Հայերեն   English   Русский  

Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում


  
դիտումներ: 1304

Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։

Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։

Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն ուղղեց Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորեց հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկեց Հայաստանի և Իտալիայի օրհներգներով։

Համերգին ներկա էին Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ջութակահար Հայկ Կազազյանը կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար՝ երաժիշտները դուետով նվագեցին Կոմիտասի «Կռունկը», որն անասելի տպավորություն թողեց ներկաների վրա, ինչի վկայությունն անդադար ծափահարություններն էին։

Համերգը եզրափակվեց Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։

Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: