Հայերեն   English   Русский  

Ռուս-իսրայելական կրքեր Սիրիայի օդային տարածքում


  
դիտումներ: 2120

Սիրիական հակամարտությունն էլի կրքեր է բորբոքել, այս անգամ` ռուս-իսրայելական: Պատճառը ռուսական հետախուզական Ил-20 ինքնաթիռի կործանումն է, որը 15 զինվորականի կյանք է խլել:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, Միջերկրական ծովում: Իսրայելական ինքնաթիռները գրոհել են սիրիական օբյեկտների վրա: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի հարվածներից խոցվել է ռուսական ինքնաթիռը: Ռուսական կողմի պնդմամբ` իսրայելական ուժերը միտումնավոր են Ил-20 ինքնաթիռի համար վտանգավոր իրավիճակ ստեղծել` այն որպես վահան օգտագործելով:

«2015 թ. սեպտեմբերից սկսած՝ Սիրիայի տարածքում ռուսական կողմի ակտիվ գործողություններից հետո, Թել Ավիվը Մոսկվայի հետ համագործակցության արդյունքում կարևոր անվտանգային խնդիրներ էր լուծում իր համար՝ թիրախավորելով նախ սիրիական կառավարական ուժերին պատկանող ռազմավարական նշանակության օբյեկտները, ապա նաև իրանական հենակետերն այդ երկրում: 3 տարվա ընթացքում ռուսական կողմը ոչ միայն մի քանի տասնյակ ռազմագործողությունների մասին տեղեկացվել է, այլև դրանք շրջանցել են Մոսկվայի շահերի գոտի հանդիսացող շրջանները: Իսկ Լաթակիայում (այս շրջանում գտնվող Հմեյմիմ ռազմաբազան հանդիսանում է ռուսական ուժերի առանցքային հենակետը Սիրիայում) տեղակայված սիրիական ռազմատեխնիկական օբյեկտների դեմ իսրայելական հարձակումը կարելի է գնահատել որպես հանդուգն քայլ՝ ուղղված ռուսական անմիջական ներկայության գոտու դեմ»,- ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով ռուս-իսրայելական հարաբերությունների լարման պատճառները: Նրա խոսքով՝ ենթադրելի է, որ իրավիճակը հարթելու համար իսրայելական կողմը որոշակի զիջումների կգնա։ Թե ինչ զիջումների, պարզ կլինի առաջիկայում։

Իսկ միջադեպից հետո հաշված օրերի ընթացքում ռուս-իսրայելական հարաբերություններն այնքան են լարվել, որ ռուսական կողմը հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերին ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համալիրներ հատկացնելու մտադրության մասին: Դրանք սիրիական կողմին կփոխանցվեն երկու շաբաթվա ընթացքում։ Նշենք, որ զինատեսակի մատակարարման պայմանագիր երկու երկրների միջև կնքվել է դեռ 2010-ին, սակայն Իսրայելի միջամտությամբ զենքի մատակարարումն այդպես էլ տեղի չունեցավ:

Իսրայելն այս անգամ էլ է փորձել դիվանագիտական օղակներով չեղարկել С-300-ի մատակարարումն Ասադին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, սակայն, անպտուղ է անցել: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զինատեսակի մատակարարումն անհրաժեշտ է Սիրիայում ծառայություն իրականացնող ռուսական ռազմական ուժերի անվտանգությունն ապահովելու համար:

Ռուսական կողմին մտափոխել չի հաջողվել նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի ղեկավարի այցից և փաստարկներ ներկայացնելուց հետո: Հիմնավորումների թվում է եղել նաև այն, որ ըստ իսրայելական գաղտնի ծառայությունների տեղեկությունների` Իրանը մտադիր է ամրանալ Սիրիայի տարածքում և զենք մատակարարել Հզբոլահ շարժմանը:

Ռուսական ռազմական փորձագետների կարծիքով` С-300 համակարգերի մատակարարումը կուժեղացնի Սիրիայի դիրքերը` նրա օդային տարածքը պաշտպանելով թե՛ իսրայելական, թե՛ ամերիկյան հնարավոր հարվածներից:

«Վաղուց ժամանակն է փակել Սիրիայի օդային տարածքը և դադարեցնել Իսրայելի ու ԱՄՆ-ի ագրեսիան այդ երկրի օդային տարածքում: Ռուսաստանի կողմից С-300 համակարգերի մատակարարումը հենց այդ նպատակով էլ իրականացվում է, որպեսզի վերականգնվի Սիրիայի ինքնիշխանությունը»,- հայտարարել է ռուս փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը:

Եվ մինչ Իսրայելում Ռուսաստանի այս քայլը դիտարկում են որպես իրենց դեմ ուղղված, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ զինատեսակի մատակարարումը բնավ էլ Իսրայելի դեմ չի ուղղված: «Այդ մատակարարումները վստահաբար ուղղված չեն Իսրայելի դեմ: Նա մեզ դաշնակից է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանելով Իսրայելում ծավալված հակառուսական հիստերիան՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է․ «Ռուս-իսրայելական «հրթիռային ճգնաժամի» պայմաններում Թել Ավիվն առավելապես անհանգստանում է Սիրիայում Իրանի հնարավոր ակտիվացումից, որը, բնականաբար, կանխատեսելի է հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, քանի որ, կասկածից վեր է, նշված բռնարարքն արտաքին դավադրություն է, որը համարվում է հակաիրանական արտաքին արշավի գործողությունների շղթայի օղակներից մեկը։ Իսկ Թեհրանում շատ լավ գիտեն դրա մասնակիցներին»:

Քանի որ իսրայելական կողմը չկարողացավ չեղարկել С-300 համակարգերի մատակարարումը, իսրայելական փորձագիտական շրջանակներում քննարկումներ ծավալվեցին, թե ինչպես կարող է Իսրայելը չեզոքացնել իր հակառակորդ երկրի ձեռք բերած նոր զինատեսակները։ Մամուլում դրան միտված տարբեր հնարավոր սցենարներ ներկայացվեցին։ Իսկ ռազմական փորձագետներն էլ փաստեցին, որ իսրայելական բազմաֆունկցիոնալ F-35 կործանիչներն ի վիճակի են շարքից հանել ռուսական С-300 համակարգերը։ Իսրայելական ԶԼՄ-ները չեն մոռանում հիշատակել նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հունաստանի օդային տարածքում տարիներ առաջ փորձարկել են С-300 համակարգերին հակազդելու հնարավորությունները։

Իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ անկախ С-300 համակարգերի մատակարարման հանգամանքից՝ Իսրայելի բանակը կշարունակի ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում։ Նրա խոսքով՝ հրեական երկրի վարած քաղաքականությունը Սիրիայի հանդեպ չի փոխվի՝ չնայած Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքներին։

«Մենք գործում ենք շրջահայաց և պատասխանատու կերպով։ Ոչինչ չի փոխվել և չի փոխվելու»,- ասել է նա։ Իսրայելի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Բաշար ալ Ասադին և նրա բանակին։ «Այդպիսին են փաստերը»,- ասել է նա։ Լիբերմանը շեշտել է, որ Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիան դառնա հենակետ Իրանի համար հրեական պետության դեմ պայքարի գործում։ «Իսրայելական բանակը կշարունակի կանխարգելել դա, և դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,- ասել է նա։

Խիստ հռետորաբանությանը զուգահեռ՝ իսրայելական կողմը շարունակում է բանակցությունների միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու փորձեր ձեռնարկել։ Այսպես, չնայած երկու երկրների ղեկավարների հեռախոսային բանակցություններն արդյունք չեն տվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին ռուսական և իսրայելական ռազմական պատվիրակությունների հանդիպման մասին։ Երկու պատվիրակությունները կքննարկեն, թե ինչպես կարող են կանխել հակամարտությունները և խուսափել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: