Հայերեն   English   Русский  

​Ինչպե՞ս բարեփոխել դպրոցը․ առաջարկ ԿԳՆ-ին


  
դիտումներ: 3101

Ինչպե՞ս բարեփոխել կրթական համակարգը ցանկալի արդյունքներ ունենալու համար։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանն ունի այս հարցի պատասխանը։ Տիկին Ալեքսանյանի կրթական բարեփոխումների առաջարկը նախևառաջ վերաբերում է դպրոցական կրթությանը։

Նրա կարծիքով՝ կրթական արդյունավետ բարեփոխումների համար ԿԳՆ ղեկավարությամբ պետք է մասնագիտական աշխատանքային խմբեր ձևավորվեն, որոնք միաժամանակ մի քանի ուղղություններով կաշխատեն։

Առաջին խումբը, տիկին Ալեքսանյանի կարծիքով, պետք է զբաղվի կրթության գաղափարաբանությամբ։ Կրթության փիլիսոփաներից, մանկավարժ գիտնականներից, հոգեբաններից և ոլորտի հեղինակավոր այլ մասնագետներից կազմված աշխատանքային խումբը նախ պետք է հասկանա, թե ով է այսօրվա հայաստանյան դպրոցի աշակերտը, ինչ առանձնահատկություններ, ինչ ուժեղ և թույլ կողմեր, ինչ կարիքներ ունի։ Այսքանն իմանալով միայն հնարավոր կլինի համապատասխան կրթակարգի կազմումը և նպատակների սահմանումը։

Որպես օրինակ Ալեքսանյանը նշում է, որ շատ հայկական ընտանիքներում երեխաներն առանց հայր են մեծանում, քանի որ տան տղամարդիկ արտագնա աշխատանքով են ապրուստ վաստակում։ Սա առանձնահատկություն է, որը պետք է հաշվի առնել կրթական գործընթացը կազմակերպելիս։

«Վերևում նստած ինչ-որ փաստաթղթեր ենք մշակում, բայց չգիտենք ամենակարևորը, չենք ճանաչում այն մարդուն՝ աշակերտին, որի համար աշխատում ենք։ Ուստի պիտի սկսենք ներքևից՝ աշակերտին ճանաչելուց։ Երբ հասկանանք, թե նրան ինչ է պետք` դրա վրա էլ կկառուցենք ամեն ինչ»,- ասում է նա՝ հավելելով, որ աշխատանքային խմբի ստեղծած փաստաթուղթը կարող է դառնալ ոչ միայն կրթական, այլև պետության կայացման գաղափարախոսություն։

Գաղափարաբանական թիմին զուգահեռ պետք է ստեղծվի նաև կրթակարգի մշակմամբ զբաղվող թիմ։ «Առաջին թիմի հավաքած տվյալների հիման վրա կրթակարգի թիմը կգծի կրթության բովանդակությունը, որը պետք է պտտվի երեխայի շուրջ, և այդ բովանդակության սահմանները պետք է լինեն շատ հստակ ու իրատեսական»,- ասում է Ալեքսանյանը՝ հավելելով, որ կրտսեր դպրոցի, հիմնական և ավագ դպրոցների համար, անգամ ամեն դասարանի համար հստակ ու չափելի վերջնարդյունքներ պետք է սահմանվեն։

«Ճիշտ կլինի, որ այդ թիմերում աշխատեն տարբեր տարիքի ու տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, այդ թվում և նրանք, ովքեր նախկինում էլ են աշխատել, որ կարողանան քննարկումներով ու բանավեճերով գալ որոշակի եզրահանգումների»,- ասում է նա։

Մասնագետի խոսքով՝ երբ դպրոցին հստակ նպատակներ տրվեն, հնարավոր կլինի նաև ըստ այդմ գնահատման համակարգ ձևավորել։

«Ներկայումս կրթական վերջնարդյունքները խիստ անորոշ են։ Նախկին կրթակարգի թերություններից մեկն այն էր, որ շատ բաներ էին այնտեղ նշված։ Դա հնարավորություն չի տալիս դրանք հստակ իրականացնելու»,- ասում է նա։

Անդրադառնալով ավարտական քննությունների կենտրոնացված անցկացման որոշմանը՝ Ալեքսանյանն ասում է, որ նախարարությունը հակառակ ուղղությունից է սկսել։

«Մենք ուսուցչին դեռ այս գործիքները չենք տվել, ամեն ինչ տարերային է, և հանկարծ ուսուցչին ու աշակերտին վատ դրության մեջ ենք դնում։ Ե՞րբ այդ մարդկանց տվեցինք որոշակի նպատակ և դրա իրականացման գործիքներ, ե՞րբ ուսուցչին վերապատրաստեցինք, որ հասկանա, թե ինչ քայլեր պետք է իրականացնի նպատակին հասնելու համար, որ հետո էլ գնահատումը պահանջենք»,- ասում է նա։

Ալեքսանյանը նաև շեշտում է, որ թեստերը և շտեմարանները, որոնցով վերջնարդյունքի գնահատում է իրականացվում, վաղուց իրենց սպառել են։

«Դրանք շեշտադրում են սերտողությունը, իսկ դրա վրա միջնադարում էին շեշտադրում անում։ Արդեն XX դարի մանկավարժությունում կարևորվում է աշակերտի զարգացման գործընթացը»,- ասում է նա՝ նշելով, որ օրինակ՝ հայոց լեզվի չափորոշիչով պահանջվում է զարգացնել աշակերտի խոսքը, բայց որպես վերջնարդյունքի գնահատում տալիս են թեստերը, որտեղ որևէ խոսք կազմելու առաջադրանք չկա։

Երրորդ զուգահեռ գործընթացը, ըստ Ալեքսանյանի, ուսուցիչների վերապատրաստումն է, ինչպես նաև կրթական գործի կամ դպրոցների կառավարման խորհրդի ստեղծումը։ Ասում է, որ խորհրդում կարող են ընդգրկվել վաստակավոր և դպրոցի կառավարման գործում հաջողած մասնագետները, որոնք էլ կարող են դպրոցների կառավարման արդյունավետ համակարգ մշակել ու կիրառելի դարձնել ողջ երկրում։

«Մեր խնդիրն այն է, որ ամեն եկող նախարար բերում է իր թիմը, նախորդների արածը հողին է հավասարեցնում և ուզում է ինքը նոր բան սկսել։ Այդպես չի կարելի։ Կրթական գործն այդպես չեն կազմակերպում։ Ամեն եկողը նախորդի թերացումներն ու հաջողությունները պետք է տեսնի և աշխատի դրականը զարգացնելու և թերացումները վերացնելու ճանապարհով»,- ասում է Ալեքսանյանը և հիշեցնում, որ կրթության ոլորտում մեկ պատասխանատու լինել չի կարող, ոլորտը թիմային աշխատանք է պահանջում։

Ալեքսանյանը վստահ է՝ ներկայացված մոդելով առաջնորդվելու դեպքում ուսուցիչը հստակ կիմանա, թե ինչ է իրենից պահանջվում և ինչպես պետք է ապահովի անհրաժեշտ արդյունքը։

Ալեքսանյանի կրթական նախաձեռնությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում։ Մտահոգված դպրոցում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասավանդման խնդիրներով՝ նա ոլորտի մասնագետ մանկավարժների քննարկումներ է նախաձեռնել, որի արդյունքում արդեն իսկ նախնական հայեցակարգ է մշակել։ «Հայեցակարգում առաջարկել ենք, որ 1-9-րդ դասարաներում առարկան կոչվի հայերեն, որ հայոց լեզուն և գրականությունն առանձին առարկաներ չլինեն, իսկ քերականությունը գործնական լինի՝ կառուցվի տեքստերի հիման վրա։ Միջին դպրոցի խնդիրը խորությամբ քերականություն սովորեցնելը չէ, այլ այն քերականությունը, որը խիստ գործնական է»,- ասում է նա։

Կրթական բարեփոխումների առաջարկները, սակայն, Ալեքսանյանը դեռևս նախարարություն չի ներկայացրել։ Հույս ունի, որ առաջարկը մամուլի միջոցով հանրայնացնելը մասնագիտական քննարկումների առիթ կդառնա։ Իսկ երբ կրթական բարեփոխումներ տեղի ունենան և «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներին հերթը հասնի, այն ժամանակ նաև մշակած հայեցակարգը կներկայացնի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: