Հայերեն   English   Русский  

​ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿՆԵՐ


  
դիտումներ: 5126

Հայ ազնվական շատ տոհմեր իրենց իշխանությունը կորցնելուց հետո, որպես կանոն, մարել են, անհետացել պատմության թատերաբեմից:

Ուրիշ էր Զաքարյանների փառապանծ տոհմի պարագան: 1021 թ.` Վասպուրականի Արծրունիների թագավորության անկումից հետո, Արծրունիների մի ճյուղը, տեղափոխվելով Լոռի, Դավիթ Ա Անհողին արքայից ստանալով Խոժոռնի բերդը, հաստատվեց այստեղ՝ հետայսու պատմության մեջ կոչվելով Զաքարյան: XII-XIII դդ. Զաքարյանները կերտեցին հայոց փառքը, վերականգնեցին հայոց պետականությունը, սակայն մոնղոլական վերահաս արշավանքները կասեցրին հայոց պետության ընթացքը: Իսկ Զաքարյանների տոհմը զիջեց առաջնությունը հայոց քաղաքական կյանքում, սակայն չմարեց: Դարեր անց Զաքարյան տոհմի ներկայացուցիչները կրկին հանդես եկան հայության կյանքում արդեն որպես Արղության-Երկայնաբազուկներ:

Երկայնաբազուկ պատվանունը Զաքարյաններից առաջինը կրել է Սարգիս Մեծ իշխանը, որ ցուցաբերած զինական աջակցության և անձնական քաջության համար 1178 թ. վրաց արքա Գեորգի Երրորդից ստացավ Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ պատվանունը: Իսկ XIII դարի վերջին մոնղոլների Արդու խանը Զաքարյաններին շնորհեց Արղութ պատվանունը, որ չաղաթայերեն նշանակում է «կռնակ», «թիկունք»: Այդ ժամանակներից էլ տոհմը հայտնի է Արղության-Երկայնաբազուկ անվամբ:

Մոնղոլական արշավանքների և դրանց հետևած իրադարձությունների հետևանքով Զաքարյան-Արղությանները կորցրեցին իրենց կալվածքները՝ պահելով միայն Լոռվա Սանահին գյուղը, որտեղ գտնվում են տոհմական դամբարաններն ու տապանատները: Եվ հայրենական Սանահին գյուղում տոհմի շատ ներկայացուցիչներ այսօր էլ կրում են Զաքարյան կամ Արղության ազգանունը:

Արղությանները մեծ դերակատարություն են ունեցել ոչ միայն հայոց, այլև վրաց քաղաքական կյանքում:

Մեզ է հասել վրաց Հերակլ Բ Բագրատունի արքայի երկլեզու՝ հայերեն և վրացերեն հրովարտակը, որում հաստատվում է նրանց զինանշանը. «Աստծո ողորմությամբ, մենք` Իրակլի Երկրորդ, թագավոր Քարթլիի, թագավոր Կախեթիի... Քանի որ տոհմի ծագումը հաստատվում է հին և հայտնի նախնիներով, այդ պատճառով անհարմար չէ մեզ տալ այս վկայականը Արղության տոհմին, անվանյալ Երկայնաբազուկ, քանզի նրանք ծագում են Հայաստանում և Իվերիայում մեծ և հայտնի տոհմից, ինչպես վկայում են մեր պատմագիրները, հատկապես թագուհի Թամարի ժամանակների, որոնք հայտնում են գեներալ-ֆելդմարշալ Զաքարե և Իվանե Աթաբեկների մասին, որովհետև նրանք մեծ ծառայություն են մատուցել Բագրատիոն տոհմին (Վրաց Բագրատունի)... Որի համար և տալիս ենք նրանց նշանակ, որովհետև պատվված են նրանք ոչ միայն հին ձեռագրերում և քարե շինությունների պատերին արված արձանագրություններով, այլև իրենք ընտանեկան զինանշանով, որի վրա, որպես նրանց սպարապետության խորհրդանիշ, արծաթե դաշտում պատկերված է վահան, խաչ և Սուրբ Աստվածածինը` ձախ ձեռքին Մանուկ Հիսուսին, ներքևի աջ կողմում պատկերված է թուր պահող թև, որպես խորհրդանիշ արի ազգանվան: Ձախ կողմում վահան է, որի մոտ կանգնած նիզակ է: Այս բոլոր նշանները վերևում պսակված է թագով: ... Իրակլի Երկրորդ, 1783 թ., օգոստոսի 28-րդ օր»:

Արղությանները ոչ միայն վրաց, այլև ռուսաց արքունիքի ազնվականներ էին համարվում: Դեռևս ռուսաց Եկատերինա Բ Մեծ կայսրուհու կառավարման շրջանում (1764-1796) Արղությանները ելումուտ ունեին արքունիքում:

1800 թ. ռուսաց Պավել Ա կայսրը հատուկ հրամանագրով Արղության-Երկայնաբազուկներին ընդունեց ռուսական ազնվականության շարքը և հաստատեց նրանց տոհմային զինանշանը՝ վահան՝ վրան Արղության-Երկայնաբազուկների ժառանգական սպարապետությունը խորհրդանշող դրոշով և այլ նշաններով։ Իսկ միջնադարում Զաքարյանները, որոնք սերել են Վասպուրականի Արծրունիներից, կրում էին արծվակիր խորհրդանշաններ:

Արղությանների տոհմից նշանավոր էր արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը, որ ռուսաց արխիվներում հիշատակվում է որպես Արգուտինսկի: Նա ծնվել է Սանահինում, սովորել Էջմիածնում, դարձել է ռուսահայոց հոգևոր առաջնորդը, ապա՝ ղրիմահայերի: Լծվելով ռուսական ռազմակառքին՝ արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով, իշխան Գրիգորի Պոտյոմկին Տավրիդյանի հետ մեկտեղ հայաթափեց Ղրիմը՝ տեղի հայերին բռնի գաղթեցնելով և բնակեցնելով հարավռուսական տափաստաններում:

Հովսեփ արքեպիսկոպոսը 1800 թ. ռուսական կաբինետի ճնշումներով ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս, սակայն Վաղարշապատ գնալու ճանապարհին Թիֆլիսում մահացել է և չի աթոռակալել:

Արղությանների տոհմի երկրորդ վերածնունդը եղավ XIX-XX դարերում: Այս ժամանակամիջոցում հայոց քաղաքական-մշակութային կյանքում իրենց առաքելությունն իրականացրին գեներալ Մովսես Արղության-Երկայնաբազուկը, հայ ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Հովսեփ Արղության Երկայնաբազուկը՝ նույն ինքը՝ Իշխանը՝ Տաշոն, Թիֆլիսի քաղաքագլուխներ Նիկողայոս և Ալեքսանդր Արղության-Երկայնաբազուկները, դիվանագետ Վարդան Արղության-Երկայնաբազուկը…

Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր: Աչքի է ընկել XIX դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներում: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հետ միասին լծվելով ռուսական ռազմակառքին՝ կազմակերպել է Պարսկահայքի հայաթափումը՝ տեղի հայությանը բնակեցնելով Երևանի շրջանում: Ռուսական կառավարությունը բարձր է գնահատել նրա ծառայությունները, և 1829-1830 թթ. իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկը նշանակվել է Հայկական մարզի պետ: Հետագայում ռուսական զորքի կազմում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը: 1847-ին նշանակվել է Դերբենդի զինվորական նահանգապետ, ապա՝ Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ: Հիմնել է Թեմիր-խան-Շուրա քաղաքը:

Մահացել է 1855 թ., 57 տարեկան հասակում: Թաղված է հայրենի Սանահին գյուղում՝ Արղության-Երկայնաբազուկների տոհմային դամբարանում:

Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը 1891-1904 թթ. երեք անգամ ընտրվել է Թիֆլիսի քաղաքապետ: Երեք դեպքում էլ կիսատ է թողել պաշտոնավարումն ու հրաժարական տվել: Աչքի է ընկել քաղաքում շինարարական գործունեությամբ: Հովանավորել է կրթական գործը: Նա ուներ 10 հազար գրքերից բաղկացած անձնական գրադարան՝ լավագույններից մեկը Կովկասում: Կտակել էր, որ իր գրադարանն անպայման տեղափոխվի Երևան:

Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը մահացել է 1916 թ,. Թիֆլիսում: Աճյունն ամփոփված է Սանահինի վանքում:

1919 թ. ՀՀ լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի գրադարանը գնեց ՀՀ կառավարությունն ու տեղափոխեց Երևան: Այդ գրադարանը հետագայում ՀՀ Ազգային գրադարանի մաս կազմեց:

Հայտնի բարեգործ էր նաև իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի կինը՝ Մարիամ Միրզայանցը:

Առհասարակ Արղության-Երկայնաբազուկները աչքի են ընկել բարեգործական ձեռնարկներով: 1871 թ. Ալեքսանդրապոլում բացվեց Արղության Հայ օրիորդաց վարժարանը՝ իշխան Ղահրաման Արղության-Երկայնաբազուկի կտակի համաձայն: Դպրոցն ուներ երկու դասարան և երկու նախապատրաստական բաժանմունք: Ուսման տևողությունը չորս տարի էր: Ապա այն դարձել է վեցամյա, իսկ 1905-ից՝ միջնակարգ: Սովորում էին 8 տարեկան աղջիկներ: Դասավանդվող առարկաների թվում էին հայոց լեզու, ռուսաց լեզու, գերմաներեն, ֆրանսերեն, կրոն, հայոց պատմություն, ձեռագործություն, նկարչություն, աշխարհագրություն, բնագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, հայ գրականություն… Այստեղ դասավանդել է նաև անվանի գրող Ղազարոս Աղայանը: 1917 թ. Արղության հայ օրիորդաց վարժարանում սովորում էր ավելի քան 380 աշակերտուհի:

Դպրոցը գործել է մինչև 1921 թ. և փակվել բոլշևիկների կողմից:

Անվանի հասարակական գործիչ, մանկավարժ և բարեգործ էր Սոֆիա Արղության-Երկայնաբազուկը: 1881 թ. Թիֆլիսում բացել է առաջին մանկական գրադարանը, հինգ տարի անց՝ մանկապարտեզ: Եղել է Թիֆլիսի Հայ ուսուցիչների միության երկարամյա նախագահը: Մահացել է 1954 թ., 94 տարեկան հասակում:

Մայրական կողմից Արղության-Երկայնաբազուկներ են նաև աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրները: Նրանց հայրը՝ Աբգար Օրբելին, ամուսնացել էր Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: