Հայերեն   English   Русский  

Հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարուածություն առաջացնող մոտեցումներից. Արամ Առաջին


  
դիտումներ: 504

այաստանի Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը հադես է եկել հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձով: Արամ Առաջինի ուղերձը ներկայացված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ անկախ հայրենիքը, բնականաբար, ունեցել է թերություններ և հաջողություններ, սակայն այն շարունակել է հայրենաշինության աշխատանքը շնորհիվ մեր ժողովուրդի գործուն մասնակցության։


«Հայրենիք հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ առաքելություն է գերազանցորեն»,- ընդգծել է Հայրապետը՝ ավելացնելով, որ ներկայիս Հայաստանը դեմ հանդիման է կանգնած նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովուրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը։

Նորին Սրբությունը նշել է, որ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է բոլորին՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննություն, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք կերտել հայրենիքի ապագան։

Խոսելով Հայաստանի ներկա կացության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնակամությունը հրամայական անհրաժեշտություն է։

Նորին Սրբությունը կոչով դիմել է՝ հեռու մնալ ներքին բևեռացումներից ու լարվածություն առաջացնող մոտեցումներից և արտահայտություններից թէ Հայաստանում, թե Սփյուռքում. «Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունն աղբյուր է հզորության ու երաշխիք մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»։

Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ Հայրապետը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայումը կարիք ունի համահայկական ճիգերի, ինչպես՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերությունների առավել ծավալումը։

Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերն անկախության պահպանման մէջ. «Մեր նոր օրերի թշնամիների դիմաց գիշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նոր օրերի հերոսները։ Մենք հայոց բանակի հետ ենք բառին ամբողջական իմաստով»։

Անդրադառնալով հայ ազգի գոյատևման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարությանը՝ Արամ Առաջինն ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգևոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ և Խրիմյան Հայրիկի մարտունակությամբ Հայաստանի անկախության դրոշակիրն է դարձել։ Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներում իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետև մեր եկեղեցին մեր ժողովուրդն է»։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայ եկեղեցին միշտ հայրենիքի կողքին է, ջատագովը մեր հայրենիքի անկախության։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: