Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ոստիկանությունում մահացած քաղաքացու գործով ոստիկանության մայոր է ձերբակալվել


  
դիտումներ: 657

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել ոստիկանության բաժանմունքում Գազախի բնակիչ Էլմիր Ախունդովի մահվան կապակցությամբ:

Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 25-ին Էլմիր Ախունդովն արդեն մահացած վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գազախի ախտորոշիչ կենտրոն: Անմիջապես նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և իրականացվել են այլ ընթացակարգային գործողություններ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ախունդովի մայրը սեպտեմբերի 24-ին դիմել է շրջանային դատախազություն` հայտնելով, որ իր որդին ծեծի է ենթարկվել տեղի բնակիչ Քերիմ Ահմեդովի կողմից: Նույն օրը Ախունդովը ցուցմունք է տվել և դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որը հաստատել է ծեծի փաստը: Միևնույն ժամանակ, Ախմեդովը բողոք է ներկայացրել ոստիկանությանը՝ նշելով, որ իրեն ծեծել է Ախունդովը: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 25-ին Ախունդովին հրավիրվել են ոստիկանություն վկայություն տալու համար:

Ըստ պաշտոնական վարկածի՝ նույն օրը Ախունդովի վիճակը վատթարացել է, շտապօգնություն են կանչել, սակայն վերջինս մինչև բժիշկների ժամանենլը մահացել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Քերիմ Ահմեդովը ձերբակալվել է և քրեական պատասխանատվության ենթարկվել:

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ այս գործով ձերբակալվել է նաև Գազախի շրջանի ոստիկանության աշխատակից, մայոր Իլհամ Սուլեյմանովը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում մահացել է Գազախի բնակիչ, 37-ամյա Էլմիր Ախունդովը: Ըստ մահացածի քույր Ուլվիա Ախունդովայի՝ նրան մահացու ծեծի են ենթարկել: Որպես ապացույց՝ նա սոցիալական կայքերում տարածել է եղբոր՝ կապտուկներով պատված մարմնի լուսանկարները:

Ուլվիա Ահունդովան հայտնել է, որ եղբորը փողոցից տարել են, երբ վերջինս ծխախոտ գնելու համար տանից դուրս է եկել: «Ես նրա հետևից անմիջապես ոստիկանություն եմ գնացել, սակայն ինձ թույլ չեն տվել ներս մտնել: Այնուհետև շտապօգնության մեքենա է ժամանել: Դրանից հետո ինձ հիվանդանոցից զանգել են ու հայտնել, որ եղբայրս մահացել է»,- հայտնել է քույրը: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Ահունդովը ոստիկանություն է կանչվել ցուցմունք տալու համար, սակայն հանկարծակի իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոցում մահացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: