կարծես մրմնջալով Գևորգ Չաուշի երգը…

- Ելիր Գևորգ, ելիր, դուշմանը շատ է…

Տեսնես ի՞նչ բառեր են եղել հերոսի շուրթերին վերջին պահին:

Երբ թուրքերը գտել են Գևորգի դին, այն տարել են Մուշ, դրել քաղաքի կենտրոնում ու զինվորական պատիվներով թաղել: Տեղի հայերը հայոց ավերված գերեզմանատանը ցույց են տալիս Չաուշի գերեզմանը: Դատը շահել են, այն վերանորոգելու իրավունք են ձեռք բերել:

Մուշ… Այսօր էլ բազում հայեր են ապրում այստեղ: Շատերն իրենց ինքնությամբ են հանդես գալիս: Ընթրեցինք հայի ռեստորանում: Լայն ժպիտով դիմավորեց մեզ՝ բարի գալուստ…

Մուշի հայերն այստեղ միություն ունեն, գրասենյակը քաղաքի կենտրոնում է:

Իսկ ավելի ուշ այցելեցի Սասնա գյուղերից մեկը: Հայի ընտանիք էր՝ շեն, բարեկեցիկ: Առատ սեղան բացեցին: Երկար խոսեցինք: Ցավ, տառապանք, պայքար, անելիքներ, անելիքներ… Ասում են՝ շատ հայեր են բնակվում, բայց դեռ վախենում են իրենց ինքնության մասին բացահայտ խոսել: Սակայն բոլորն այստեղ գիտեն, թե ով է հայ, ով՝ քուրդ կամ չերքեզ:

Տեղի հայերը հավաստում են, որ Մուշում հայերի թիվն անցնում է 10 հազարը:

Երկար ու ձիգ ճամփան մեզ տանում է դեպի Աղձնիք աշխարհ՝ Հայոց Միջագետք: Դիարբեքիրն իր 1,200,000 բնակչությամբ Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաքն է: Քաղաքը մ.թ.ա. VI դարում կառուցել է հայոց զորեղ արքա Տիգրան Երվանդյանը:

Դիարբեքիրում հանդիպեցինք Կարոտ Սասունյանին: Կարոտը սասունցի է, տեղափոխվել է Դիարբեքիր, այստեղ նկարչության դասեր է տալիս: Խոսում է հայերեն: Լայն ժպիտով նկատողություն արեց.

- Դիարբեքիր չէ, Տիգրանակե՛րտ է…

Կարոտը մեզ ուղեկցեց Հին քաղաք, Երվանդյան արքայի Տիգրանակերտի պարիսպների վրա հայոց նշանագրերը ցույց տվեց, ապա մեզ առաջնորդեց Ուլու Ջամի՝ Մեծ մզկիթ:

Հոյակերտ կառույց: Այն, դատելով վրայի նշանագրերից, ժամանակին հայոց հեթանոսական տաճարային համալիր է եղել՝ նվիրված Վահագնին, Աստղիկին, Միհրին, Անահիտին: Պահպանվել են կրկնահարկ մարմարյա սյուները, հսկա բազիլիկ սրահը, խաղողի, նռան պատկերաքանդակները:

- Կարո՛տ, դու քրիստոնյա՞ ես, թե՞ իսլամ:

Երևի հարցս անակնկալ չէր Կարոտի համար: Անվրդով պատասխանեց.

- Ո՛չ քրիստոնյա եմ, ո՛չ էլ իսլամ: Չեմ պաշտեր ո՛չ Հիսուսին, ո՛չ էլ՝ Մուհամմեդին: Իմ կրոնքը հայրենիքս է՝ Հայաստանը:

Ինչպե՞ս չհիանալ այս անձնվեր հայով, որ իր հայրենի հողին կառչած՝ հայ է մնացել և հայություն է քարոզում, տարածում:

Կարոտին հրաժեշտ տվեցինք ու կարոտած առաջ գնացինք՝ հաղթահարելով Հայկական Տավրոսի լեռները, այցի գնացինք հայոց աստվածների արձաններին Նեմրութի դիցարանում:

Մ.թ.ա. 1-ին դարում Կոմմագենեի Անտիոքոս Մեծ Երվանդունի արքան իր տոհմի փառքը հավերժացնելու համար տոհմական դամբարան ու հայոց աստվածների պանթեոնն է կանգնեցրել:

Մեր հզոր աստվածների արձանները գլխատված, բայց դարձյալ վեհ են: Հազարամյակների հեռվից նայելով այցելուներին՝ նրանք ասես պարսավանքով հարցնում են.

- Ինչու՞, ե՞րբ և ինչպե՞ս սխալվեցիք… Մեր աստվածային, արարչական հողն ինչո՞ւ հանուն խաչի լքեցիք ու օտարեցիք: Ինչո՞ւ տեր չկանգնեցիք մեր ժառանգությանը, ինչո՞ւ…

Հարցեր, որ երևի թե ամեն մի գիտակից հայի են ուղղված:

Դեպի արևելք ենք շարժվում: Նախքան Վասպուրական աշխարհ հասնելը Վիլյամ Սարոյանի ծննդավայր Բաղեշ մտանք: Քաղաքի վրա հսկում է հսկա, բարձր պարիսպներով բերդը: Ասես սև ու ահարկու ստվեր լինի: Խորհում եմ տխուր. նման բերդեր ունեցողն իրավունք ունե՞ր լքել իր երկիրը:

Փոքր-ինչ ազատ ժամանակ ունեինք: Բաղեշի մերձակայքում մտանք Ջումուրթա Թեփե գյուղը: Հին հայկական անունը Բաբշեն է: Գյուղամիջում հայկական բազիլիկ եկեղեցի կա: Արտաքին անխնամ շարվածքից դատելով՝ վաղ միջնադարյան կառույց է, որ ուշ շրջանում հիմնավերանորոգվել է: Բարավորի վրա աչքի էր ընկնում հրեշտակի պատկերաքանդակը: Եկեղեցին փակ էր, ում մոտ էր բանալին՝ չասացին:

Մտանք մեկ այլ հայկական գյուղ՝ Փոր: Դարձյալ բազիլիկ եկեղեցի, պատերն ամբողջովին խաչազարդած: Եկեղեցու շրջակայքում մոտ 3 մետր բարձրությամբ խաչքարեր կան: Լուսանկարեցինք: Գյուղում բնակվող քրդերը հավաքվել ու հետաքրքրությամբ նայում էին:

Կոնֆետներ բաժանեցինք քուրդ երեխաներին, խլում էին իրար ձեռքից…

Հարկավոր է այս եկեղեցին ընդգրկել դեպի Արևմտյան Հայաստան կազմակերպվող երթուղիներում: Պետք է շահագրգռել տեղացիներին, դա կնպաստի եկեղեցու պահպանմանը:

Նեմրութի խառնարան բարձրացանք: 2500 մետր բարձրության վրա գտնվող հրաբուխը վերջին անգամ ժայթքել է 1692 թվականին: Նեմրութը և նրանից ցած գտնվող Գռգուռ լեռը եղել են հայ ֆիդայիների ձմեռային կայանատեղիները: Նեմրությում թևածում են Աղբյուր Սերոբի, Արաբոյի, Գևորգի ոգիները…

Նեմրութից չքնաղ տեսարան է բացվում՝ Վանա լիճը Սիփան սարով: Լճի արևմտյան ափին փռված է Բզնունիների, ապա նաև Ռշտունիների և Արծրունիների ամառանոցային դաստակերտը՝ Դատվանը: Գիշերեցինք այստեղ:

Մեր հաջորդ օրվա ուղին Վասպուրական աշխարհով էր: Այցելեցինք հայոց առաջին մայրաքաղաք Հայկաբերդ: Հայոց փառքն ու ինքնությունը փաստող այս քաղաքը որպես մայրաքաղաք չի հիշատակվում մեր դասագրքերում: 12 մայրաքաղաքների մասին անհեթեթ ու կեղծ տեսությունն է հրամցվում սերունդներին:

Հայկյան պատգամն էլ մոռացության ենք տվել. «Արդ, եկեք մեր զորությունը տանք մեր բազուկներին»:

Արդեն 1500 և ավելի տարի առաջնորդվում ենք անիմաստ նահատակության գաղափարով: Այդ պատճառով էլ Խոշաբի նման զորեղ ու անմատույց 400 բերդ ունեցող Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորն իր երկիրն առանց կռվի հանձնեց Բյուզանդիային ու տարագրվեց:

Քանի-քանի նման զորեղ ամրոցներ կան Վասպուրականում…

Անցանք Կավաշով, Արտամետով…

Մենուա արքայի կառուցած 3000-ամյա ջրանցքի մոտով շարժվեցինք Վան: Այստեղ ուխտի գնացինք Արարատյան արքաների ժայռափոր դամբարանը, Վանա բերդի բարձունքից հպարտությամբ նայեցինք Վանի Քաղաքամեջ թաղամասին… 1915-ին հայերն այստեղ փառահեղ դաս տվեցին թուրքերին, բայց…

Այցելեցինք նաև Գագիկ Արծրունի արքայի կառուցած հրաշքը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի: Ինչեր ասես չեն տեսել քանդակազարդ այս պատերը: Ի՞նչ են հուշում մեզ այժմ նրանք…

Վարագավանքում, չնայած զգուշացումներին, որ մոմի մուրը փչացնում է առանց այն էլ վատ վիճակում գտնվող որմնանկարները, մոմ վառեցինք ու վերադարձանք Վան գիշերելու:

Մյուս օրն այցելեցինք Ագռավաքար՝ Մհերի Դուռ: Մհերն անհաղորդ է: Մհերը լուռ է… Նա չի ուզում ճեղքել Ագռավաքարի ժայռերն ու դուրս գալ: Մենք ուրացել ենք Մհերին, Մհերը խռով է մեզնից:

Դեպի թուրք-վրացական սահման մեր ճամփան անցնում է Բայազետով: Հայոց պայազատների քաղաքը երկու տեսարժան վայր ունի՝ Իսահակ փաշայի պալատը և Դարոյնքի բերդը: Երկուսն էլ քաղաքի վերին՝ հայկական Զանգեզուր թաղամասում են:

Թվում է՝ Ամեհի բերդը պետք է հույս և ուժ ներշնչեր հային: Բայց, բայազետցին, որ հանուն ռուսական շահերի բազմիցս զենք ճոճեց թուրքի դեմ, 1915 թ. իր իսկ պատվի, արժանապատվության համար զլացավ զենք վերցնել, զլացավ բերդ բարձրանալ… Այժմ Դարոյնքի բերդն ու Զանգեզուր թաղամասի հայոց տների ավերակները այցելուներից սոսկ հոգոց են կորզում:

Էրգիրը ցավից տնքում էր, Էրգիրը ցավից խուլ հառաչում էր. ինչո՞ւ, մինչև ե՞րբ պետք է անարդարություն տիրի աշխարհում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: