Հայերեն   English   Русский  

​Ամերիկյան հեղինակավոր համալսարանում բացահայտելու են Արևելյան Եվրոպայի հայկական թաքնված «հարստությունը»


  
դիտումներ: 2419

Ամերիկյան «ՅուՍիԷլԷյ» (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) համալսարանում նոյեմբերի 16-18-ը տեղի է ունենալու հետաքրքիր գիտաժողով, որը կրում է «Թաքնված հարստությունների բացահայտում․ Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» խորագիրը։

Գիտաժողովը կազմակերպել է «ՅուՍիԷլԷյ»-ի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնը, որը հիմնվել է դեռևս 1969 թվականին։

Ամբիոնի ղեկավար (2000 թվականից) պրոֆեսոր, հայագետ Փիթեր Քաուին «Անկախի» հետ զրույցում մանրամասնում է գիտաժողովի բովանդակությունն ու նպատակները։

«Մեր գիտաժողովի նպատակն է ներկայացնել Արևելյան Եվրոպայում XVI-ից մինչև XIX դարի առաջին կեսի հայկական արվեստի և մշակույթի հարուստ ֆոնը, ինչպես նաև գնահատել արվեստի այն գործերը, որոնք գտնվում են այնտեղ»։

Պրոֆեսորը հիշեցնում է, որ Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների մի մասը հիմնվել է դեռևս XI դարում, երբ առևտրի մի նոր ժամանակաշրջան էր բացվել, և հայերն առաջին անգամ մասնակցում էին այդ գործընթացին որպես առևտրականներ։ «Մեծ մասամբ արվեստի այն նմուշները, որ մինչև հիմա պահպանված են, ստեղծվել են այդ վաղ շրջանում, սակայն բուռն զարգացում այդ համայնքներն ունեցել են XVI-ից մինչև XIX դարի առաջին կեսերին,- ասում է Քաուին ու հավելում:- Այստեղ մի քանի կարևոր կետեր կան․ առաջինը Հայրենիք-Սփյուռք ընդհանուր մեկնաբանությունն է։ Մենք ուզում ենք բացահայտել, թե ինչպիսին են եղել այդ հարաբերությունները։ Երկրորդը Սփյուռքն ամբողջության մեջ ուսումնասիրելն ու գնահատելն է»։

Փիթեր Քաու

Նրա խոսքով՝ մինչ օրս, ցավոք, Սփյուռքն ուսումնասիրվել է հատվածական, որպես առանձին միավորներ։ «Բայց եթե այդ համայնքները գոյություն են ունեցել կամ գոյություն ունեն մինչ օրս, դա նրա շնորհիվ է, որ դրանք ընդհանուր ուղիների կետեր են, հետևաբար անհրաժեշտ է այդ կետերը միացնել, կապել իրար և տեսնել ընդհանուր համայնապատկերը»։

Նույնն էլ վերաբերում է Սփյուռքի հայկական արվեստին․ «Այն, ինչ մինչև հիմա արվել է, աղբյուրագիտություն է, բայց ոչ վերլուծություն տվյալ ժամանակաշրջանի, դեմոգրաֆիական, տնտեսական, քաղաքական ֆոնին և այլն»։

Հայագետը նշում է, որ հայկական գաղութները բնավ պատահական չեն ստեղծվել այս կամ այն վայրում։ Շատ անգամ դա եղել է հրավերով․ հայ վաճառականները հրավիրվել են, որպեսզի գործունեություն ծավալեն միջազգային, առևտրական այդ քաղաքներում և զարգացնեն տվյալ երկրի տնտեսությունը։

«Ընդհանրապես հայկական թաղերը գտնվում էին քաղաքի կենտրոնական հատվածում, կոչվում էին Հայկական փողոց կամ Հայկական թաղամաս և բավական շքեղ տեսք ունեին։ Հայկական թաղամասերում այնքան շքեղ ու գեղեցիկ տներ են եղել, որ հետագայում դրանցից մեկն էլ դարձել է տվյալ քաղաքի թանգարան»,- ասում է զրուցակիցս։

Հետաքրքիր մի դիտարկում էլ․ շատ հաճախ տնտեսական իրավիճակի, առևտրային ուղիների փոփոխությունների հետևանքով հայկական համայնքները նույնպես փոփոխվել ու տեղաշարժվել են։ «Ճիշտ է, որոշ փոքր հատված մնացել է, բայց շատ շուտ դարձել է տեղացի։ Փաստորեն, մենք տեսնում ենք, որ բուն համայնքի զարկը մշտապես շարժման ու եփման մեջ է եղել»։

Գիտաժողովի մի քանի զեկույցներ էլ նվիրված են հայկական մշակույթի վրա տեղական մշակույթի ազդեցությանը, ինչպես նաև հակառակը։

Կրոնը նույնպես զգալի ազդեցություն է թողել Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների մշակույթի և կյանքի վրա։

«Սկզբնական ժամանակաշրջանում մեծ կայսրություններում ապրող փոքրամասնությունների կյանքով իշխանություններն առանձնապես չէին հետաքրքրվում։ Նրանց միայն հետաքրքրում էր, թե դու քո տեղո՞ւմ ես, կատարո՞ւմ ես արդյոք քո գործառույթները, և վերջ, մնացած հարցերին չէին խառնվում։ Երբ XVI դարում սկսվում է բողոքական շարժումը, որպես հետևանք ստեղծվում է նաև հակաբողոքական շարժումը։ Այդ ժամանակաշրջանում որոշ տեղեր արդեն տեսնում ենք, որ եթե տվյալ թագավորը կամ իշխանը պատկանում է մի կրոնի` նրա հպատակները, այդ թվում և օտարները, նույնպես պարտադրված են պատկանել այդ կրոնին։

«Հատկապես Ռումինիայում բավական մեծ գործոն էր օրթոդոքս քրիստոնեությունը։ Հետաքրքիր է, որ Սուչավայում բոլոր հայկական շենքերը կառուցվել են մինչև 1661 թվականը, երբ նոր իշխան եկավ և պարտադրեց, որ իր տարածքում բոլորը պետք է օրթոդոքս լինեն, հակառակ դեպքում պետք է լքեն տարածքը։ Ի դեպ, Ռումինիայի հայկական հավաքածուներւմ մի շատ յուրահատուկ արվեստի տեսակ կա՝ սրբապատկեր, իկոնա։ Դա այնքան էլ ընդունված չէ Առաքելական եկեղեցում, բայց մեծ տարածում է գտել օրթոդոքս եկեղեցում, և ահա տեսնում ենք հայկական սրբեր, հայկական դիմագծերով, բայց ընդհանուր առմամբ` ռոմանական»։

Փիթեր Քաուին նաև հիշեցնում է․ հայերը Տրանսիլվանիայում (պատմական շրջան Ռումինիայի հյուսիս-արևմուտքում) հիմնել են երկու նոր քաղաք՝ Արմենոպոլիսը, որն այժմ կոչվում է Գեռլա և էլիզաբեթոպոլիսը: «Այս քաղաքներում նույնպես տեսնում ենք ճարտարապետական շատ հետաքրքիր խառնուրդ»։

Հայաստանից, Արևելյան Եվրոպայից և այլ երկրներից հրավիրված գիտնականների հետաքրքիր զեկույցներից հետո գիտաժողովն ամփոփվելու է զեկույց-դասախոսությամբ, որը վարելու է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի կուրատորներից Հելեն Էվանսը։ Դասախոսությունն անց է կացվելու «Ջեյ Փոլ Գեթի» թանգարանում։

Գիտաժողովի շրջանակներում մի կարևոր մշակութային միջոցառում էլ է տեղի ունենալու․ «ՅուՍիԷլԷյ»-ի գրադարանի ցուցասրահում բացվելու է կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որը կրելու է «Հայկական մշակույթն ու ճարտարապետությունը Արևելյան Եվրոպայում» խորագիրը։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև դեկտեմբերի կեսը, որպեսզի համալսարանի հատկապես հայագիտություն ուսումնասիրող ուսանողները հնարավորություն ունենան դասեր քաղելու ցուցադրությունից։ Ցուցահանդեսի երկրորդ օրը լուսանկարների միջոցով ստեղծվելու է որոշակի միջավայրը, որը ներկայացնելու է տվյալ ժամանակաշրջանի Արևելյան Եվրոպայի հայկական համայնքի շունչը։ Տեղի է ունենալու նաև համերգ՝ մի մասը նվիրված այդ ժամանակաշրջանի հայկական, մի մասը՝ Արևելյան Եվրոպայում տարածված երաժշտությանը։ Գիտաժողովից հետո բոլոր զեկույցները հրատարակվելու են և ներառվելու են հայագիտության ամբիոնում հրատարակված մատենաշարում, որը հայկական արվեստին ու մշակույթին նվիրված այդ շարքում կլինի 6-րդ հատորը։

Գիտաժողովն առաջինն է այս ուսումնական տարվա միջոցառումների շարքում, որոնք նվիրված են ամբիոնի հիմնադրման 50-ամյակին։ Փետրվար ամսին տեղի կունենան արդեն ավանդական դարձած ասպիրանտական ու բակալավրիական գիտաժողովներ։

Փիթեր Քաուի խոսքով՝ «ՅուՍիԷլԷյ»-ում հայագիտական առարկաներ ուսումնասիրող ուսանողները հիմնականում հայեր են, բայց կան նաև օտարերկրացիներ։ «Օրինակ՝ մեր համալսարանում է պատրաստվել առաջին չինացի հայագետը, որն այժմ պաշտոնավարում է Պեկինում։ Նրա թեման Սայաթ-Նովան էր, փայլուն ուսումնասիրություն։ Ունենք նաև ռուս ուսանող, որը հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության փոքրամասնություններով, իտալական ծագմամբ ամերիկացի, որը շատ հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել ամերիկյան քաղաքական կյանքում Գլենդելի հայության մասնակցության վերաբերյալ, ունենք թուրք ուսանող, որը հետաքրքրվում է հայ կանանց կրթական շարժումով, որ սկսվել է XIX դարի երկրորդ կեսին և այլն»։

Ամերիկյան հեղինակավոր համալսարանի շուրջ 50-ամյա պատմություն ունեցող հայագիտական ամբիոնն այսօր ակտիվ է և կարևոր գործունեություն է ծավալում հատկապես ամբիոնի ղեկավար, հայագետ Փիթեր Քաուիի շնորհիվ, որը Հայաստանի հետ կապված է ոչ միայն գիտական, այլև շատ ավելի խորն ու բարեկամական կապերով։ Նա հաճախ է լինում Հայաստանում, տեղեկացված ու հետաքրքրված է հայաստանյան կյանքի բոլոր իրադարձություններով և անցուդարձով։ Իսկ Քաուիի հետ զրույցը պարզապես մեծ բավականություն է, քանի որ հաճախ չես հանդիպի շոտլանդական ծագմամբ ամերիկացու, որը քեզ հետ խոսի անթերի հայերենով և երկրիդ ու ժողովրդիդ պատմության փայլուն իմացությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: