Հայերեն   English   Русский  

«Դիլիջան» ազգային պարկն այցելուներին կներկայանա նոր տեսքով ու հարմարություններով


  
դիտումներ: 2408

Այսուհետ «Դիլիջան» ազգային պարկում զբոսանքն ու արշավ կազմակերպելը կդառնա ավելի հարմարավետ ու հաճելի։

Եվրոպական միության և Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծվել են նոր ու բարեկարգվել են ազգային պարկի եղած արահետները, տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ ու ազդարարող վահանակներ։

«Դիլիջան» ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկ

Սեպտեմբերի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Ռոբերտ Ալիխանյանը և «Դիլիջան» ազգային պարկի աջակցության ու երթուղիների զարգացման համակարգող Արեգ Կարապետյանն ամփոփել են ազգային պարկում Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրով իրականացված աշխատանքները։

«Դիլիջան» ազգային պարկը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, անտառային լանդշաֆտներով, բնության հուշարձաններով։ Այն գտնվում է Երևանից մոտ 70 կմ հյուսիս արևելք և համարվում է Հայաստան այցելող էկոզբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։

«Դիլիջան» ազգային պարկի աջակցության ու երթուղիների զարգացման համակարգող Արեգ Կարապետյանի խոսքով, պարկի որոշ հատվածներ զգալի ներուժ ունեն էկոտուրիզմի զարգացման համար, և «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի նպատակներից մեկը պարկի էկոտուրիստական գրավչության բարձրացումն է էկոհամակարգերի պահպանության և էկոկրթության միջոցով ։

«Դրամաշնորհային ծրագրի արդյունքում պարկում ստեղծվել են չորս նոր հետիոտնային արահետ և մեկ հեծանվային երթուղի։ Ի հավելում դրան, բարեկարգվել են նաև պարկում արդեն իսկ գոյություն ունեցող ութ արահետները։ Ստեղծված հետիոտնային արահետների երկարությունը կազմում է 18 կմ, իսկ հեծանվային երթուղին՝ 29 կմ»,- նշել է Արեգ Կարապետյանը։

Ազգային պարկի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել է պարկի նոր պատկերանիշը (լոգոտիպը)։ Սահմանվել են պարկի երեք հիմնական զբոսաշրջային մուտքերը, դրանց մոտ տեղադրվել են երկլեզու ազդարարող վահանակներ, որոնք զբոսաշրջիկներին կօգնեն կողմնորոշվել արահետի ընտրության հարցում։

Կառուցված և բարեկարգված արահետների վրա տեղադրվել են 50 նախազգուշացնող և 50 տեղեկատվական ցուցանակներ, որոնք մշակվել են նորարարական լուծումներով։ Նախազգուշացնող ցուցանակների վրա ներկայացված են պարկում հնարավոր վտանգներն ու զբոսաշրջիկից ակնկալվող կարգապահական վարքագիծը, իսկ տեղեկատվական վահանակների վրա պատկերված QR կոդը մոտեցնելով սմարթֆոնին, կարելի է շատ արագ գիտահանրամատչելի տեղեկատվություն ստանալ շրջակա միջավայրի մասին։

«Այս աշխատանքներն առանձնանում են մինչ այժմ «Դիլիջան» ազգային պարկում իրականացված աշխատանքներից նրանով, որ դրանց համար հիմք է ընդունվել միջազգային փորձն ու չափանիշները։ Նորարարական մոտեցումների կիրառման շնորհիվ զբոսաշրջիկների ու արշավականների համար այժմ ավելի հարմար ու հաճելի կլինի զբոսնել պարկում»,- շեշտել է արահետների բարեկարգման համակարգողը։

Ծրագրով լուծվել է նաև պարկում զբոսաշրջային այնպիսի կարևոր ենթակառուցվածքների խնդիրը, ինչպիսիք են աղբամանների ու զուգարանների առկայությունը։ Շուտով դրանք կտեղադրվեն հատուկ նախատեսված վայրերում։

«Դիլիջան» ազգային պարկում իրականացված աշխատանքների արդյունքներն ավելի տեսանելի են դառնում, երբ դրանք համադրվում են այս ամռանը Դիլիջանում բացված Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գործունեության, ուղեկցորդների վերապատրաստման դասընթացի ու այլ նախաձեռնությունների հետ, որոնք իրականացվել են «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» շրջանակում։ Այս բոլոր միջոցառումները լրացնում են միմյանց՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին լիարժեք վայելել հանգիստը Դիլիջանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: