Հայերեն   English   Русский  

​ՎՐԱՑ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ


  
դիտումներ: 7682

1 թվականին հայոց Արտաշեսյան Էրատո թագուհին հրաժարվեց գահից: Արտաշեսյան հարստությունը մարեց: Օգտվելով առիթից՝ հռոմեական զորքը գրավեց Հայաստանը: Սակայն Հռոմն անկարող էր Մեծ Հայքի թագավորությունը սովորական հռոմեական պրովինցիայի վերածել: Նրանք հայոց կառավարումն իրականացնում էին դրածո թագավորների միջոցով: Եվ առաջին դարում հայոց գահին բազմեցին նաև ազգությամբ վրացի գահակալներ:

Այս ժամանակաշրջանում վրաց գահին հայկական ծագումով, Երվանդունիների ազգակից Փառնավազյանների տոհմն էր իշխում: 35 թվականին գահ է բարձրանում Փարսման Ա թագավորը (35-74), որի կառավարման տարիներին փոքրիկ Վիրքը, որ մինչ այդ մշտապես հայոց քաղաքական, տնտեսական ու մշակութային ազդեցության տակ էր, իրականում լինելով Մեծ Հայքի թագավորության կցորդը, հզորանում է և առաջին անգամ դուրս գալիս միջազգային քաղաքական ասպարեզ: Սրան, ինչ խոսք, գործուն աջակցություն էր ցույց տալիս Հռոմը, քանզի հռոմեացիներին ձեռնտու էր թշնամի ու զորեղ Մեծ Հայքի թագավորության թիկունքում ունենալ ազդեցիկ հակակշիռ:

Հենց այդ պատճառով էլ հռոմեացիները հայոց գահը 35 թվականին հանձնեցին վրաց Փարսման Ա արքայի եղբայր Միհրդատին: Միհրդատը միաժամանակ իր եղբոր փեսան էր՝ դստեր ամուսինը: Իսկ նրանցից ծնված դուստրը՝ Զենոբիան, Փարսմանի որդի Հռադամիզդի կինն էր:

Փարսման Առաջինը երկու կին ուներ՝ վրացուհի Դադանան և հայուհի Համազասպուհին: Փարսմանի և Դադանայի որդին էր գահաժառանգ Հռադամիզդը: Իսկ երկրորդ թագուհի Համազասպուհին վրաց գահի համար թեկնածու էր առաջադրել իր որդուն՝ Համազասպին: Սակայն վրաց արքունիքի համակրանքն ու աջակցությունը Հռադամիզդի կողմն էր, ումից վախենում էր նաև հայրը՝ Փարսման արքան:

Միաժամանակ Հռոմը, որպեսզի միշտ իր ազդեցության տակ պահի նաև Վիրքի թագավորությունը, իր գործակալների միջոցով հաճախ պառակտիչ ելույթներ էր հրահրում վրաց արքունիքում: Մասնավորապես, վախենալով Փարսման Ա արքայի հզորությունից, նրան իր ազդեցության տակ պահելու նպատակով Հռոմը որպես վրաց գահի հավակնորդ առաջ քաշեց Փարսմանի որդու՝ Հռադամիզդի թեկնածությունը: Վերջինս դեմ չէր գահակալել, սակայն վախենում էր հոր դեմ բացահայտ ելույթից: Իր հերթին Փարսման Ա-ն իր որդու հավակնությունները չեզոքացնելու համար նրան դրդեց պատերազմել հորեղբոր՝ հայոց թագավոր Միհրդատի դեմ: Սրանով վրաց արքան երկու խնդիր էր լուծում. բազմեցնելով հայոց գահին իր որդուն՝ Հռոմի քաղաքականությունը Վիրքում տապալում էր և ամրապնդում իր իշխանությունը, երկրորդ՝ հանդես էր գալիս Հռոմի դեմ և ամրապնդում իր պետության դիրքերն ու հեղինակությունը:

Ի վերջո, Փարսմանը կարողացավ համաձայնության գալ իր որդի Հռադամիզդի հետ և դավ նյութել հայոց թագավոր Միհրդատի դեմ: 51 թ. Հռադամիզդը եկավ Արտաշատ մայրաքաղաք իր հորեղբոր մոտ, իբր գժտված է հոր հետ և փախել է Համազասպուհի թագուհու դավերից: Միհրդատը, հավատալով եղբորորդուն, ընդունեց նրան սիրով:

Այստեղ Հռադամիզդը կարճ ժամանակում իր շուրջը համախմբեց Հռոմի դրածո Միհրդատի քաղաքականությունից դժգոհ հայ ավագանուն:

Ապա Հռադամիզդը հոր հետ հաշտվելու պատրվակով վերադառնում է Վիրք և այնտեղ Փարսման արքայի հետ հղանում Միհրդատի վերջնական կործանումը: Փարսմանը նամակ է ուղարկում եղբորը՝ հայոց թագավոր Միհրդատին և նրան մեղադրում դավաճանության մեջ: Երբ վրաց արքան պատերազմում էր աղվանների դեմ, եղբայրը՝ Միհրդատը, զլացել է օգնության փութալ: Այդ պատճառով Փարսմանը սպառնում է Միհրդատին և ըստ էության՝ պատերազմ հայտարարում նրան: Նրա ցուցումով որդին՝ Հռադամիզդը, մեծ զորքով ներխուժում է Հայաստան:

Քանի որ մայրաքաղաք Արտաշատում Հռադամիզդի նյութած դավերի հետևանքով Միհրդատն այլևս աջակցություն չուներ հայ ավագանու շրջանում, ապաստանում է Գառնու անառիկ ամրոցում:

Ի դեպ, ամրոցը պաշտպանված էր ոչ միայն Միհրդատի և հայոց զորքով, այլև հռոմեական կայազորով: Համառ գրոհներն արդյունք չեն տալիս: Գառնին պաշտպանվում է: Այնժամ Հռադամիզդը կաշառում է հռոմեական զորքերի պրեֆեկտ Կելիոս Պոլիոնին: Սակայն վերջինս անկարող էր որևէ բան անել առանց ցենտուրիոն Կասպերիոսի, որ փաստացի Հռոմի ներկայացուցիչն էր Մեծ Հայքում: Կասպերիոսը Հռադամիզդից զինադադար է խնդրում և շտապում Վիրք, որպեսզի բանակցի Փարսման արքայի հետ ու դադարեցնի պատերազմական գործողությունները:

Օգտվելով Կասպերիոսի բացակայությունից՝ կաշառված Պոլիոնը համոզում է Միհրդատին դուրս գալ բերդից և բանակցել եղբորորդու հետ:

Բանակցությունների ժամանակ Հռադամիզդը կյանքի ապահովություն է խոստանում Միհրդատին՝ երաշխավորելով, որ նրան չի սպանի ո՛չ սրով, ո՛չ թույնով: Սա համարելով երաշխիք՝ Միհրդատը Հռադամիզդին ներս է թողնում Գառնի: Իսկ վերջինս պահում է իր խոսքը, չի սպանում հորեղբորը սրով ու թույնով, այլ հրամայում է գցել գետնին ու խեղդամահ անել՝ վրան բազմաթիվ ծանր գորգեր փռելով: Հռադամիզդի հրամանով սպանվում է նաև իր քույրը՝ Միհրդատի կինը: Սպանվում են նաև նրանց զավակները, քանզի համարձակվել էին ողբալ ծնողների մահը:

Եվ վրացի Միհրդատի փոխարեն հայոց գահ է բարձրանում վրացի Հռադամիզդը: Կատարվածի հետ հաշտվում է նաև Հռոմը, քանզի հռոմեական արևելյան քաղաքականության բովի մեջ էր՝ նվաճած երկրներում նման խառնակչություններ սերմանելով և հրահրելով:

Նույն 51 թվականին Կապադովկիայի կուսակալ Պելիգնոսը Հռադամիզդին Արտաշատ մայրաքաղաքում թագադրում է որպես հայոց թագավոր:

Սակայն Հռադամիզդին վիճակված չէր երկար վայելել նենգությամբ ու ստորությամբ ձեռք գցած հայոց գահը: Հայաստանում Հռոմի և նրա դրածոների դեմ ըմբոստություն էր հասունանում: Միաժամանակ հզորացել էր հայերի ցեղակից ու բարեկամ Պարթև Արշակունիների թագավորությունը: Եվ հայ ավագանին դիմեց պարթևաց Վաղարշ արքային՝ միասնաբար հանդես գալու Հռոմի դեմ: Հայ ավագանին համաձայն էր որպես փոխհատուցում պարթևաց արքայի եղբորը՝ Տրդատին տեսնել հայոց գահին:

52 թվականին Տրդատ Արշակունին հայ ավագանու հրավերով, պարթևական օգնական զորքի ուղեկցությամբ մտավ Մեծ Հայքի թագավորություն: Հայերն ապստամբեցին Հռոմի դեմ և երկրի երկու խոշոր քաղաքների՝ Արտաշատի ու Տիգրանակերտի դարպասներն առանց դիմադրության, հյուրընկալությամբ բացեցին Տրդատ Ա արքայի առաջ: Ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը, Հռադամիզդին ոչինչ չէր մնում, քան ապավինել իր ձիերի արագավազությանը: Նա ճողոպրեց Վիրք՝ հոր մոտ:

Սակայն անգամ Հռադամիզդի փախուստը չանցավ առանց ոճրագործության: Որպեսզի իր հղի կինը՝ Զենոբիան, չընկնի հայերի ձեռքը, նա իր սրով խոցեց նրան և քարշ տալով Արաքս գետի կամրջի մոտ՝ վիրավոր հղի կնոջը նետեց գետը:

Սակայն Զենոբիան չմահացավ: Հորդառատ Արաքսը նրան քշեց որոշ տեղ, ապա նրան փրկեցին հայ ձկնորսները: Վիրավոր Զենոբիային հայ գյուղացիները տանում են Արտաշատ և հանձնում արքունիք: Տրդատ արքան ընդունեց իր ոսոխի կնոջն ու ապահով պահեց արքունիքում: Զենոբիան ծննդաբերեց և արու զավակ ունեցավ, որին կոչեցին պապի անունով՝ Փարսման: Հետագայում նա գահ բարձրացավ Վիրքում իբրև Փարսման Բ և թագավորեց 100-114 թվականներին:

Իսկ Հռադամիզդը Հռոմի օգնությամբ 53 թվականին կրկին ներխուժում է Հայաստան: Պարթևներն անկարող էին օգնել Տրդատ Ա արքային, և վրաց-հռոմեական ուժերը կրկին գրավում են Մեծ Հայքի թագավորությունը: Մի տարի անց հայերը կրկին ապստամբում են և պաշարում Արտաշատ մայրաքաղաքի արքունական պալատը: Հռադամիզդը, խույս տալով մահից, արդեն ընդմիշտ հեռացավ Վիրք՝ իր հետ տանելով նաև կնոջն ու որդուն:

Իսկ Վիրքում փառատենչ որդին դավ նյութեց հոր՝ Փարսման Ա-ի դեմ, անգամ կարողացավ գահազրկել նրան ու վրաց գահ բարձրանալ: Սակայն, ի վերջո, Փարսման Ա-ն կարողացավ հաղթել ու կրկին գրավել վրաց գահը՝ սպանելով Հռադամիզդին:

Փարսմանը հայոց երկրի դեմ թշնամանք էր տածում և մի քանի անգամ փորձեց հանդես գալ Տրդատ Ա-ի դեմ: Սակայն Մեծ Հայքում Տրդատ Ա Արշակունին այլևս ամուր հենարան ուներ և պատվով ու հաղթանակով դուրս եկավ այդ պատերազմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: