Հայերեն   English   Русский  

​Պրոֆեսիոնալիզմն առաջին հանրապետության խորհրդարանում առավել ընդգծված էր․ պատմաբան


  
դիտումներ: 3558

Հայությունն այս տարի նշում է առաջին հանրապետության խորհրդարանի 100-ամյակը։ Ուղիղ մեկ դար առաջ հայությունը երկրի անկախությունը հռչակելիս նախապատվություն տվեց խորհրդարանական համակարգին։ Այնպես է ստացվել, որ պատմական իրադարձություններից 100 տարի անց նորից անցում ենք կատարել խորհրդարանական համակարգի․ սահմանադրական փոփոխություններն այս տարի ամբողջությամբ ուժի մեջ են մտել։

«Անկախն» առաջին և երրորդ հանրապետությունների միջև պատմական զուգահեռներ է անցկացրել՝ զրուցելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ։

- Պարոն Մինասյան, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեկդարյա տարբերությամբ գործող երկու խորհրդարանական համակարգերի միջև։

- 1918-ի օգոստոսի 1-ին հենց քաղաքային ակումբի շենքում բացվեց խորհրդարանը։ Բացման պատիվը վերապահվեց ամենատարեց պատգամավորին՝ Ավետիք Սահակյանին։ Մեր օրերում էլ է այդ կարգը գործում։ Եվ փաստորեն քվեարկության ընթացքում էլ դաշնակցական, մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը խորհրդարանի նախագահ ընտրվեց։ Անդրանիկ նիստում խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը և Հովհաննես Քաջազնունուն որպես երկրի վարչապետ։

Վարչապետն իր ծրագրային ելույթով ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Այն կարծես հանրապետության գոյության ծրագիր էր․ ներքին քաղաքականությունում գլխավոր խնդիրը համարվում էր սովի, համաճարակի և գաղթականների խնդիրների լուծումը, հիվանդությունների դեմ պայքարը, պարենամթերքի ապահովումը, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում՝ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների ապահովումը։

Իսկ խորհրդարանի գլխավոր խնդիրներից մեկն էր սահմանադրության ընդունումը, որն այդպես էլ չկարողացան իրականացնել։

- Իսկ քաղաքական առումով տարբերություններն ինչպիսի՞ն են։

- Խորհրդարանական հանրապետությունում, բնականաբար, վարչապետի գործառույթներն առավել ընդլայնված են։ Բայց երբ համեմատում ենք ներկայիս խորհրդարանի հետ, որոշակի տարբերություններ կան։ Ներկայիս համակարգում վարչապետի լիազորությունները շատ ավելի մեծ են, քան այն ժամանակ, դա սահմանադրությամբ է ամրագրված։ Ներկայում նաև նախագահի լիազորություններն են բավականին սահմանափակ։

Իսկ այն ժամանակ, քանի որ սահմանադրությունն այդպես էլ չընդունվեց, փոփոխվում ու հարմարեցվում էին նախկինում գործող օրենքները։ Իսկ դա անողը խորհրդարանն էր։

Այս խորհրդարանում ընդդիմությանը որոշակի լիազորություններ են տրված։ Նաև տարբեր քաղաքական ուժեր են ներկայացված։ Իսկ առաջին հանրապետության տարիներին, եթե սկզբում ընդդիմությունը ներկայացված էր խորհրդարանում, ապա ընտրություններից հետո այն կարծես միակուսակցական համակարգ լիներ։

- Հաշվի առնելով պատերազմող երկիր լինելու հանգամանքը՝ խորհրդարանական համակարգը որքանո՞վ է արդարացված թե՛ առաջին հանրապետության, թե՛ երրորդ հանրապետության պարագայում։

- Հաճախ են մեղադրում առաջին հանրապետությանը խորհրդարանական համակարգն ընտրելու համար՝ պատճառաբանելով, որ սովի ու պատերազմի պայմաններում նախագահական համակարգն առավել արդյունավետ կլիներ։

Այսօր էլ այդ քննադատությունը լսվում է, որ պատերազմող երկիր ենք և մեզ համար ավելի կարևոր է կենտրոնացումը։

Բայց խորհրդարանական հանրապետությունն ուներ իր առավելությունները։ Ցանկացած որոշում կոլեկտիվ էր ընդունվում՝ նախապես քննարկելով։ Այսինքն՝ հայության համար կարևորագույն որոշումները կայացվում էին ոչ թե միանձնյա, այլ քվեարկության էին դրվում և ընդունվում ձայների մեծամասնությամբ։ Դրանք կարևորագույն որոշումներ էին։ Ճիշտ է, անմիջական պատասխանատուն էլի վարչապետն էր, բայց քննարկման արդյունքում էին որոշումներն ընդունվում՝ կոլեկտիվ պատասխանատվությամբ։

Ճիշտ է, սովորաբար պատերազմող երկրներում ավելի շատ նախագահական հանրապետության տարբերակն է կիրառվում։ Բայց չպետք է անտեսել խորհրդարանական համակարգի առավելությունը. այստեղ որոշումները մեկ անձի թելադրանքով չեն կայացվում։

- Հայտնի է, որ խորհրդարանական համակարգը երբեմն ճգնաժամերի է հանգեցնում։ Այս առումով կա՞ն դասեր, որ պետք է քաղենք առաջին հանրապետության պատմությունից։

- Առաջին հանրպետության տարիներին հատկապես երկրորդ խորհրդարանը նիստեր չգումարեց պատերազմի օրերիին, որը խիստ կարևոր էր խնդիրները քննարկելու և որոշումներ կայացնելու տեսանկյունից: Ռազմական գործողությունների պատճառով պատգամավորները գործուղվեցին քարոզչական և այլ աշխատանք կատարելու, և նիստեր չգումարվեցին։ Շատ կարևորագույն որոշումներ, որոնք պետք է կայացվեին, կամ քաղաքական համաձայնագրեր, հայտարարություններ, որ պետք է ընդունվեին, չընդունվեցին։ Մայիսյան ապստամբությունից հետո էլ նիստեր չգումարվեցին։ Դա բացասական ազդեցություն ունեցավ։ Բայց պետք է նշեմ, որ ներկայիս խորհրդարանը նիստեր անցկացնում է պարբերաբար և հետևողական։

Երկրորդ դասը բազմակուսակցական համակարգի, կուսակցությունների կայացման գործընթացի ապահովումն է։ Նախկինում ՀՅԴ-ն էր թելադրող ուժը և ևս 2-3 կուսակցություն։ Այսօր կուսակցությունների թիվը 6 տասնյակի է հասնում, որոնց մեծ մասը մարդ կուսակցություններ են՝ պայմանավորված լիդերով։ Մարդ կուսակցությունները կուսակցության համարում չունեն։ Կան մի քանի կուսակցություններ, որոնք ավանդույթի ուժով ձևավորված են։ Կուսակցությունների կայացման համար որոշակի փուլ է պետք։

Կուսակցության քաղաքական խնդիրը չպետք է լինի միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցելը։

Առաջին հանրապետության տարիներին արտախորհրդարանական կուսակցություններ կային, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել։ Ներկայումս նման կուսակցություններ չունենք։ Այս առումով առաջին հանրապետությունից ընդօրինակելու բաներ ունենք, որը կբերի հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացմանը։

- Հայաստանի խորհուրդը, որը 1918-ի օգոստոսի 1-ին նիստ հրավիրեց, ընտրված խորհրդարան չէր։ Նրան որքանո՞վ հաջողվեց լեգիտիմ գործունեություն ծավալել և օրինական ընտրություններ կազմակերպել։

- Նախ՝ խորհրդարանն իրոք ընտրական տեղամասերի բաժանման և ակտիվության տեսակետից հաջողության հասավ, բայց հիմնական քննադատությունն այն է, որ գրեթե միակուսակցական խորհրդարան ձևավորվեց։ Բայց երբ ընտրության արդյունքներն ենք դիտարկում, իրոք այդքան քվեներ են ստացել։ Կային այլընտրանքային թեկնածուներ, որ այդքան հեղինակություն չունեին, որքան դաշնակցական գործիչները։

Այն ժամանակվա խորհրդարանում այնքան մեծ թաղային հեղինակություններ չկային, ինչպես այսօր, կամ կաշառք բաժանելու փաստեր չեն արձանագրվել, տեղամասերում լցոնումների դեպքեր չեն արձանագրվել։

Ավելի ազնիվ մարդիկ էին իշխանության գլխին, ավելի հետևողական իրենց գործունեության մեջ։ Օրինակ բերեմ. վարչապետներից Համո Օհանջանյանի որդիները, Հովհաննես Քաջազնունու որդին զոհվեցին պատերազմում։ Նրանք մարդիկ էին, որոնք իրենց անձնականը զոհաբերում էին հանրապետության կայացման գործին։ Սրանք կարևոր փաստեր են, որոնք պետք է հաշվի առնել առաջին հանրապետության դասերի թվում։

Անկախության գրավականը հենց այն է, որ կարողանանք ճիշտ եզրակացություններ անել և դասեր քաղել առաջին հանրապետության պատմությունից։ Քանի որ երբեմն մոռանում ենք, որ գրեթե նույն պայմաններում ենք ապրում, նույն հարևաններն ունենք, որոնք շարունակում են իրենց նախկին ծավալապաշտական քաղաքականությունը։

- Պարո՛ն Մինասյան, իսկ մասնագիտացվածությամբ և պատրաստվածության առումով առաջին հանրապետության և ներկայիս խորհրդարանները որքանո՞վ են համեմատելի։

- Առաջին խորհրդարանում ներգրավված էին մարդիկ, որոնք ունեին նեղ մասնագիտական կողմնորոշում, փորձառության տեսակետից էլ մարդիկ էին, որոնք ճանապարհ էին անցել, իրենց ոլորտում որոշակի ներդրում ունեին։

Այսօրվա խորհրդարանի կազմում էլ կան փորձառուներ։ Չես կարող պահանջել, որ միայն մտավորականներ լինեն խորհրդարանում, բնակչության տարբեր խավի ներկայացուցիչներ պետք է լինեն։ Բայց հանձնաժողովների կազմերը համեմատելիս ակնհայտ է դառնում, որ պրոֆեսիոնալիզմն առաջին հանրապետության խորհրդարանում առավել ընդգծված էր։

Չնայած ներկայում բարձրագույն կրթությամբ պատգամավորների թիվը մեծ է, բայց պրոֆեսիոնալիզմի և փորձի առումով, իմ կարծիքով, զիջում են։

- Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինի ազգայն ժողովի համար սահմանված նշաձողը։ Գուցե Գերագույն խորհուրդը կամ առաջին հանրապետության խորհրդարա՞նը պետք է սահմանենք որպես նշաձող։

- Իմ կարծիքով՝ շատ ավելի բարձր նշաձող պետք է սահմանվի։ Պատգամավորը չպետք է լինի կոճակ սեղմող, մասնագիտական որակ և մակարդակ պետք է ունենա, հասկանա քննարկվող օրենքներից։ ԱԺ-ն նաև օրենքներ մշակելու տեղ է, ուստի պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր է։

Ընտրական համակարգում առաջնայինը պետք է լինի գաղափարական ուղղվածությունը։

- 1990-ին էլ կարճ ժամանակով խորհրդարանական համակարգ ունեցանք։ Այն իրեն որքանո՞վ արդարացրեց։

- 90-ականներին ձևավորվեց Գերագույն խորհուրդը Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ։ Այն ունեցավ մեծ նշանակություն հանրապետության սկզբի համար՝ սահմանադրական օրենքների հիմքերը դնելով։

Բայց նրա թերությունը որն էր, որը և հիմք դարձավ նախագահական համակարգին անցնելու համար։ Շատ դեպքերում վարչապետի և Գերագույն խորհրդի նախագահի գործառույթները հստակ չէին, միախառնվում էին։ Հստակ սահմանված չէր, թե կոնկրետ իրադրությունում որն ինչ իրավասություն ունի, ինչը և հաճախ խանգարում էր։ Դա էլ հաճախ ընդհարումների և հակասությունների պատճառ էր դառնում։

- Ամփոփելով մեր պատմական փորձը՝ մեր երկրի համար ո՞ր համակարգն է իրեն արդարացրել։

-Խորհրդարանական համակարգն ունի իր առավելությունները, և եթե ղեկավարման սկզբունքները ճիշտ կիրառվեն, եթե ընտրական համակարգը ճիշտ գործի և լեգիտիմ լինեն ընտրությունները, խորհրդարանական համակարգը ժողովրդի վստահության լավագույն հնարավորություն կտա։ Միայն մի վտանգ կա՝ ռազմական գործողությունների վտանգը։ Այստեղ էլ վարչապետի սկզբունքայնության շնորհիվ հնարավոր է հաջողություն ունենալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: