Հայերեն   English   Русский  

​Առերեսում


  
դիտումներ: 6526

Նախորդ համարում խոսեցինք հարցաքննության մասին, մասնավորապես՝ հարցաքննություն հասկացության, դրա կարևորության և ըստ սուբյեկտների տեսակների մասին: Հարցաքննության տարատեսակներից է առերեսումը: Այն սովորական հարցաքննությունից տարբերվում է նրանով, որ հարցաքննությունն իրականացվում է միաժամանակ երկու անձի հետ:

Առերեսման նպատակն այն է, որ քննիչը հնարավորություն ստանա վերացնելու այն էական հակասությունները, որոնք ի հայտ են եկել երկու տարբեր անձանց ցուցմունքներում, իսկ այն դեպքում, երբ էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում, ապա քննիչը պարտավոր է իրականացնել առերեսում:

Ինչ կարգով է իրականացվում առերեսումը:

Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք այն անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ:

Առերեսման կանչված անձը գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Վկան և տուժողը նախազգուշացվում են ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Առերեսման կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը հարցեր է տալիս:

Առերեսման կանչված անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց: Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառվելուց հետո միայն: Առերեսմանը, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը և հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը:

Քննիչը առերեսման մասնակիցներին ծանոթացնում է արձանագրության բովանդակությանը: Հարցաքննված անձինք իրավունք ունեն պահանջել, որ արձանագրության մեջ ուղղումներ և լրացումներ կատարվեն:

Առերեսման արձանագրությունը ստորագրում են քննիչը և հարցաքննվող անձինք: Յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները և արձանագրության ամեն մի էջը: Հարցաքննվողների՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե հարցաքննվողը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: