Հայերեն   English   Русский  

​Սկզբում ամեն օրը «ճակատամարտ» էր, բայց «հաղթեցին» ու կերտեցին հաջողության ևս մի պատմություն


  
դիտումներ: 3863

Երբեմն առաջին հայացքից հեշտ ու հասարակ թվացող գործը կարող է անպատկերացնելի բարդ ու դժվար լինել: Օրինակ՝ շոգեխաշած մսի պահածոների արտադրությունը, որտեղ, թվում է, ամեն ինչ պարզ է ու հասկանալի. շոգեխաշում ես միսը, հատուկ պայմաններում փակում համապատասխան տուփերի մեջ ու վերջ, պահածոն պատրաստ է: Իրականում կարող ես երկու-երեք տարի ամեն օր պայքարել, փորձել, ջանքեր ու միջոցներ ներդնել ու կորցնել, բայց այդպես էլ չստանալ ցանկալի արդյունք: Սակայն մեր կողքին կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ հավատացել են սեփական ուժերին, նվիրվել գործին ու հաջողության հասել:

Նման մի օրինակ էլ հայկական «Արագած ֆուդի» պատմությունն է, որտեղ հաջողությունը արձանագրվել է որպես արդյունք, իսկ այդ հաջողության ճանապարհին պատահած հազարավոր խնդիրները, դժվարություններն ու փորձությունները դարձել են հուշ, որոնք մտաբերելիս գոհունակության ու բավարարվածության ժպիտ է հայտնվում այդ պատմությունը կերտողների դեմքին:

Ընկերությունը ստեղծվել է 2012 թ. և շատ փոքր ծավալներով թխվածքաբլիթներ է արտադրել: Հիմնադրումից երկու տարի անց՝ 2014-ից, արդեն անվանափոխվել է ու դարձել «Արագած ֆուդ»: Դա իր հետաքրքիր պատմությունն ունի: Մոսկվայում ցուցահանդեսի ժամանակ մսի պահածոներ ցանկացող է եղել, ու «Արագած ֆուդի» հիմնադիրները որոշել են այդ պատվերը կատարել:

«Մենք ոչինչ չենք հասկացել ո՛չ մսից, ո՛չ մսի պահածոներից: Սովետական հաստոցներով սկսեցինք աշխատել: Մի քիչ գումար կար, դրանից էլ սկսեցինք»,- «Անկախին» պատմեց ընկերության տնօրեն Արմեն Անտոնյանը:

Արտադրական տարածքը՝ շինությունը կար նախորդ գործունեությունից, ու որոշեցին հասանելի, հնարավորինս ոչ ծախսատար հաստոցներով սկսել արտադրությունը: Պետք էր գտնել պահածոյացման հաստոց, մսաղաց ու խառնիչ՝ մոտ 15 հազար դոլարի սարքավորումներ: Գումարը նախորդ՝ թխվածքաբլիթների արտադրությունից գոյացած միջոցներն էին: Այդպես սկսեցին:

«Եվ շատ զարմանալի ու հետաքրքիր էր ինձ համար մսի պահածոների արտադրությունը, քանի որ մինչ այդ, մսի պահածո ասելով, ես հասկանում էի, որ միսը շոգեխաշում են, լցնում տարաներն ու փակում: Բայց երբ սկսեցինք զբաղվել նման պահածոների արտադրությամբ, տեխնոլոգ վարձեցինք, եկավ, խորհուրդներ տվեց, որոշակի տեխնոլոգիական խնդիրներ լուծեց: Մի խոսքով, մսի պահածոների արտադրության մեկնարկից մինչև առաջին արտահանումը տևեց երկու տարի՝ երկու երկար ու հազարավոր դժվարություններով լի տարի: Մսի պահածոների արտադրությունն ինձ համար «արվեստ էր», քանի որ ես, ստացած լինելով իրավաբանական, տնտեսագիտական կրթություն, լինելով թարգմանիչ, մեկ էլ սկսեցի զբաղվել մսի պահածոների արտադրությամբ: Բայց հիմա արդեն ամեն տեսակի պահածոների արտադրությամբ էլ զբաղվում ենք»,- «Անկախին» պատմեց Արմեն Անտոնյանը:

Նրանց տարեց տեխնոլոգը, որը սովետական շրջանի մասնագետ էր, նրանց սովորեցրել էր որոշ տեխնոլոգիաներ, բայց բազմաթիվ նրբություններ ու «գաղտնիքներ» չէր հայտնել: Ամեն ինչ, ինչպես պատմեց ընկերության գործադիր տնօրենը, սովորել են ինքնուրույն, գործնական փորձով, սեփական սխալների ու դրանց հետևանքների գնով:

Սկզբում արտադրում էին օրական 100-200 տուփ պահածո, այն էլ՝ ոչ ամեն օր, այլ մի տևական ժամանակ չարչարվելուց, աշխատելուց հետո, որոշ կարճ ժամանակամիջոցում կարողանում էին օրական 100-200 տուփ արտադել: Իսկ այսօր արդեն, բացի մսի պահածոներից, արտադրում են մոտ 30 տեսակի այլ պահածոներ, կոմպոտներ, մուրաբաներ, մարինադներ, կարողանում են օրական 2 տոննա մթերք վերամշակել, եթե, իհարկե, պահանջարկ լինի: Եվ հիանում ու զարմանում ես, երբ իմանում ես, որ ամեն ինչ սկսել են ընդամենը երկու հոգով. իրենք իրենց գործարանի թե՛ բանվորն էին, թե՛ առաքիչը, թե՛ տնօրենն ու պահակը:

«Սկզբում զրոյից ամեն ինչ մենք ենք արել: Երբ իմացա, որ միսը պետք է լցնենք տուփերի մեջ ու նոր եփենք` զարմացած էի: Մինչ այդ մսի պահածո չէի կերել, դրա համը չգիտեի: Իսկ հիմա այդպիսի պահածո չկա հավանաբար, որ չեմ կերել. դա պետք է համեմատելու համար»,- ծիծաղելով վերհիշեց մեր զրուցակիցը:

Ներկայումս մոտ երկու-երեք տասնյակ մարդ է աշխատում գործարանում, նախատեսում են մոտ երեք անգամ մեծացնել արտադրական ծավալները: Փորձում են նաև արտաքին շուկաներ մուտք գործել, քանի որ ներքին շուկան փոքր է, գերհագեցած, ինչը հաճախ խնդիրներ է ստեղծում սպառման հարցում: Հենց այդ պատճառով էլ որոշեցին, բացի մսի պահածոներից, սկսել նաև այլ մթերքներ պահածոյացնել: Որովհետև մսի պահածոն Հայաստանում անհամեմատ ավելի փոքր պահանջարկ ունի, քան, օրինակ, բանջարեղենի պահածոներն ու կոմպոտները: Ամեն ինչ, շեշտում է Արմեն Անտոնյանը, անում են ավելի շատ հանուն աշխատողների:

«Այսօր աշխատողը ամենաբարդ հարցերից է, որովհետև երբ պատվեր է լինում ու պետք է աշխատենք` աշխատող չենք գտնում: Դա իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն ունի: Սուբյեկտիվ, որ երիտասարդները համեմատաբար ծանր ֆիզիկական աշխատանք չեն կարողանում կամ չեն ուզում կատարել: Եվ օբյեկտիվ, որովհետև մեր արտադրությունը մշտական չէ, արտադրում ենք ըստ սեզոնի ու ըստ պատվերների: Բնական է, որ աշխատողների ամենօրյա կարիքները սեզոնային չեն, մարդն ամեն օր պետք է հացի գումար վաստակի: Եվ երբ պատվերն ավարտում ենք ու որոշ ժամանակ աշխատանք չի լինում, աշխատողը ստիպված մտածում է, թե որտեղ ինչ գործ անի, որ գոնե մինչև հաջորդ պատվերը կարողանա ապրել: Իսկ հաջորդ պատվերի ժամանակ նա արդեն կարող է զբաղված լինել այլ աշխատանքով: Ուստի մեր ցանկությունը շատ մեծ է, որ աշխատենք շատ ու անընդհատ»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջին 6 տարիներին ամեն օրը նրանց համար եղել է դժվարություններ հաղթահարելու, հերթով փոքրիկ հաղթանակներ տոնելու, քայլ առ քայլ առաջ գնալու և բիզնեսի արևի տակ իրենց տեղն ունենալու պայքարի պատմություն: Ու հատկապես առաջին երկու տարիներին ամեն օրը մի փոքրիկ ճակատամարտ է եղել, ամեն օր իրենք ինչ-որ բան են սովորել ու հասկացել: Ու ստացվել է: «Արագած ֆուդի» տնօրենը նշում է՝ ամեն օրը հիասթափվելու մի առիթ կարող էր լինել, սակայն իրենք չեն հանձնվել, որովհետև սկզբունքային ու համառ էին, մտածել են՝ ինչո՞ւ չպետք է ստացվի, անպայման ստացվելու է, հաջողելու են: «Մեզ համար մի կարևոր մոտեցում կա՝ մեր գործը պետք է դժվար լինի, որ հաջողենք: Եթե ամեն ինչ հեշտ եղավ, մենք դրա, այսպես ասած՝ «համը» չենք զգա: Դժվարությունը ստիպում է, որ մարդն առաջ գնա: Ով զրոյից ինչ-որ բան է ստեղծել, ով քրտինքով հասել է որոշակի հաջողության, նա իր անցած ճանապարհի գինը գիտի»,- վստահ է «Արագած ֆուդի» տնօրենը:

Դժվարություններ հաղթահարելու, չհանձնվելու, տանջվելով առաջ գնալու ունակությունը, նշում է Արմեն Անտոնյանը, ձևավորվել է բանակում, որը կարևոր կյանքի դասեր ու փորձ է տվել նրան, նաև՝ մորեղբայրը, որ Մոսկվայում և Կալինինգրադում սեփական ռեստորանային բիզնեսներն ունի և այդ ամենը ստեղծել է մենակ, զրոյից, ընդամենը մեկ «մանղալից»:

Արմեն Անտոնյանը հընթացս հեռախոսով ցույց էր տալիս իրենց արտադրատարածքը, թե ինչ անապատ է եղել և ինչ օազիս է դարձել ջանքերի ու նվիրումի շնորհիվ: «Արագած ֆուդն» իր պատմությունը սկսել է ոչ թե միանգամից՝ մեծ ներդրման շնորհիվ, այլ փոքրից, և նրա տնօրենն ընդգծում է՝ ճիշտը փոքրից, մանր-մանր քայլերով բիզնես սկսելն է, որպեսզի ձեռներեցը շատ չտուժի մինչ սովորելը, քանի որ կարող են լինել թե՛ ձախողումներ, թե՛ կորուստներ:

Ամեն դեպքում ցանկացած գործունեության մեջ, ընդգծում է Արմեն Անտոնյանը, կարևորն այն է, որ մարդը գոհ ու բավարարված լինի իր ստեղծած արդյունքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: