Հայերեն   English   Русский  

Ցիպրասն ու Էրդողանը խոսել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին


  
դիտումներ: 487

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում նշել են, որ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած իրենց նախորդ հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունները բարելավվել են, լրագրողներին հայտնել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:

Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել է այցելել Ստամբուլ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-հունական հարաբերությունները, Էգեյան ծովում լարվածությունը, Կիպրոսի հարցի կարգավորումը, փախստականների խնդիրը և Հունաստան փախած ութ թուրք զինվորականների հարցը:

Ցիպրասը Թուրքիայի նախագահին հայտնել է միջազգային իրավունքի և Էգեյան ծովում լարվածության նվազեցման անհրաժեշտության մասին: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել շփումներն այդ հարցի շուրջ և միջոցներ ձեռնարկել վստահության վերականգնման համար:

Փախստականների խնդիրները քննարկելիս Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը համաձայնվել են, որ պետք է առավել սերտ համագործակցել Թուրքիա-ԵՄ համատեղ դեկլարացիաների իրականացման ուղղությամբ փախստականների և միգրանտների հետագա հոսքերի նվազեցման համար:

Ցիպրասն ու Էրդողանը աջակցել են Հունաստանի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպմանը, որն անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Նիկոս Կոտզիասը, Մևլութ Չավուշօղլուն և Ջերեմի Հանթը՝ որպես երեք երաշխավոր երկրների ներկայաուցիչներ, քննարկել են Կիպրոսի հարցը: «Քննարկվել են կարգավորման արտաքին կողմերը, այսինքն՝ երաշխիքներն ու անվտանգության հարցերը», - լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբնյուրը:

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարցել են Թուրքիայի կողմից երկու հույն զինծառայողնի ձերբակալությունից հետո, ովքեր սահմանի հսկողության ժամանակ պատահաբար հատել էին թուրքական սահմանը: Զինվորականներն ազատ են արձակվել օգոստոսին, ինչը նպաստել է երկու երկրների հարաբերությունների բարելավմանը:

Կիպրոսը դե ֆակտո մասնատվել է 1974 թվականից`Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո, ինչը եղել է պատասխան քայլ Հունաստանի զինված ուժերի մասնակցությամբ Կիպրոսում պետական հեղաշրջման փորձին: Թուրքական զինված ուժերը 1974 թ. հուլիսի 21-ի գիշերը ներխուժել են Կիպրոսի հյուսիս և օկուպացրել երկրի տարածքի 37 տոկոսը:

1983 թ. օկուպացված տարածքներում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչվել էր միայն Թուրքիայի կողմից: Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները վերսկսվել են 2014 թ. փետրվարին՝ երկու տարվա ընդմիջումից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: