Հայերեն   English   Русский  

​ Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում


  
դիտումներ: 30450

Հունվարի 18-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիմելով ներկաներին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձավ 25-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածները Ադրբեջանի կողմից, ի պատասան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումների, Արցախում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում կազմակերպած և իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության փուլերից մեկն էր: Արամ Գրիգորյանը կարևորեց, որպեսզի տեղի ունեցած այդ վայրագությունները մասնավորապես և ադրբեջանական ագրեսիան` ընդհանրապես, համապատասխան գնահատականի և դատապարտման արժանան միջազգային հանրության կողմից:


Այնուհետև Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որից հետո բոլոր ներկաները տեղափոխվեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: Հոգևոր հովիվը, ընդգծելով տեղի ունեցած վայրագությունների անհարիրությունը քրիստոնեական արժեքներին, հույս հայտնեց, որ այդ գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար:

Ներկաները հարգեցին նաև հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման վերջում ծաղկեպսակներ զետեղվեցին խաչքարի առջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: