Հայերեն   English   Русский  

Ծնողների տեսակցության հաջորդ օրը մահացած զինվորը անուն է տվել


  
դիտումներ: 795

- Ինքը ընդամենը 2 ամիս է ծառայել, 2 ամսվա զինծառայողն, իմ իմանալով, զենքի հետ չպետք է գործ ունենար:

Գևորգ Հարոյան

Դեպքը կատարվել է օրը ցերեկով, ինչպե՞ս կարող էր վկա չլիներ, երբ դեպքերը զորամասում են եղել: Եթե ինքն է կրակել, ո՞վ է թույլ տվել, որ զենքին մոտենա, - ասում է հոկտեմբերի 1-ին զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած գյումրեցի Գևորգ Հարոյանի հորեղբայրը՝ Հարությունը:

Հարազատները չեն հավատում ՀՀ զինվորական քննչական վարչության տարածած հաղորդագրությանը, թե զինվորը մահացել է ինքն իրեն վնասվածք հասցնելու պատճառով:

Մայրը՝ Արմինե Հարոյանը պատմում է, երբ գնացել է որդուն տեսակցության և շատ հյուծված է եղել տղան, և կապտուկներով.
- Եկավ, ոնց որ որբ լիներ, նիհարած, ասի Գևորգ ջան էդ ի՞նչ ա պատահել: Ասավ էստեղ բանտ է՝ բաց երկնքի տակ: Շատ տխուր էր խոխաս, ասում եմ՝ Գևորգ ջան, յանի էդքան բանեցնու՞մ են, որ նիհարել ես, ասավ բա ի՞նչ են անում, ինչ ասում են, անում ենք: Ասեցի Գևորգ ջան, աչքդ հասկացանք, ասում ես ընկել ես, բա գլխինդ ի՞նչ է: Ասեց դե խրամատների մեջ ենք մտնում, ընկել եմ: Ասեցի Գևոր ջան, մի սուտ ասա, աչքիդ կապտուկը ծեծի բան է, խրամատի բան չի: Բայց բան չասեց: Մենակ ասաց, թե մամա ջան ես ոչ մի բանից չեմ բողոքում, սնունդը լավ է, բայց ինձ տարեք էս վաշտից: Ասեց մամ ջան, ըսոնց հախից մենակ գեներալը կարող է գա: Ղարաբաղի գեներալը՝ Կարապետյան Սամվելը:
Հարազատները Գևորգին սեպտեմբերի 30-ին են տեսել, սնունդից ու կենցաղային պայմաններից չի բողոքել, բայց սպաներից մեկի մասին տատին պատմել է.

- Իրանց վերահսկող աֆիցերը՝ լեննականցի Լուկաշ անունով, ասում ա, տատի, հլը մի թիքա հաց չեմ դրել բերանս, ասում ա վեր կաց, մինչեւ կանգնում եմ, թե բա՝ նստի: Էդ սվոլոչը էնքան չարչարել ա, երեխայի ներվերը կերել ա, դե ինքն էլ երեւի տղաներին ասել ա, իրանց միջին էլ խաբար բերող տանող ա իլել Լուկաշին, գնացել ասել ա: Ծեծել են երեխային երեւի, որովհետեւ ցարապինա կար, աչքն էլ կապուտ էր, - պատմում է տատը՝ Նինա Բեգլարյանը:
Գևորգի հորեղբայրն ասում է՝ տեսել է դին, ու այդտեղից ավելի են խորացել կասկածները.

- Ինքնասպան լինողը զենքը կկպցնե իր մարմնին, կրակելիս 4 կողմը կլոր պետք է այրվի, չէ՞: Իսկ ես տեսել եմ մի փոքր անցք, տակը մի թեթեւ այրվածք:

Սպասում են հետաքննությունների վերջնական արդյունքներին, որից էլ պարզ կլինեն Գևորգի ծնողների հետագա քայլերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: