Հայերեն   English   Русский  

Տաքսիստներին հարկերից ազատելը ընտրակաշա՞ռք է. Պետրոս Ղազարյանի պարզաբանումը


  
դիտումներ: 564

Կառավարությունը հապշտապ, ընտրություններից 2 օր առաջ որոշեց Երեւանի տաքսիստներին ազատել հարկերից՝ լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը եւ պարզաբանեց.

«Մենք չենք կարող ասել, որ սա ուղղակի ընտրակաշառք է, բայց ընտրություններից 2 օր առաջ այս մարդկանց խնդիրները չլուծել, հապշտապ ազատել հարկերից, դա գիտե՞ք ինչ է նշանակում. նշանակում է, որ այդ խնդիրը չի լուծվել, չէ՞, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդկանց խնդիրները հետո լուծելու են շատ ավելի վատ ձեւով, որովհետեւ այդ խնդիրները պետք է լուծվեն»։

Պետրոս Ղազարյանը նշեց, որ աշխարհում չկա երկիր, որտեղ տաքսու վարորդները որեւէ ձեւով պետության հետ չառնչվեն եւ հարկ չմուծեն.«Որովհետեւ եթե տաքսու վարորդը հարկ չի մուծում, ավտոբուսի վարորդն ասելու է՝ ես ինչի եմ մուծում, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդկանց սոցիալական վճարները պետք է հստակեցնել, որ այսօր տաքսի քշելը սոցիալական հարց է, բայց հարկերից ազատելը երկար չի տեւելու»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախից տեսակապով Աջափնյակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների հետ կապված քննարկումներ է անցկացնում ու մի հարցով արդեն որոշում ունեն. «Մենք, կարծեք թե, շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Մենք շատ մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Սա շատ կարեւոր որոշում է, այն ունի սոցիալական նշանակություն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: