Հայերեն   English   Русский  

​Ո՞ւմ կվստահեն երևանցիները, կնո՞ջ, թե՞ տղամարդու


  
դիտումներ: 53

Վերջին մեկ-երկու տասնամյակներում մի բավական հետաքրքիր երևույթ է նկատվում աշխարհում: Կանայք հերթով «նվաճում» են աշխարհի խոշոր քաղաքները:

Անշուշտ, այսօր՝ XXI դարում, իշխանավոր կանանց օրինակներով կամ թվարկումով ոչ ոքի չես զարմացնի: Սկսած անցած դարի կեսերից՝ նրանք հայտնվում են կառավարությունների, քաղաքական ու ֆինանսական խոշորագույն կառույցների ամենավերին աթոռներին և վաղուց են ապացուցել, որ կարող են նույնքան շնորհալի ու բեղմնավոր լինել հանրային կառավարման ղեկին, որքան իրենց ընտանիքն ու տնտեսությունը վարելիս: Չես զարմացնի նաև կին քաղաքապետներով, հարյուրավոր մեծ ու փոքր քաղաքներ կարելի է թվարկել, որոնք իրենց պատմության մեջ կին քաղաքապետներ են ունեցել կամ հիմա էլ հաջողությամբ կանանց առաջնորդությամբ են զարգանում:

Այս տեսանկյունից բավական տպավորիչ է Հեյզել Մակկալիոնի օրինակը:

Այս կինը, որ որպես քաղաքական գործիչ հայտնի է «Հեյզել փոթորիկ» անունով, Միսիսոգայի (մեծությամբ վեցերորդ քաղաքը Կանադայում) քաղաքապետ է ընտրվել 1978 թ.: 2010 թ. նա քաղաքապետ ընտրվեց 12-րդ անգամ, երբ արդեն 89 տարեկան էր: Ուշագրավ է, որ նրան ձայն էր տվել քաղաքի բնակիչների 76 տոկոսը: Եվ դա զարմանալի չէր: Նրա քաղաքապետ ընտրվելուց հետո այդ փոքր բնակավայրի բնակչությունը հասավ 715 հազարի, այստեղ է այժմ երկրի ամենածանրաբեռնված օդանավակայանը, իսկ քաղաքն աշխարհի ամենագրավիչներից է բիզնես վարելու տեսանկյունից:

Այնինչ նրա կարիերան սկիզբ է առել արտակարգ իրավիճակում: 1979 թ.՝ քաղաքապետ ընտրվելուց ընդամենը երկու-երեք ամիս անց, քաղաքում մեծ վթար տեղի ունեցավ, թունավոր քիմիկատներով բեռնված գնացքը ռելսերից դուրս եկավ, և թունավոր նյութերի խտությունը օդում սպառնալիք դարձավ քաղաքի բնակիչների կյանքի համար: Հեյզելը կարողացավ առանց խուճապի և կարճ ժամանակում կազմակերպել բնակիչների տարհանումը: Եվ ավելի քան 200 հազար մարդկանց կյանքը փրկելու համար միջազգային համբավ ձեռք բերեց: 1980-ականներին Մակկալիոնը սկսեց տրանզիտ տերմինալներ և առևտրային-զրվարճանքի կենտրոններ ստեղծել լքված ֆերմերային հողատարածքներում, նոր ճանապարհներ կառուցեց՝ քաղաքը կապելով շրջակա փոքր քաղաքների ու գյուղերի հետ և այլն: Բավական է ասել, որ բյուջետային միջոցների ճիշտ բաշխման շնորհիվ Միսիսոգայի բնակիչները 12 տարի ազատված էին գույքահարկից: Նա հիմա էլ ապրում է ակտիվ, բովանդակալից կյանքով և ղեկավարում է Аnti-retirement շարժումը, որը դեմ է թոշակի անցնելուն:

Բայց մի բան է մի քանի հարյուրհազարանոց քաղաքի բնաչության վստահությունը շահելը, այլ բան՝ խոշոր մեգապոլիսների քաղաքապետների թեժ մրցապայքարում հաղթանակի հասնելը: Այնինչ քաղաքական գործիչ կանայք դեռ անցյալ տասնամյակից իսկական հաղթարշավ են սկսել բոլոր մայրցամաքներում, հատկապես՝ Եվրոպայում՝ առաջին անգամ զբաղեցնելով դարեր ի վեր տղամարդկանց մենաշնորհը դարձած պաշտոնը:

Այսպես, 2014 թ պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքապետ կին ընտրվեց՝ Անն Հիդլգոն: Ուշագրավ է, որ ընտրությունուններում նա երկրորդ փուլ էր անցել մի այլ կնոջ՝ պահպանողական ՆատալիԿոսցյուշկո-Մորիզեի հետ: Եվ չնայած ընտրությունների առաջին փուլում Հիդալգոն հետ էր մնում մրցակցից՝ ստանալով քաղաքային խորհրդի 163 ձայներից 91-ը, հենց նա տոնեց վերջնական հաղթանակը՝ դառնալով առաջին քաղաքապետը Փարիզի պատմության մեջ:

2015 թ. Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի առաջին կին քաղաքապետը դարձավ 41-ամյա Ադա Կոլաուն, որը ոչ միայն ջանում է կատարել իր բոլոր նախընտրական խոստումները, այլև փորձում է ավելին անել: 2016 թ. Եվրոպայի ազդեցիկ մարդկանց վարկանիշում, որ կազմել էր Politico.eu-ն, Ադա Կոլաուն հայտնվեց 5-րդ հորիզոնականում, սակայն երիտասարդ կինը մերժեց եվրոպական փառքը: Նրա կարծիքով՝ վարկանիշը պետք է ծառայի զարգացման միտումները վեր հանելուն, կնշանակի 5-րդ տեղը զբաղեցրել է Բարսելոնայում կատարվող վերափոխումների գործընթացը, որում գլխավոր դերը կատարում են իրենք՝ քաղաքացիները:

2016 թ. մոտ 3 հազար տարվա պատմության մեջ առաջին անգամ հավերժական քաղաքի՝ Հռոմի քաղաքապետ դարձավ՝ 37-ամյա Վիրջինյա Ռաջին: Նա առաջադրված էր ընդդիմադիր «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունից և բառի բուն իմաստով ջախջախիչ պարտության մատնեց իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին: Ի դեպ, 2013 թ. Ռաջիի քաղաքական ընդդիմախոսն է եղել սեփական ամուսինը՝ Սևերինին, որ ստացել է 132 ձայն, նրա կինը՝ Ռաջին, 1525՝ դառնալով երկրորդը «Հինգ աստղերի շարժում» կուսակցության ցուցակում: Եվ հարկ է նշել, որ Հռոմի քաղաքապետի պաշտոնը ստանձնելն իսկական խիզախություն էր, քանի որ Ռաջիի նախորդը քաղաքը թողել էր ահռելի՝ 13 միլիարդ եվրո պարտքով, որ երկու անգամ ավելին է, քան քաղաքի տարեկան բյուջեն:

Հունաստանում ամենաճանաչված ու ընդունված քաղաքական գործիչ են համարում Դորա Բակոյանիսին, որը Աթենքի՝ «ժողովրդավարության օրրանի» առաջին կին քաղաքապետն է: Ասում են՝ նա գերել է հույներին իր արտաքինով ու կեցվածքով: Ասենք՝ ոչ միայն հույներին: Նրա երկպագուներից է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին, որը ներգրավել է Բակոյանիսին Զարգացման եվրոպական հանձնաժողովում: Իսկ 2006 թ. նա ստացավ World Mayor միջազգային մրցանակը որպես աշխարհի լավագույն քաղաքապետ:

2002 թ. Դորա Բակոյանիսը Աթենքի քաղաքապետ ընտրվեց ձայների ռեկորդային առավելությամբ և, ի թիվս այլ ձեռքբերումների, մեծ ճանաչում ձեռք բերեց 2004 թ. օլիմպիական խաղերը հաջողությամբ կազմակերպելու և հունական մայրաքաղաքն էապես բարենորոգելու համար: 2006 թ., սակայն, Բակոյանիսը լքեց քաղաքապետի աթոռը և դարձավ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը երկրի պատմության մեջ:

Նշենք ևս մի քանի անուններ. Աննիկա Բիլստրեմ՝ Ստոկհոլմի քաղաքապետ 2002-2006 թթ., Մանուելա Կարմելա՝ Մադրիդի քաղաքապետ 2015-ից, Ֆեմկե Հելսմա՝ Ամստերդամի քաղաքապետ 2018-ից, Լիդի Պոլֆեր՝ Լյուսեմբուրգի քաղաքապետ (բուրգոմիստր) 1982-1999 թթ. և 2013 –ից, Հաննա Գրոնկևիչ-Վալց, Վարշավայի քաղաքապետ (ընտրվել է 2006 թ. և վերընտրվել 2010 թ.), Յորդանկա Ֆանդիկովա՝ Սոֆիայի քաղաքապետ 2009-ից, Ադրիանա Կրնաչովա՝ Պրագայի քաղաքապետ 2018-ից, Զիքրա Ալ Վիշչ՝ Բաղդադի քաղաքապետ 2015-ից, Յուրիկո Կոիկե՝ Տոկիոյի քաղաքապետ 2016-ից և այլն: Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել:

Մասնագետները հավանաբար կուսումնասիրեն, թե ինչ գործոններ են ընկած աշխարհի քաղաքական զարգացման այս ակնհայտ միտումի հիմքում, իսկ մեզ՝ երևանցիներիս համար այս թեման բավական արդիական է հենց այս օրերին:

Հայաստանը որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության տեսանկյունից արդեն ավելի քան երկու տասնամյակ, մեղմ ասած, այնքան էլ լավ տեղեր չի զբաղեցնում համաշխարհային վարկանիշներում, բայց եթե խորհրդարանում, կառավարությունում ու գյուղական համայնքներում կանայք միշտ եղել են, ցածր տոկոսով, բայց եղել են, ապա Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ ընթացքում երբևէ որև կին քաղաքապետ չի դարձել: 90-ականներին առաջին մեկ-երկու ձախողված փորձերից հետո նրանք նույնիսկ չէին համարձակվում թեկնածություն առաջադրել:

Երևանի ավագանու նախորդ ընտրություններն այս տեսանկյունից առաջընթաց էին, քանի որ առաջին անգամ կին թեկնածու ունեցանք (Զարուհի Փոստանջյան):

Ահա էլ ավելի մեծ առաջընթաց են Երևանի ավագանու մի քանի օր անց կայանալիք արտահերթ ընտրությունները: Մեկ տասնյակից ավելի թեկնածուների թվում երեքը կանայք են:

Ո՞ւմ կվստահեն երևանցիները, այս կանանցից որևէ մեկի՞ն, թե՞ տղամարդկանց, որոնցից մեկը, ի դեպ, վայելում է իշխանության հովանավորությունը: Կարծում եմ՝ անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, մանավանդ որ բավական հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, ամեն բացվող օր մի նոր ապշեցուցիչ անակնկալ է մատուցում:

Ասենք միայն, որ եթե ընտրվի այդ երեք կանանցից որևէ մեկը, ապա մենք էլ, ինչպես մի ժամանակ հռոմեացիներն էին հպարտ զարմանքով թե զարմացած հպարտությամբ նշում առաջին կնոջ հաղթանակը, ապա մենք էլ պատեհություն կունենանք ասելու, թե Երևանի 2800-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ ընտրվեց:

Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: