Ադրբեջանում լրագրողի սպանության մեջ իշխանություններին մեղադրած ակտիվիստին ազատազրկման են դատապարտել
Վերջինս մեղադրվում է խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դատախազն ավելի վաղ առաջարկել է վերջինիս դատապարտել 7 տարվա ազատազրկման: Փաստաբանը Բախըշլըին ազատ արձակելու խնդրանքով է հանդես եկել:
Օրհան Բախըշլը ձերբակալվել է սույն թվականի մայիսի 6-ին: Ոստիկանությունը, իբրև թե, նրա մոտ 6 գր հեոյին է հայտնաբերել: Ընդդիմադիր ակտիվիստը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ հենց ոստիկաններ են իր մոտ թմրանյութ գցել:
Ձերբակալությունից մի քանի օր առաջ՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրող Էլմար Հուսեյնովի գերեզմանի մոտ Օրհան Բախըշլըն վերջինիս սպանության մեջ մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին: Ըստ նրա գործընկերների՝ հենց դա էլ եղել է Բախըշլըի ձերբակալության պատճառ:
Իրավապաշտպանները ընդդիմադիր ակտիվիստին ճանաչել են որպես քաղբանտարկյալ: