Հայերեն   English   Русский  

​Կանայք կոտրել են «գյուղատնտեսությունը կնոջ գործ չէ» կարծրատիպը


  
դիտումներ: 1624

Աշխարհի աղքատ բնակչության 70%-ը կանայք են, թրաֆիքինգի զոհերի 80%-ը կանայք են, սոված բնակչության 60%-ը կանայք են, տնային բռնության ենթարկվողների 90-95%-ը կանայք են, փախստականների 80%-ը կանայք են:

Աշխարհի կարողության նվազ, քան 15%-ն է պատկանում կանանց, սեփականաշնորհված հողերի 2%-ն է պատկանում կանանց: Այս և այլ փաստեր հրապարակեց «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը` «Կանայք գյուղատնտեսության ոլորտում» միջազգային համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ օրեր առաջ, Երևանում։

Համաժողովը, որին մասնակցում էին տեղական ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, երևի չէր ծառայի իր նպատակին, եթե այնտեղ ներկա չլինեին ոլորտի հերոսները՝ կանայք, որոնք իրենց համայնքներում փորձում են ագրոհեղափոխություն կատարել և ապացուցել, որ կինն ու գյուղատնտեսությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու բիզնեսը փոխկապակցված են ու կարող են արդյունավետ համագործակցել։ Նրանք նաև կոտրում են բազմաթիվ կարծրատիպեր՝ հաղթահարելով կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խոչընդոտները։ Իսկ նրանց հաջողության պատմությունները կարող են ոգեշնչման աղբյուր դառնալ հարյուրավոր կանանց համար։

Ազնվամորի․ ոչ միայն բերք, այլև բրենդ

Ազնվամորի

«Խորհրդային կարգերի ժամանակ գյուղում գրեթե բոլորն աշխատանք ունեին, հիմնականում տրիկոտաժի ֆաբրիկայի բանվորներ էին, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փակվեց, և համարյա բոլոր աշխատողները դարձան գործազուրկ։ Տղամարդկանց մեծ մասը մեկնեց արտագնա աշխատանքի, շատերն իրենց հետ տարան նաև ընտանիքը, իսկ գյուղում մնացած կանանց չհաջողվեց լրջորեն զբաղվել անասնապահությամբ։ Սկսեցինք մտածել, թե ոնց գյուղը փրկենք։ Խնդրի լուծումը գտանք հողագործության մեջ և երկար քննարկումներից հետո կանգ առանք ազնվամորու վրա»,- պատմում է 2014 թ. Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում ստեղծված կանանց խմբի համակարգող Վիկտորյա Խաչատրյանը։

Գյուղը հայտնի է իր յուրահատուկ, համեղ ազնվամորիով։ «Կանաչ արահետ» կազմակերպության շնորհիվ խմբի կանայք գիտելիքներ են ձեռք բերում ոչ միայն կապված հողատարածքի նախապատրաստման, հողի մշակության, հողախառնուրդի պատրաստման և առաջավոր տեխնոլոգիաների իմացության, այլև ֆինանսների կառավարման, փորձի փոխանակման, խմբի ղեկավարման հմտությունների հետ:

2016 թ. կանանց խումբը Եվրամիությունից 28 հազար եվրո դրամաշնորհ է ստանում, որով հող մշակելու տեխնիկա, ազնվամորու տնկիներ և այլ պարագաներ է ձեռք բերում։ Գյուղում մեծ թափ է առնում ազնվամորու արտադրությունը։ Կազմակերպվում է օրգանական կոմպոստի (պարարտանյութ) արտադրություն։ Այստեղ գոյացող ողջ օրգանական թափոնն ուղղվում է կոմպոստի մշակմանը։ Համակարգված ու գրագետ աշխատանքի շնորհիվ խմբի անդամները մուտք են գործում նոր շուկաներ, հիմնական թիրախային շուկան դառնում է Արցախը։

«Երևի զարմանաք. սիրիահայերը, որոնք հմուտ հրուշակագործներ են, ազնվամորու չրերն օգտագործում են իրենց քաղցրավենիքի մեջ։ Թարմ ազնվամորու իրացումն այնքան էլ նպատակահարմար չէ: Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ կենտրոնացել ենք ազնվամորու չրերի արտադրության վրա»,- ասում է Վիկտորյան։

Խմբի անդամներն այժմ ցանկանում են տարածքային բրենդ ստեղծել, որի մեջ կներգրավվեն նաև հարևան համայնքները։ Այդ ուղղությամբ արդեն իսկ ակտիվորեն աշխատում են։ Ստեղծվել են կանանց նոր խմբեր հարևան համայնքներում։ Կանանց խմբերն ուզում են նաև անփուշ մոշի ատադրություն սկսել, որը նույնպես պահանջարկ ունի։ 2016-ից նախաձեռնել են Ազնվամորու ամենամյա փառատոնը՝ հատուկ ընդգծելու և ներկայացնելու ոչ միայն իրենց մթերքն ու համայնքը, այլև օգտագործելու փառատոնի ընձեռած հնարավորությունները։

«Հիմա մեր ամենամեծ խնդիրը երիտասարդներին գյուղում պահելն է։ Նրանք գնում են Երևան, ընդունվում աշխատանքի: Ըստ մեր օրենսդրության՝ ֆերմերի արտադրական գործունեությունը աշխատանքային ստաժ չի համարվում, ուստի հետագայում առաջ է գալիս թոշակի խնդիր։ Մենք ուզում ենք այս հարցը բարձրացնել կառավարության առաջ»,- եզրափակում է Վիկտորյան։

Ոչ ավանդական գյուղմթերք ավանդական գյուղում

Աննա Վիրաբյան

Աննա Վիրաբյանը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից է։ Աննան ու իր ընտանիքը 2003-ից զբաղվում են գյուղատնտեսությամբ։ 2005-ից սկսած՝ Վիրաբյանների ընտանիքը որոշել է անցնել ոչ ավանդական մշակաբույսերի՝ աճեցնելով բրոկոլի, պրասա սոխ, կոլրաբի, բրյուսելյան, պեկինյան կաղամբներ, ֆրանսիական լոբի, չերրի լոլիկ և այլն։

2007-ից Աննան դարձել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի անդամ: Այս կազմակերպության շնորհիվ մասնակցել է մի շարք գյուղատնտեսական դասընթացների, ամենամյա «Ֆրուտ ֆուլ» կոնֆերանսին, փորձի փոխանակման ծրագրերին տարբեր մարզերում: 2013 թ. OXFAM-ի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած «Գյուղմթերքների արտադրության կին հերոս» մրցույթում արժանացել է պատվոգրի և խրախուսանքի։

«2014 թվականին ստեղծել եմ ոչ ֆորմալ կանանց խումբ, նրանց ցույց եմ տվել իմ փորձերը: 2016 թվականին հիմնեցինք ազնվամորու այգի՝ կիրառելով մշակության նոր տեխնոլոգիաներ (կաթիլային ոռոգման համակարգ, լարասյունային համակարգ)»։

«Ուրցաձորյան կարմիր պղպեղ»․ գյուղի հպարտությունը

Վիկտորյա Խաչատրյան

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը հայտնի է իր կարմիր տաքդեղով, որն աճեցնում են գյուղացիներից շատերը։ Մի քանի տարի առաջ տարածված էր նաև կարմիր տաքդեղի վերամշակումը, որը, սակայն, պայմանավորված արտագաղթով և սերնդափոխությամբ, վերջին շրջանում անկում էր ապրել: Սակայն Ուրցաձորի կանանց խումբը, որը ստեղծվել է 2016 թ․ «Կանաչ արահետ» ՀԿ-ի աջակցությամբ, որոշել է վերականգնել ավանդույթները և հիմնել է կարմիր տաքդեղի մթերման, վերամշակման և փաթեթավորման փոքր արտադրամաս աղացած կարմիր պղպեղ ստանալու համար։ Մինչ այդ խմբի անդամներից ամեն մեկն իր համար աճեցնում էր պղպեղը, տանում շուկա վաճառելու։ Հիմա աշխատանքը թիմային է՝ սկսած մշակելուց և վերջացրած վաճառելուց ու նոր գործընկերներ ու սպառող ներգրավելուց։ Ապրանքը որակով է, ներկայանալի, կանայք հոգում են ամեն մի մանրուքի մասին։ Արտադրանքը կոչվում է «Ուրցաձորյան կարմիր պղպեղ»։

«Մենք ստացանք բանալի և կամաց-կամաց բացում ենք հաջողության կողպեքները։ Մենք սովորեցինք ոչ միայն ավելի որակով ապրանք մշակել, այլև մեզ գնահատել, արժևորել մեր աշխատանքը, գիտակցել, որ հողի հետ կարող ենք լինել մի ամբողջություն»,- ասում է խմբի համակարգող Քնարիկը։

Լուկաշինի լուսաշող չրերը

«Ես համաձայն չեմ, որ կինը միայն պիտի ճաշ եփի ու տուն մաքրի»,- ասում է Քրիստինեն՝ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի «Լուսաշող» կանանց խմբի ղեկավարը, որը 2011-ից զբաղվում է չրագործությամբ։

Քրիստինեն ամուսնացել է 9-րդ դասարանում ու 10 տարի տնային տնտեսուհի է եղել: Հետո ամուսինը չորանոց է բերել և առաջարկել փորձնական աշխատել: «Փոքրիկ աղջկաս հետ սկսեցինք չիր պատրաստել՝ տանձ, խնձոր, դեղձ, ինչ կա։ Արդյունքը լավ էր, մյուս տարի ավելի շատ չիր ստացանք՝ տասը արկղ, հաջորդ տարի ավելի շատ։ Հետո ծանոթացանք տիկին Նունե Սարուխանյանի հետ և ընդգրկվեցինք «Կանաչ արահետում», որն օգնեց լուծել սերթիֆիկացման հետ կապված հարցերը։ Այս տարի արդեն պատվերով բանանի չիր ենք պատրաստել մի առևտրային կազմակերպության համար»:

Չիչխան. Կարճաղբյուրի այցետոմսը

Վիկտորյա Խաչատրյան

Կարճաղբյուր համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Բնակչության մեծ մասը զբաղվում է չիչխանի հավաքով: 2015-ից սկսած՝ «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը համայնքում ձևավորվել է կանանց ոչ ֆորմալ խումբ, որը զբաղվում է չիչխանի հավաքով և վերամշակմամբ։ Հետագայում «Կանաչ արահետի» կազմակերպած դասընթացների, փորձի փոխանակման, հանդիպումների շնորհիվ որոշվել է, որ համայնքում չիչխանի վերամշակման հնարավորինս ավտոմատացված արտադրամաս պետք է հիմնել։ Արտադրամասը հիմնվել է, այժմ չիչխանը վերամշակվում է ժամանակակից պայմաններում և թարմ կամ յուղերի, հյութերի, խյուսերի տեսքով ներկայացվում փառատոներում, վաճառվում որոշ խանութներում։ Այս պահին խմբի խնդիրը լիցենզիան է, որը ձեռք բերելուց հետո կանայք կարող են իրենց արտադրանքը սպառել նաև խոշոր առևտրի կենտրոններում, նույնիսկ արտահանել։

Օղի՝ կանանց ձեռքով

2015 թ. ձևավորվել է Ձորաղբյուրի կանանց խումբը, որը զբաղվում է ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի, հատապտուղների, կանաչեղենի և դեղաբույսերի մշակմամբ՝ բրոկոլի, պրասա սոխ, ծնեբեկ, սորեկ, արտիճուկ, քաղցր ռեհան, հազրեվարդ, նարդոս և այլն: Բացի մշակությունից, նրանք զբաղվում են վերամշակմամբ. չորացնում են կանաչեղենը, պահածոյացնում բանջարեղենը, պտուղներն ու հատապտուղները:

Անցյալ տարի խմբի կանանցից մեկը՝ Հայարփին, սկսել է զբաղվել նաև մրգային տնական օղիների արտադրությամբ։ Թիմի կանանցից մեկը նույնիսկ ծիրանի օղի է թորում։

Խումբը նաև ստեղծել է գյուղի կանաչապատման հիմնադրամ, որի շնորհիվ փորձելու են Ձորաղբյուրի փողոցները կանաչապատել, հիմնել ծառուղիներ:

Արենիի կանանց խումբը

խաղող

Կանանց խմբերից ամենափորձառուն թերևս Արենիի խումբն է, որը ստեղծվել է 2009 թ.։ Սկզբում սա կանանց ֆերմերային դաշտային ակումբ էր, հետո «Կանաչ արահետի» հետ համագործակցության արդյունքում ձևավորված խմբի հիմքի վրա 2013 թ․ ստեղծվում է «Արենիի կանանց խումբը»։ Մարզի ավանդույթը չխախտելով՝ Արենիի կանայք նաև գինի են պատրաստում, քաղցր սուջուխ, քացախ, խոտաբույսեր ու կանաչի են չորացնում։

«Կանաչ արահետի» միջոցով խումբը ձեռք է բերել նաև ժամանակակից չորանոց, որն աշխատում է արևային էներգիայով։ Այս չորանոցի շնորհիվ կանայք կզարգացնեն չրագործությունը՝ ստանալով որակի և քանակի առումով մի քանի անգամ ավելի արդյունավետ արտադրանք, իսկ գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ արտադրանքի պահանջարկն էլ ավելի կմեծանա։

Սեպտեմբերի 15-ին Կիրովի անվան մանկական այգում ասեղ գցելու տեղ չկար։ «Կանաչ արահետ» ՀԿ-ն անցկացնում էր արդեն ավանդական դարձած Բերքի տոնը կամ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը, որին մասնակցում էին 200-ից ավելի ֆերմերային խմբեր ու անհատներ, հազարավոր այցելուներ։ Դա Բերքի տոն էր բառիս բուն իմաստով։ Ողջ այգին լի էր գյուղական բարիքներով, իսկ տոնական տրամադրությունն ապահովված էր գյուղական նիստուկացի, ավանդույթների բեմադրմամբ, երգուպարով, հետաքրքիր մրցույթներով։

Բերքի տոն

Միջոցառման շրջանակներում «Լավագույն ձեռներեց» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Մաունթի» ընկերությունը, որն արտադրում է խոտաբույսերով թեյ, «Լավագույն ֆերմերային խումբ» ճանաչվեց Շիրակի մարզի Հայկավան համայնքի «Կանաչ հույս» խումբը, որն աճեցնում է ոչ ավանդական բանջարեղեն և հատապտուղներ, իսկ «Լավագույն կանանց խումբ» ճանաչվեց Տավուշի մարզի «Էկո-Բերդ» կանանց խումբը, որը զբաղվում է հատապտուղների աճեցմամբ ու վերամշակմամբ։

Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, սա ոչ միայն Բերքի տոն է, այլև գյուղացու մեծարման օր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: