Հայերեն   English   Русский  

Ամբոխին ներշնչվում է, որ ինքն է որոշում կայացնում, սակայն դա ամենալկտի սուտն է. 7 or.am


  
դիտումներ: 630

Ապրիլ և մայիս ամիսներին արձանագրվեց համաժողովրդական շարժում և զարթոնք: Մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ չէին ուզում ապրել հին ձևով և չէին պատրաստվում հանդուրժել քաղաքական մենաշնորհը:

Այդ զարթոնքն ու շարժումն իրենց մասշտաբներով ու մարդկանց ներգրավվածությամբ համադրելի էին 1988-ին սկիզբ առածի հետ:

88-ի հաշվեկշիռը

88-ի շարժման ակտիվում ունենք անկախ պետության ձեռքբերում և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ: Սրա կողքին ունենք նաև լուրջ բացթողումներ: Հենց այդ բացթողումների և տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք էր այս տարի տեղի ունեցած հեղափոխությունը: Ու որպեսզի մենք հետագայում չստանանք այնպիսի պատկեր, ինչպիսին որ ստացանք 88-ի շարժման հաղթանակից քիչ անց, անհրաժեշտ է դասեր քաղել մեր իսկ պատմությունից, ինչպես նաև այլ ժողովուրդների անցած ուղուց:

Հիշեցնենք, որ 88-ի շարժման արդյունքում ավելի քան 80 տոկոսով նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հրաժարականը պահանջում էին նրա նախագահ դառնալուց ընդամենը մեկ տարի անց:

30 տարի անց. սովորել ուրիշների սխալների վրա

Մայիսին մենք հնարավորություն ենք ստացել ձևավորել ժամանակակից պետություն, որը նշանակում է զսպումների և հակակշիռների մեխանիզմով գործող քաղաքական համակարգ, անկախ դատական իշխանություն ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ:

Հրապարակը լցրած լայն զանգվածները կարող են վերածվել ժողովրդավարական արժեքներով ապրող հասարակության, բայց կարող են նաև վերածվել ամբոխի՝ դառնալով պետության թուլացման ու տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգի ձևավորման հումք:

Զանգվածների ամբոխացումից պետք է ամեն գնով խուսափել, քանզի դրա բացասական հետևանքները տեսել ենք և՛ ֆաշիստական Գերմանիայում, և՛ բոլշևիկյան Ռուսաստանում:

Ամբոխի կործանարար ազդեցության և իռացիոնալ էության մասին բազմաթիվ աշխատություններ կան: Այնպիսի համաշխարհային մակարդակի հեղինակներ, ինչպիսիք են Լե Բոնը, Տարդը, Ֆրեյդը, Մոսկովիչին, Խոսե Օրտեգա-Ի-Գասետը, Տոքվիլըտարբեր տեսանկյուններից ներկայացրել են ամբոխի հոգեբանությունը և բնույթը: Տարբեր են նրանց ուսումնասիրությունների շերտերը, բայց ընդհանուրը բոլորի մոտ այն եզրահանգումն է, որ ամբոխները առաջնորդվում են հուզականությամբ, դրա մաս կազմող մարդկանց սեփական «ես»-ի կորստով: Ամբոխն իր էությամբ հանցավոր է և անպատասխանատու:

Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել: Ամբոխին խոստանում են երկրային դրախտ,սակայն տանում դեպի դժոխք (այդ մասին ամբոխն իմանում է հետագայում, բայց արդեն ուշ է լինում):

Ամբոխը նման է չարաճճի երեխայի կամ հեշտ գայթակղվող կնոջ: Երեխան ամբոխի մեջ արթնանում է, երբ պետք է չմտածված ձևով ջարդել ու փշրել, իսկ կինը՝ երբ անհրաժեշտ է ինքնախաբեությամբ զբաղվել:

Ամբոխը միշտ կուռք է պահանջում: Առանց կուռքի այն ընկնում է դեպրեսիայի գիրկը և հայտնվում վախերի մեջ: Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Կռապաշտությունը մազոխիզմի, իսկ ամբոխի օգտագործումը սադիզմի դրսևորումներ են:

Ամբոխահաճո իշխանությունների գլխավոր զենքը պոպուլիզմն է ու դեմագոգիան:Ամբոխին հատուկ է ոչ թե մտածելը, այլ գործելը՝ պարզունակ հրահանգների ազդեցության տակ:

Ամբոխին ներշնչվում է, որ ինքն է որոշում կայացնում, սակայն դա ամենալկտի սուտն է: Ամբոխը կառավարման օբյեկտ է և երբեք չի կարող վերածվել սուբյեկտի, այսինքն՝ որոշումներ կայացնողի:

Ամբոխին խոստացվում է պայծառ ու երջանիկ ապագա, որին հասնելու համար հորինվում են հեքիաթներ ու միֆեր՝ «Բարի իշխանություն և չար հակառակորդներ» թեմայով: Ամբոխին խաբում են, թե կյանքը շատ արագ կլավանա, եթե ոչնչացվեն ներքին կամ արտաքին թշնամիները: Եթե թշնամիներ չկան, ապա դրանք հորինվում են, դեմոնիզացվում և նետվում ամբոխի «բերանը»:

Ամբոխի շարժիչ ուժը ատելությունն է: Լյումպեն-պրոլետարիատը չի կարող սիրել կամ հանդուրժել. պատրանքներ պետք չէ ունենալ:

Ամբոխը չի սիրում ճշմարտությունը: Դա է պատճառը, որ ամբոխին կամ խաբում են, կամ էլ ճշմարտությունը մատուցում «ջրով բացված» վիճակում՝ այն ներկայացնելով որպես «բարձր թնդության խմիչք»:

Ամբոխի հիմնական հատկանիշներից մեկը կուռքերի ստեղծումն ու տապալումն է: Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ամբոխը սկզբում կուռք էր դարձրել ժիրոնդիստներին: Հետո նրանց ղեկավարությանը գլխատեցին: Եկան յակոբինյան ակումբի ներկայացուցիչները: Ամբոխի սիրելիներ էին դարձել Մարատը, Դանտոնը և մյուսները, սակայն Մարատը դանակահարվեց, իսկ քաղաքական հակառակորդներին գիլյոտինի տակ ուղարկող Դանտոնը վերջում հայտնվեց նույն գիլյոտինի տակ՝ իր հեղափոխական ընկերներ Ռոբեսպիերի, Սեն Ժյուստի ու մյուսների ձեռքերով: Հետո եկավ Ռոբեսպիերի փուլը:

Ամբոխը սիրում էր Ռոբեսպիերին ողջունում նրա՝ հակառակորդներին գլխատելու որոշումները: Շատ չանցած նույն ամբոխի կողմից հակահերոս հռչակվեց Ռոբեսպիերն ու գլխատվեց: Բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում այս հեղափոխական սխեման անշեղորեն գործել է: Հայաստանը նման հորձանուտի մեջ հայտնվելու իրավունք չունի:

Մեր անելիքը

Մենք պետք է ուրիշների ու սեփական պատմությունից սովորենք ու հետևություններ անենք՝ թույլ չտալով զանգվածների ամբոխացում: Մենք մայիսին մերժել ենք քաղաքական մենաշնորհը և անձնիշխանությունը, այլ ոչ թե խնդիր ենք դրել նոր մենաշնորհ ու նոր անձնիշխանություն ձևավորելու: Սիրո և հանդուրժողականության կարգախոսը որևէ կերպ չպետք է վերածվի ատելության կրոնի: Նորը հնի կատարելագործված ու գռեհիկ տեսքը չպետք է ստանա:

Հայաստանի համար մեծ շռայլություն կլինի սխալվելը, քանզի ունենք անվտանգությանխնդիր և չավարտված պատերազմ: ժողովուրդներն ու կառույցները ազգ և պետություն են դառնում հասուն որոշումներ կայացնելով: Կունենանք այդ հասունությունը, կունենանք նաև զարգացած պետություն, աճող տնտեսություն և հզոր քաղաքացիական հասարակություն:

Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Անդրանիկ Թևանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: