Հայերեն   English   Русский  

​ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ


  
դիտումներ: 3077

Շարունակելով քրեական դատավարության թեման՝ այս համարում կանդրադառնանք հարցաքննությանը: Իրավական պետության կերտման համար հույժ կարևոր իրավապահ համակարգի գոյությունը պայմանավորված է հանցագործությունների բացահայտմանն ուղղված գրագետ ու պրոֆեսիոնալ քննչական գործողությունների իրականացմամբ: Իսկ քննչական գործողությունների շրջանակներում թերևս ապացույցների ձեռքբերմանն ուղղված ամենակարևոր գործողություններից է հարցաքննությունը: Որևէ հանցագործության քննություն գրեթե չի անցնում առանց հարցաքննությունների:

Ըստ սուբյեկտների՝ հարցաքննությունը բաժանվում է հետևյալ տեսակների. վկայի, տուժողի, կասկածյալի և մեղադրյալի: Գոյություն ունի նաև դատապարտյալի հարցաքննության ռեժիմ, որը կատարվում է մեղադրյալի հարցաքննության համար սահմանված կանոններով:

Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը հարցաքննության են կանչվում ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 4 ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ 2 ժամից ավելի:

Վկայի հարցաքննությանն առնչվող որոշ կարևոր կանոններ

Վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին: Վկան հարցաքննվում է այլ վկաներից առանձին: Ընդ որում քննիչը միջոցներ է ձեռնարկում, որ նույն գործով կանչված վկաները մինչև հարցաքննության ավարտը հաղորդակցություն չունենան միմյանց հետ:

Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, որը հրավիրվում է վկայի կողմից իրեն իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, ապա փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվելու հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալ վկային կամ մեկնաբանել նրա պատասխանները:

Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սահմանված կանոններով:

Կասկածյալի հարցաքննությանն առնչվող որոշ կարևոր կանոններ

Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտնելուց անմիջապես հետո: Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին արգելանքի վերցնելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հարցաքննությունից առաջ կասկածյալին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ:

Մեղադրյալի հարցաքննությանն առնչվող որոշ կարևոր կանոններ

Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, իսկ մեղադրյալի խուսափելու կամ նրան հետախուզում հայտարարելու դեպքում նրան բերման ենթարկելուց հետո 48 ժամվա ընթացքում: Մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որ մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ: Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: