Հայերեն   English   Русский  

​Արթուր Ալեքսանյանից վրեժ են լուծում


  
դիտումներ: 1472

90-ականներին, երբ Գևորգ Ալեքսանյան հանրակրթական դպրոցի մարզաշենքը կիսավեր վիճակից մարզադահլիճի վերածեց, իր ձեռքերով տանիք կապեց ու գյումրեցի երեխաների համար ըմբշամարտի մարզադպրոց հիմնեց՝

համոզված էր, չեմպիոնների դարբնոց է դառնալու դպրոցը, ու նրանց փառքը առիթ կդառնա, որ մի լավ ու հարմարավետ մարզադահլիճ ունենան: Ալեքսանյանի կանխատեսումներն իրականացան՝ Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սաները Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ են, միայն թե մարզադպրոցի շենքն այդպես էլ նորոգման երես չտեսավ:

- Շատ երկար ժամանակ է այս հարցն առկա է, բայց լուծումներ չկան, հույս էլ չկա, - ասում է մարզադպրոցի մարզիչ Հովհաննես Ղուդրաթյանը:

Մարզիչը նշում է՝ սաների պակաս չունեն, գրանցած արդյունքներով էլ ոչ մի մարզադպրոցի չեն զիջում, եթե, իհարկե, չեն գերազանցում, բայց մարզումային կենցաղային պայմանները օր առաջ բարելավելու անհրաժեշտություն կա:

- Տարբեր օղակներից, պատկան ատյաններից այցելություն եղել է՝ եկել, նայել, ծանոթացել, խոստացել են ու դրանով ամեն ինչ սահմանափակվել է: Խոստումներից առաջ գործը չի գնացել:

Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունն է կրում, նա էլ է այստեղ մարզվում, Եվրոպայի չեմպիոն Կարապետ Չալյանն էլ ու էլի շատ չեմպիոններ: Առանց հատակի, հողի վրա, խոնավության մեջ, առանց օդափոխման համակարգի, ջեռուցման խնդիրներով, կաթացող տանիքով ու խորհրդային կարգերից հուշ մնացած մարզագույքով աշխարհն ու օլիմպիական բարձունքը նվաճած մարզիկների հանդեպ վերաբերմունքը նույնն է մնացել:
Մարզադպոցի տնօրենը Գևորգ Ալեքսանյանն է, նշում է՝ վերանորոգման խոստումներ հնչել են 2005-2006 թվականներից, ու հիմա դարձյալ այդ փուլում է.

-Բայց զգացվում է, որ հիմա ավելի շատ անտարբերություն կա: Մոտ մեկ ամիս առաջ գյումրեցի ճանաչված մարզիկները գրություն էին ուղարկել և սպորտի նախարարություն, և քաղաքաշինության կոմիտե, թե վերջը, էս մարզադպրոցի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Եվ ի՞նչ պատասխան ստանանք քաղաքաշինության կոմիտեից. ''Այս մարզադպրոցը պլանավորվում է 2020-22 թվականներին, դա էլ այն դեպքում, եթե սպորտի նախարարությունը գրավոր դիմի'': Ես զարմացած եմ, չգիտեմ էլ ինչ ասեմ:

Ալեքսանյանը նշում է՝ եվրոպական մակարդակի դահլիճներ չեն ուզում, այլ սովորական պայմաններ, ուր կկարողանան իրենց աշխատանք ավելի որակով կատարել:

- Դեռ տարին չի վերջացել, մենք ունենք Եվրոպայի չեմպիոն, պատանիների աշխարհի չեմպիոն, այսինքն, մենակ Արթուրի անունը չտանք, էստեղ կան էլի տղաներ, որոնք կարող են հասնել Արթուրի արդյունքներին և գերազանցել: Ինչի՞ համար մարդկանց պայմաններ չտանք, - ասում է Գևորգ Ալեքսանյանն ու հավելում, - կամ, միտումնավոր չեն ուզում էս մարզադպրոցով զբաղվել:

Նախորդ տարվա աշնանն էր կառավարությունը պատվիրել մարզադպրոցում արագ ուսումնասիրություններ կատարել և նախագծա-նախահաշվային փաստաթուղթ կազմել, որ 2018 թվականի բյուջեով գումար նախատեսեն: Հանձնարարությունը կատարվել է ժամկետներից էլ շուտ, ուղարկվել պատվիրատուին, 2018 թվականն էլ արդեն ավարտին է մոտենում, բայց մարզադպրոցում ամեն ինչ նույնն է:
- Վերջը ի՞նչ անենք, թողնենք փլվի՞ էս մարզադպրոցը: Եթե ուզում են էս կառույցը վերանա, թող վերացնեն, ո՞վ է շահելու, - վրդովվում է Ալեքսանյանը:

Երբ հարց է գնում, ինչու՞ բարերարներին չխնդրել օգնելու համար, Գևորգ Ալեքսանյանը վիրավորանքը թաքցնել չի կարողանում.
- Շատ վիրավորական է, շատ վատ է այս ամենը:Մի՞թե մեր պետության համար չէ, մի՞թե մեր պետության անունը չէ այս մարզադպրոցի տված արդյունքները: Մեր դրոշն ենք բարձրացնում, ինչի՞ համար մեր պետությունը չի ուզում տեր կանգնել իր մարզադպրոցին: Գիտեք, կարող է, մի գործարար լինի, ուզենա օգնել, բայց մի՞թե մեր օրհներգը հնչում է մի գործարարի համար, ամբողջ ազգի համար չէ՞, պետության համար չէ՞:

Գևորգ Ալեքսանյանը նաև կարծիք հայտնեց, թե դպրոցի հանդեպ պետական անտարբերության պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքապատկան կառույց է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: