Հայերեն   English   Русский  

​Կարճատև քաղցը վերագործարկում է իմունային համակարգը


  
դիտումներ: 2067

Անընդհատ կամ տևական քաղցը վնաս է օրգանիզմին, բայց եթե խոսքը կարճատև քաղցի մասին է, ապա ժամանակակից գիտությունը հաստատում է դրա օգտակարությունը: Այն ոչ միայն օրգանիզմի մաքրմանն ու քաշ գցելուն է նպաստում, այլև բնական ճանապարհով թարմացնում է բջիջներն ու ամրացնում իմունային համակարգը:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հրապարակել են դրա վերաբերյալ նոր տվյալներ: Երբ քաղց ենք պահում, օրգանիզմն անցնում է էներգախնայող ռեժիմի ու դրա համար իմունային բազմաթիվ բջիջներ է վերամշակում, այն բջիջները, որոնք այդ պահին իրեն պետք չեն: Հիմնականում դրանք վնասված իմունային բջիջներն են: Փորձերի ժամանակ պարզվել է, որ 2-4 օրյա քաղցից հետո արյունաստեղծ համակարգը ոչնչացրել է ավելի ծեր ու վնասված իմունային բջիջներն ու նորերը գոյացրել: Գիտնականները ենթադրում են, որ կարճատև քաղցը օգտակար է ոչ միայն իմունային համակարգին, այլև մյուս օրգան համակարգերին:

Կարճատև քաղցը օրգանիզմին հարկադրում է շաքար, ճարպեր ու կետոններ պաշարել և ոչնչացնել մեծ քանակությամբ արյան սպիտակ գնդիկներ: Կետոններ են մշակվում այն ժամանակ, երբ օրգանիզմը ճարպն էներգիայի է վերածում. դրանք քաշ գցելու խաղադաշտում հիմնական խաղացողներն են:

Կարճատև քաղցն օրգանիզմին թույլ է տալիս ճարպը որպես էներգիայի աղբյուր օգտագործել: Այն օգնում է արագացնելու նյութափոխանակությունն ու բարելավելու աղիքների կծկանքը` թեթևացնելով մարսողական համակարգի աշխատանքը: Նման քաղցային ընդմիջումն օրգանիզմին հիշեցնում է ճիշտ մարսողության մասին:

Կարճատև քաղցը ողջ օրգանիզմի վերագործարկման կոճակի է նման, այն առողջ միջավայր է ստեղծում, որ օրգանիզմն իսկական քաղցը ճանաչի: Եթե մարդն ուտում է 3-4 ժամը մեկ, նրա օրգանիզմը տեղյակ չի լինում, թե ինչ է իսկական քաղցը: Օրգանիզմն ազատելով մարսողության պրոցեսից 12-24 ժամով՝ նրա համար մյուս համակարգերի վերանորոգման, վերագործարկման վրա կենտրոնանալու հնարավորություն եք ստեղծում:

Կարճատև քաղցն օգնում է օրգանիզմից դուրս բերելու տոքսիններն ու կարգավորելու «զտիչ» օրգանների` երիկամների ու լյարդի աշխատանքը:

Կարևոր է հիշել, որ քաղցը չպիտի գերազանցի 4 օրը, իսկ օգտագործվող ջրի քանակն այդ օրերին պետք է ավելանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: