Հայերեն   English   Русский  

Տիգրան Համասյանի լոսանջելեսյան ելույթի հասույթի մի մասը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամին


  
դիտումներ: 1183

Հռչակավոր դաշնակահար և երգահան Տիգրան Համասյանը հոկտեմբերի 14-ին ելույթ է ունենալու Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։

Կատարողական արվեստի կենտրոնում (CAP) կայանալիք համերգի խորագիրն է «Ձոն Գյումրուն»։ Սա երաժշտական իմպրովիզացիայի վարպետի վերջին ալբոմի վերնագիրն է, ու հենց այս հավաքածուի գործերն են հնչելու սրահում։

Համալսարանական սոլո համերգի հասույթի 10 տոկոսն ուղղվելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամին (ՔՈԱՖ)։ ՔՈԱՖ-ի տնօրենների խորհուրդը հոգում է Հիմնադրամի բոլոր վարչական ծախսերը, իսկ բարերարների նվիրատվությունը 100 տոկոսով ուղղվում ու ծառայում է հենց ծրագրերի իրագործմանը։

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի առաջատար դերը գյուղական համայնքների զարգացման գործում հատկապես ամրապնդվեց Լոռու մարզում տեխնոլոգիապես նորարար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացմամբ,- ասաց ՔՈԱՖ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, դոկտոր Գարո Արմենը։- Մենք բարձր ենք գնահատում CAP UCLA հետ գործընկերային համաբերությունները՝ հիմնված նույն արժեքների ու առաքելության վրա։ Շնորհակալ ենք, որ համերգի հասույթից ՔՈԱՖ-ին նվիրատվություն են անում։ Եվ հատկապես շնորհակալ ենք Տիգրան Համասյանին՝ հայրենիքում երեխաների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար»։

Դաշնակահար Տիգրան Համասյանը մշտապես փորձել է Հայաստանում դրական փոփոխություններ բերել իր նվիրումով և միացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամին՝ երիտասարդներին քաջալերելու գործում։

Երաժիշտ, կոմպոզիտոր, ծնունդով գյումրեցի Տիգրան Համասյանը հռչակվել է իր սերնդի ամենանշանակալի ու յուրօրինակ ջազա-ռոքային դաշնակահարներից մեկը։ Նա աննկարագրելի վարպետությամբ է մերում ջազային իմպրովիզացիան ու ժողովրդական երաժշտությունը։

Բրիտանական «The Guardian» թերթը հիացմունք է հայտնել. «Նա ջազի ամենաթեժ դաշնակահարներից է, սիրում է տարբեր բաներ խառնել միմյանց՝ բիբոփ, թրեշ-մետալ կամ դաբսթեփ։ Բայց իր սիրտը ժողովրդական մեղեդիների մեջ է՝ հայրենի Հայաստանում»։

* * *

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը. երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։

Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։

2006-ին հաղթող է ճանաչվել աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթում (Thelonious Monk International Jazz Competition)։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Կատարողական արվեստի կենտրոնը(CAP UCLA) աշխարհի առաջատար արվեստագետների միջոցով խթանում էժամանակակից կատարողական արվեստի խթանումը բոլոր ուղղությունները՝ պար, երաժշտություն, խոսքի արվեստ ու թատրոն, ինչպես նաև նոր ձևավորվող թվային, համատեղ ու խաչաձև հարթակներ։ UCLA-ի արվեստի ու ճարտարապետության դպրոցի մաս կազմող այս կենտրոնը անմիջական հարաբերություններ է հաստատում այն արվեստագետների հետ, ովքեր յուրօրինակ գործեր են հեղինակում։ Դա դինամիկ կրթական միջավայր է ստեղծում և՛ համալսարանի տարածքում, և՛ ողջ համայնքում։

Կազմակերպությունն օժանդակում է ստեղծագործ ծրագրերին՝ արվեստագետներին աջակցելով ֆինանսապես, նրանց փորձարկումների ժամանակ տրամադրելով, մեծացնում է նրանց ռազմավարական կապերն ու համագործակցության հարթակներ է ձևավորում։

CAP UCLA-ն նաև ապահով հանգրվան է, ուր ծաղկում են ապրում մշակութային տարբեր արտահայտչաձևերն ու գեղարվեստական նորարար հետազոտությունները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: