Հայերեն   English   Русский  

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այցելեց Եռաբլուր


  
դիտումներ: 539

Այսօր՝ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կուսակցության անդամների և համախոհների հետ այցելեց Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին:

Կուսակցության նախագահն օրվա խորհրդի վերաբերյալ նշեց, որ յուրաքանչյուր հայ մարդու համար այսօր շատ կարևոր տոն է, քանի որ բոլորս միասին ձեռք բերեցինք Անկախություն, պայքարեցինք, ու նաև այդ պայքարի արդյունքն էր, որ ունեցանք ազատագրված Հայրենիք: Եռաբլուրը մեր ժամանակակից պատմության մեջ կարևոր վայր է, որովհետև այստեղ են մեր հերոսները, ում առջև խոնարհվում ենք, ու նաև՝ մեզ ուժեղ և ապահով ենք զգում, լիցքեր ենք ստանում: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ԱՍԱԼԱ-ն սկսեց ազատամարտը, որը հետագայում վերածվեց անկախ Հայաստանի, և այսօր ունենք անկախ բանակ՝ կայացած միակ քաղաքական ինստիտուտը, որը 2016 թվականին ասաց, որ կայացած է և պահեց մեր հողը:

Կուսակցության նախագահը մոտեցավ և Անկախության տոնի առթիվշնորհավորեց զոհված ազատամարտիկների, Հայոց ազգային բանակի նահատակների հարազատներին, ընդգծեց, որ նրանց կորուստը բոլորիս կորուստն է, և որ Եռաբլուրում հանգչող մեր հերոսներն էին, որ մեզ պարգևեցին Անկախություն:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ մեր բանակը ներկայում պաշտպանական է, սակայն այլևս պետք է լինի ազատագրական բանակ, և մեր ռազմական դոկտրինը նույնպես պետք է փոփոխության ենթարկվի՝ այլևս ոչ թե պաշտպանական, այլ կանխարգելիչ ու նաև հարձակվողական լինեն գործողությունները, որպեսզի թշնամին այլևս չհամարձակվի հարձակվողական գործողություններ իրականացնել:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյան մեր պատմության ամենացավալի էջերից է, և քաղաքական վերնախավի դավաճանության պատճառով է, որ մենք այստեղ ամփոփել ենք մեր զավակներին, մեր երիտասարդներին: Խոնարհվում ենք իրենց, իրենց ծնողների ու նաև ուսուցիչների առջև, որ այսպիսի ոգով երիտասարդներ դաստիարակեցին, և նրանք կանխեցին աղետը, որը պետք է գար, հասներ մինչև Ստեփանակերտ, Կապան և Սևան: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ սպասվող պատերազմում քաղաքական վերնախավը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի այլևս նման աղետ մեր դուռը չթակի: Եվ այլևս չպետք է լինի ոչ նպաստավոր պայմաններով զինադադար, ինչպես եղավ 1994 և 2016 թվականներին, այլ պետք է լինի ազատագրում Դաշտային Արցախի և Նախիջևանի, որովհետև այլ կերպ մենք չենք կարող կանխել ապագա հարձակումները: Եվ մենք ազգովի պետք է պատրաստ լինենք այդ ազատագրմանը՝ շուտափույթ կազմակերպելով նաև մեր քաղաքական ինստիտուտները:

Զորավար Անդրանիկի հուշաքարի մոտ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Զորավարն ամենաավագն է Եռաբլուրում ամփոփված մեր հերոսներից, և նրան համարժեք մեծությունը չունենք, ընդգծեց, որ բոլորս Զորավարի անցած ճանապարհով ենք դաստիարակվել, և իր պատգամը, իր ուղերձը, իր «Մարտական հրահանգները» այսօր էլ արդիական են և կիրառելի են մեր Ազգային բանակում: Բոլորս պետք է առաջնորդվենք այդ «Մարտական հրահանգներով», որոնք արդար են և կանոնակարգում են և՛ զինվորների, և մարդկային հարաբերությունները: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ երբ ինքը թույլ է զգում իրեն, ապա գալիս է Զորավարի մոտ, նայում է դեպի Արարատ, լիցքեր ստանում, նորից ուժեղանում և նորից գնում պայքարի...

Զարուհի Փոստանջյանը կուսակիցների և համախոհների հետ ծաղիկներ խոնարհեց ԱՍԱԼԱՅԻ, 2016 թվականի քառօրյա պատերազմի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Իգոր Մուրադյանի, Ռազմիկ Վասիլյանի, Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների, Զորավար Անդրանիկի և մեր մյուս հերոսների հուշաքարերին, ապա ընթերցեց կուսակցության շնորհավորական ՈՒՂԵՐՁԸ՝ Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

«ԵրկիրԾիրանի» կուսակցություն - Մաշտոցի 33/1 առաջինտարածք

0002 Երևան, ՀայաստանիՀանրապետություն

yerkirtsiraniparty@gmail.com-+37455403900-www.yerkirtsirani.am





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: