Հայերեն   English   Русский  

Սեպտեմբերի 23-ը՝ Ժեստերի լեզուների միջազգային օր


  
դիտումներ: 916

Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի համաձայն՝ աշխարհում ապրում է շուրջ 72 միլիոն խուլ մարդ։ Նրանց ավելի քան 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։

Ընդհանուր առմամբ նրանք օգտագործում են ժեստերի ավելի քան 300 լեզու։

Ժեստերի լեզուներն ամբողջական բնական լեզուներ են, որոնք կառուցվածքային առանձնահատկություններով տարբերվում են բանավոր լեզուներից։ Ժեստերի ազգային լեզուներից բացի, կա նաև ժեստերի միջազգային լեզու, որն օգտագործվում է խուլ համայնքի կողմից միջազգային հանդիպումների ժամանակ կամ ճանապարհորդելիս։ Այն հանդիսանում է ժեստերի լեզուների պարզեցված տարբերակը, որը մնացած ժեստերի լեզուներից ավելի հեշտ է և համեմատաբար սահմանափակ բառապաշար ունի։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան ճանաչում և խթանում է ժեստերի լեզվի կիրառումը։ Այն սահմանում է ժեստերի լեզուն որպես բանավոր լեզուներին հավասար լեզու և պարտավորեցնում մասնակից պետություններին նպաստել ժեստերի լեզվի ուսուցմանը և խուլ համայնքի լեզվական ինքնության պահպանմանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 23-ը հռչակել է Ժեստերի լեզուների միջազգային օր՝ բարձրացնելու ժեստերի լեզուների և խուլ մարդկանց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին առաջին անգամ կնշվի Ժեստերի լեզվի միջազգային օրը՝ «Ժեստերի լեզվով ներառված են բոլորը» կարգախոսով։

Օրը հաստատած բանաձևն ընդունում է վաղ տարիքում ժեստերի լեզվի հասանելիության, ժեստերի լեզվով մատուցվող ծառայությունների, որակյալ կրթության ապահովման կարևորությունը խուլ անձանց անհատական զարգացման համար։ Այն ճանաչում է ժեստերի լեզուն որպես լեզվական և մշակության բազմազանության բաղադրիչ և շեշտում դրա պահպանման կարևորությունը։ Բանաձևն ընդգծում է նաև խուլ համայնքի հետ աշխատելիս «Ոչինչ մեր մասին առանց մեզ» սկզբունքի կարևոր լինելը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: