Հայերեն   English   Русский  

​Վլադիմիր Հարությունյան. «Ցանկության դեպքում ամեն դժվարություն հնարավոր է հաղթահարել»


  
դիտումներ: 3837

Օգոստոսին Մեծ Բրիտանիայում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում հայ ջրացատկորդներն աննախադեպ հաջողություն ունեցան Հայաստանի անկախության շրջանում. 10 մ սինքրոն աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգը դարձավ բրոնզե մեդալակիր` զիջելով միայն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին:

«Անկախի» հետ զրույցում Վլադիմիր Հարությունյանը պատմում է վերջին մրցաշարից ստացած տպավորությունների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև սպրորտում հաջողության հասնելու մասին:

- Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ. այս կարևոր ստուգատեսին Ձեր զույգը վերելքով մասնակցեց: Ինչպե՞ ս էիք նախապատրաստվել և ի՞նչ տրամադրությամբ էիք մեկնել մրցավայր:

- Շնորհակալ եմ: Լողավազանում, որտեղ մարզվում ենք, չկան համապատասխան պայմաններ զույգով մարզվելու, միասին ցատկեր կատարելու համար: Մենք առանձին ենք մարզվում: Ես ծառայում եմ ազգային բանակում: Ընդամենը 8 պարապմունք անցկացնելով՝ միանգամից մասնակցեցի մրցումներին:

Միայն մրցավայրում 2-3 պարապմունք միասին անցկացնելու հնարավորություն ունեցանք, ինչը շատ քիչ է:

Այնուամենայնիվ յուրաքանչյուր մրցաշարի տրամադրվում ենք մարտականորեն: Այս անգամ գիտեինք, որ մեդալի համար պայքարելու հնարավորություն ունենք, հավատացինք սեփական ուժերին և կարողացանք հաջող հանդես գալ: Նշեմ, որ պարապմունքների ժամանակ ցատկերն այնքան էլ հաջող չէին ստացվում: Մենք հանդես եկանք վնասվածքով. Լևը ուսի վնասվածք ուներ, իսկ ես՝ ձեռքի: Ուրախ եմ, որ կարողացանք զգաստանալ և մեզ լավ դրսևորել մրցման ընթացքում: 396,84 միավորը շատ լավ արդյունք է մեզ համար: Համատեղ ելույթների ընթացքում դրանից բարձր ցուցանիշ չէինք ունեցել:

Նմանատիպ առաջնություններին մասնակցում են աշխարհի ուժեղագույն մարզիկները: Մրցաշարի ֆավորիտները Ռուսաստանի, Չինաստանի մարզիկներն էին: Արդարության համար նշեմ, որ առաջին տեղ զբաղեցնելը շատ դժվար էր, բայց ավելի հաջող հանդես գալու դեպքում մենք կարող էինք նաև արծաթե մեդալ նվաճել: Ես հանդես եկա նաև 3 մ սինքրոն ոստնակացատկում եղբորս` Ազատ Հարությունյանի հետ` զբաղեցնելով 8-րդ տեղը: Դա բավական լավ արդյունք է ուժեղագույնների պայքարում:

- Եվրոպայի մեծահասակների առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր վերջին 30 տարվա ընթացքում. ձեր հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունվեց:

- Մեզ համար մեծ պատիվ էր, որ կարողացանք հայոց եռագույնը բարձրացնել այս մրցաձևում՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ մենք դեռ ասելիք ունենք այս մարզաձևում, որ Հայաստանում զարգացած է և զարգանում է ջրացատկը, կան երիտասարդներ, որոնք կարող են հանդես գալ ուժեղագույնների պայքարում և մեդալներ ու օլիմպիական ուղեգրեր նվաճել: Նպատակ ունեմ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Ամեն ինչ պետք է անեմ վարկանիշներ ձեռք բերելու համար:

- Ինչպե՞ ս սկսեցիք զբաղվել ջրացատկով. պայմանների բացակայության պատճառով, մյուս մարզաձևերի համեմատ, այն այնքան էլ տարածված չէ:

-Փոքր հասակից՝ 3,5 տարեկանից հաճախել եմ լողի: Առաջին մարզիչս՝ Գևորգ Միլիտոսյանը, որ Չանդիրյանի սանն է, հավանաբար նկատեց իմ ներուժը և ներգրավեց ինձ այս մարզաձևում: Ինձ դուր եկավ ջրացատկը, սկսեցի ավելի լրջորեն զբաղվել և մինչ օրս շարունակում եմ մարզվել: Ցատկելու զգացողությունն անբացատրելի է, շատ ադրենալին կա: Մարզաձևը բարդ է, բայց միևնույն ժամանակ այն ամենագրավիչ մարզաձևերի եռյակում է:

- Դուք հանդես եք գալիս և՛ Ձեր եղբոր, և՛ Լև Սարգսյանի հետ: Տարբերություն կա՞ զույգի մեջ:

- Մեր թիմը կարծես մեկ ընտանիք լինի: Բոլորս աշխատում ենք միևնույն նպատակին հասնելու համար, միմյանց աջակցում ու խորհուրդներ ենք տալիս: Լևն ինձ համար եղբոր պես է: Տարբերություն չեմ տեսնում, թե ում հետ եմ հանդես գալիս և հավասարապես հուզվում եմ նրանց առանձին ելույթների ժամանակ: Մրցումների ժամանակ մենք, կարելի է ասել, չենք շփվում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ ու չլարվել, իսկ մարզումների ժամանակ իրար ամեն կերպ օգնում ենք, խորհուրդներ տալիս ու ոգևորում:

- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Սպորտի շնորհիվ շրջում եմ աշխարհով մեկ, ծանոթանում տարբեր ազգությունների ու մտածելակերպի մարդկանց հետ, ձեռք եմ բերում լավ ընկերներ: Որևէ պարտավորվածություն չեմ զգում, հաճույքով եմ զբաղվում ջրացատկով՝ կարողանալով ամեն ինչ համատեղել: Սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում. այժմ գտնվում եմ տարկետման մեջ: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է համատեղել:

Սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է ունենալ եռանդ, ուժ ցանկություն: Միայն տարիներ հետո է երևում նվիրված աշխատանքի արդյունքը: Ժամանակի ընթացքում փորձի շնորհիվ կարողանում ես հաղթահարել հուզմունքը, ավելի լավ հանդես գալ: Հարկավոր է կենտրոնանալ, լսել մարզչին և առանց լարվածության կատարել այն, ինչին մենք պատրաստվում ենք ամիսներ շարունակ: Այդ ժամանակ միայն հնարավոր կլինի հաջողության հասնել: Մեր մարզաձևում ֆիզիկական պատրաստվածությունն անչափ կարևոր է վնասվածքներից խուսափելու համար:

Լողավազանն իմ երկրորդ տունն է: Ես այնտեղ մեծացել եմ, այնտեղ եմ անցկացնում ժամանակիս մեծ մասը: Այդ միջավայրն ինձ անչափ հարազատ է: Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ էլ մարզիչ-մարզիկ հարաբերությունները նման են հայր և որդի հարաբերություններին:

Կարևոր է նաև հաջող հանդես գալ մի քանի մրցումներում, որպեսզի մրցավարները ճանաչեն, թեև մրցման ընթացքում չենք մտածում մրցավարների մասին: Փորձում ենք հիշել մարզչի առաջադրանքները և ճիշտ կատարել վարժությունը:

Հաղթանակը ոգևորում է և պարտավորեցնում առաջ շարժվել, նոր բարձունքների հասնել ու հաջողություններ գրանցել: Հաղթանակն ուժ է տալիս կանգ չառնել, չնահանջել և հետ չդառնալ: Ցանկության դեպքում ամեն դժվարություն հնարավոր է հաղթահարել:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

- Այս տարի այլևս մրցաշարերի չենք մասնակցի, սակայն կշարունակենք մարզումները` նախապատրաստվելով հաջորդ տարվան: Պետք է մասնակցենք կարևոր ստուգատեսների՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Հույս ունեմ, որ 2019-ին հաջող հանդես կգանք և կկարողանանք վարկանիշներ հավաքել ու օլիմպիական ուղեգիր ձեռք բերել:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: