Հայերեն   English   Русский  

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today խմբագրությունում խուզարկությունը


  
դիտումներ: 216

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը:

Կազմակերպությունում ընդգծել են, որ իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը եւ սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար»,- շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն եւ Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan today կայքի խմբագրությունում։ Բռնագրավվել են մեկ պրոցեսոր եւ մի քանի կոշտ սկավառակներ: Իրավապահները փորձել են գտնել ապացույցներ, որ կայքն առաջինն է հրապարակել հայտնի գաղտնալսումները։

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումների հետ կապված հարուցված է երկու քրեական գործ։

Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի անօրինական գաղտնալսումները։ Խոսակցության ընթացքում ուժային կառույցների ղեկավարները քննարկում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործեր հարուցելու հարցերը։ Նրանցից երեքն էլ մեղադրվում են 2008թ․ մարտին սահմանադրական կարգը խափանելու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: