Հայերեն   English   Русский  

​Հայ երիտասարդների մշակած ջերմոցների ավտոմատացման համակարգը կնպաստի էներգախնայողությանը և բերքատվության աճին


  
դիտումներ: 3719

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ ողջ աշխարհում զարգացում են ապրում ջերմոցային տնտեսությունները։ Հայաստանն էլ բացառություն չէ։

Հայաստանցի հինգ երիտասարդներ, հաշվի առնելով այս հանգամանքը, նորարար լուծում են մշակել ջերմոցային տնտեսությունների համար՝ ավտոմատացման համակարգ, որն անվանել են Smart green: Ջերմոցների ավտոմատացման Smart green համակարգը միանգամից մի քանի գործողություն է կատարում․ չափում է հողի և օդի խոնավությունը, օդում ածխաթթու գազի մակարդակը, տվյալ բույսի համար բավարար լույսի առկայությունը, քամու արագությունը, ինչպես նաև հողի թթվայնությունը և էլեկտրահաղորդականությունը։ Այս բոլոր տվյալներն ի մի բերելով՝ համակարգը բույսերի ճիշտ խնամքի համար որոշում է կայացնում։ Օրինակ՝ ջրել, բացել պատուհանը, ավելացնել լուսավորությունը և այլն։

Համակարգը նաև իր ուսումնասիրությունների արդյունքներն արխիվացնում և պահպանում է։ Ուստի դրանք կարող են կիրառվել՝ ջերմոցի հետագա զարգացման և ճիշտ որոշումների կայացման համար։

Smart green-ի հիմնադիրների խոսքով՝ դրա կիրառումը ջերմոցային տնտեսություններին կապահովի մինչև 20 տոկոս էներգախնայողություն և մինչև 50 տոկոս բերքատվության աճ։

Իսկ նման համակարգ ստեղծելու գաղափարն առաջացել է Համայնքների զարգացման նորարարական կենտրոնի կողմից Ամասիայում անցկացվող միկրոինժեներիայի դասընթացի ժամանակ։ Դասընթացի ավարտին լավագույն գաղափարները պետք է ֆինանսավորում ստանային։ Հաղթող նախագծերից է դառնում ջերմոցների ավտոմատացման համակարգը։ Այնուհետև հինգ երիտասարդներով՝ Մհեր, Երվանդ, Գրիշա, Մերի, Վերոնիկա, թիմ են կազմում ու սկսում նախագծի իրագործումը։ Համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ պատրաստ է ավտոմատացման համակարգի մանրակերտը, որը և փորձարկվում է ու շարունակաբար բարելավվում։ Smart green-ի համահիմնադիրներից 22-ամյա ծրագրավորող Մհեր Երզնկանյանն ասում է, որ ներկայումս բանակցում են մի քանի ջերմոցային տնտեսությունների հետ՝ գաղափարը պատրաստի արտադրական փուլ հասցնելուց հետո այն ջերմոցներում փորձարկելու համար։ Նա ասում է, որ այդպիսով կկարողանան և համակարգը գործունեության մեջ տեսնել, արձանագրել հնարավոր խնդիրներն ու կատարելագործել այն, և ֆերմերային տնտեսությունները համակարգը գործի մեջ տեսնելու հնարավորություն կունենան։

Մհերի խոսքով՝ ներկայում ֆերմերային տնտեսությունները հիմնականում կասկածանքով են վերաբերվում ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։ «Իրենք սովոր են, որ խոնավությունը ձեռքով պետք է չափեն, կամ ածխաթթու գազի պարունակությամբ քչերն են հետաքրքրվում։ Անվստահություն կա ջերմոցների կառավարման ավտոմատացված համակարգերի նկատմամբ»,- ասում է Մհերը։

Նա նաև հավելում է, որ իրենց ստեղծած համակարգը նախատեսված է փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների համար։ Հարցին, թե արդյոք փոքր և միջին տնտեսությունները ֆինանսական հնարավորություն կունենան ավտոմատացված համակարգ ներդնելու, Մհերը պատասխանում է․ «Մեր ստեղծած համակարգն առնվազն երկու անգամ էժան է լինելու արտասահմանյան նմանատիպ համակարգերից։ Ներկայում ով ֆինանսական հնարավորություն ունի, արտերկրից բերել է նմանատիպ համակարգ։ Հիմնականում Հոլանդիայից են բերում, քանի որ այնտեղ շատ է զարգացած ջերմոցային տնտեսությունների կառավարումը։ Ով ֆինանսական նման հնարավորություններ չունի` ձեռքով է կարգավորումներ անում, փորձում է այլ լուծումներ գտնել»։ Նա նաև շեշտում է, որ իրենց մշակած համակարգը թեև գնային առումով զիջում է արտասահմանյան նմանակներին, սակայն որակական առումով հանգիստ կարող է մրցակցել։ Անդրադառնալով հայաստանյան ջերմոցային տնտեսություններում կիրառվող համակարգերին՝ Մհերը նշում է, որ հիմնականում ավտոմատացման համակարգը ժամանակն է վերահսկում՝ ինչ-որ ֆիքսված պահի միացնելով, ապա նաև անջատելով ոռոգումը։ «Մեր առաջարկածը բազմաֆունկցիոնալ համակարգ է։ Բացի այդ, առավել արդյունավետ է հողի խոնավությամբ առաջնորդվելով ջրելը, ոչ թե ոռոգումների միջև ընկած ժամանակով առաջնորդվելով»,- ասում է նա։

Մհեր Երզնկանյան

Մհերը նշում է, որ իրենց թիմը նախատեսում է մինչև տարեվերջ արդեն պատրաստի արտադրանք ունենալ, առաջիկա 2-3 տարիներին տեղ զբաղեցնել հայկական շուկայում, իսկ այնուհետև դուրս գալ միջազգային ասպարեզ՝ թիրախավորելով ռուսական, հնարավոր է նաև վրացական շուկան։ Հարցին, թե ունեն արդյոք անհրաժեշտ ֆինանսական միջոցները և առևտրայնացման համար պահանջվող հմտությունները, Մհերը նշում է, որ ներկայում պատրաստվում են ԴիջիԹեք էքսպո տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Նա հույս է հայտնում, որ ցուցահանդեսի ժամանակ կկարողանան ներդրողների ներգրավել։ Նախագիծը կյանքի կոչելու համար սկզբնական 15 հազար դոլար ներդրում է հարկավոր։

Իսկ արդեն առևտրայնացման հմտությունների մասին նշում է, որ ներկայում համապատասխան դասընթացի են մասնակցում: Smart green-ը վերջերս ճանաչվել է Climate Tech հաքաթոնի հաղթողներից մեկը «Լավագույն լուծում գյուղատնտեսության համար» անվանակարգում։ Հաղթանակի շնորհիվ թիմը հնարավորություն է ստացել մասնակցելու Climate Tech-ի աքսելերացիոն ծրագրին, որի շրջանակներում նախագիծը կյանքի կոչելու և առևտրայնացնելու համար անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերում։ Մհերը նշում է, որ ներկայում խորհրդատվություններ են ստանում թե՛ տեղացի, թե՛ միջազգային մասնագետներից, ինչպես նաև իրականացնում են հայաստանյան շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ են հուզում ջերմոցատերերին, և ում կարող է հետաքրքրել ջերմոցների ավտոմատացման համակարգը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: