Հայերեն   English   Русский  

Երկրին պետք է քաղաքական ընդդիմություն, նրա դերը չեն կարող կատարել լրագրողները կամ փորձագետները․ քաղաքագետ


  
դիտումներ: 1373

Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որպեսզի դրանից հետո երկու ԱԺ նիստերի ընթացքում նոր վարչապետ չընտրվելու պարագայում գործող խորհրդարանը լուծարվի և նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանը ցանկանում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

Նման հայտարարության, ինչպես նաև Փաշինյանի կոչով տեղի ունեցած հանրահավաքի, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին և մարզպետներին պաշտոնանկ անելու պատճառը «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնած փոփոխություններն են։

Քաղաքագետ Արմեն Աղայանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ երկրում ստեղծված իրավիճակն անհեթեթ է համարում։ «Կողմերի գործողությունները բացարձակ անիմաստ են, անարդյունավետ։ Նախկինները փրփուրներից են կախվում, ժամանակավոր կառավարությունն էլ նրանց ջղաձգումներից սարսափում է, ժողովրդին էլ է փոխանցում այդ սարսափը ու մոռանում իր հեղափոխական առաքելությունը, այն է՝ արագ ընդունել նոր և որակյալ ընտրական օրենսգիրք, ինչպես նաև նոր կուսակցությունների օրենք ու որոշ ժամանակ տալ քաղաքական դաշտի նոր խաղացողներին նախապատրաստվելու համար,- ասում է Աղայանը։- Դեռ երեկ Երևանի ընտրությունները քննադատվում էին «սև-սպիտակ» բաժանումների և համայնքային ընտրությունը հերթական «մերժման» վերածվելու համար։ Եվ ահա շուտով մենք կունենանք ԱԺ ընտրություն, որը նույնպես կվերածվի հերթական «մերժման»։ Իսկ ե՞րբ պետք է քննարկենք մեր երկրի զարգացման ռազմավարությունը»։

«Անկախի»հետ զրույցում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ քաղաքագետ Արմեն Բադալյանը նշում է․ «Երեք քաղաքական ուժերն իրենց այս քայլով հասան նրան, որ մարող հեղափոխական էյֆորիան, հեղափոխության ալիքը նոր շունչ ստացավ, ինչն օգուտ է վարչապետին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելով՝ քաղաքագետն ասում է, որ տեղի ունեցածի հետևանքով ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ խորհրդարան չի անցնի, մինչդեռ մինչ այս 50/50 հավանականություն ուներ։ Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն էլ շատ ավելի քիչ մանդատներ կունենա խորհրդարանում, քան կարող էր ունենալ;

«Մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունը նշանակում էր, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ադապտացվեն նոր քաղաքական իրավիճակին և համարժեք քաղաքական գործունեություն իրականացնեն՝ բարձրացնեն իրենց մրցունակությունը, կատարեն իմիջային փոփոխություններ։ Սակայն ինչպես ցույց տվեց անցած ժամանակահատվածը՝ նախորդ 4-5 ամիսները, նրանցից և ոչ մեկն այդ ուղղությամբ որևէ գործողություն չիրականացրեց»,- ասում է Բադալյանը՝ հավելելով, որ այդ պարագայում անիմաստ են դառնում մայիսյան խորհրդարանական ընտրությունները, որի մասին նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Բադալյանի կարծիքով՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունից հետո տրամաբանական կլիներ, եթե ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անջատվեին վարչապետի թիմից, իրենց հայտարարեին ընդդիմություն և սկսեին որոշակի իմիջային փոփոխություններ իրականացնել հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ապահովելու, ինչպես նաև մանդատների թիվն ավելացնելու նպատակով։

«Սակայն նրանք ընտրեցին վարչապետի թիմից տարանջատվելու ամենաանհաջող տարբերակը, որը հնարավոր էր գտնել։ Նրանք տարանջատվեցին վարչապետի թիմից և իրենց նույնականացրին Հանրապետականի հետ, որի նկատմամբ հանրության մոտ բացասական վերաբերմունք կա»,- ասում է Բադալյանը։

Հարցին, թե արդյոք հրատապ կերպով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա, Բադալյանը նշում է․ «Հեղափոխությունը Երևանում ավարտված է։ Ընտրությունների արդյունքում ձևավորվել է ընդդիմություն, թեկուզ և փոքր։ Եվ նրանք կարող են քննադատել քաղաքապետի կողմից իրականացվող գործողությունները։ Դա պետք է անել նաև ողջ երկրի մասշտաբով, որովհետև այս պահի դրությամբ կառավարությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում թույլ է տալիս կոպիտ սխալներ։ Դա պետք է քննադատել։ Իսկ քննադատել կարող է միայն հասարակության վստահությունը վայելող ընդդիմությունը, ինչն այս խորհրդարանում չկա։ Հասարակության շահերից է բխում, որ հնարավորինս շուտ ձևավորվի քաղաքական մեծամասնություն և քաղաքական փոքրամասնություն՝ ընդդիմություն, որպեսզի այս կառավարության կողմից թույլ տրվող սխալները ենթարկի խիստ քննադատության, որովհետև կառավարությունը սխալ ճանապարհով է գնում»։

Բադալյանը շեշտում է, որ երկրին պետք է քաղաքական ընդդիմություն, նրա դերը չեն կարող կատարել լրագրողները կամ փորձագետները։

«Այս պահին Հանրապետականն է ընդդիմություն, սակայն նա չի վայելում հասարակության վստահությունը։ Այդ իսկ պատճառով փորձագիտական շրջանակների համար դա է խիստ կարևորը, որպեսզի տեղի ունենան ընտրություններ և հեղափոխությունն ավարտվի, որպեսզի վարչապետն այլևս չասի հեղափոխություն կամ հակահեղափոխություն կա, դրա համար այս տնտեսական քաղաքականությունը չեմ կարող իրականացնել կամ մաքսային օրենսգիրքը չեմ կարող ընդունել։ Հեղափոխությանը Հայաստանում պետք է վերջ տրվի, իսկ դա տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասում է Բադալյանը։

Իսկ քաղաքագետ Էդգար Վարդանյանը, խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից, ասում է․ «Ընտրություններն անհրաժեշտ են, որ միջազգային գործընկերները, բիզնես միջավայրը հասկանան, որ երկարաժամկետ ներդրումներ կարող են իրականացնել Հայաստանում։ Դա կնպաստի երկրում իրավիճակի կանխատեսելիության մեծացմանը»։

Հարցին, թե արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Վարդանյանը նշում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում քաղաքական ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն հնարավոր արտահերթ ընտրություններին։ «Դա պահանջում է խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիան։ Ընտրությունները չեն կարող չիրականանալ, եթե ինչ-որ քաղաքական ուժեր հայտարարում են, որ դեռ պատրաստ չեն»,- ասում է նա։

Քաղաքագետ Արմեն Աղայանը ևս անհրաժեշտություն է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ ԱԺ ներկա կազմը քաղաքական իրողությունների հետ առնչություն չունի։ Միևնույն ժամանակ նա նշում է․ «Այս պայմաններում հին կամ թերի նոր օրենքով, ըստ էության, առանց նախընտրական քննարկումների ու արհեստականորեն սրված «հակահեղափոխական սպառնալիքի» մթնոլորտում ընտրված խորհրդարանից ոչ մի լավ բան չեմ սպասում։ Եթե վստահ լինեինք, որ կա որակյալ գաղափարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք, ապա գուցե իմաստ ունենար մինչև մայիս հետաձգելը։ Ցավոք այն, ինչ տեսնում ենք այս պահին, ժողովրդի հեղափոխական մանդատի շահագործումն է հանուն ամբողջական իշխանության։ Դե ինչ, ուրեմն, իշխանությունը վստահված է մեկ մարդու, ուրեմն թող նա էլ տնօրինի ԱԺ-ն, կրի ամբողջական պատասխանատվություն ու մենք վերջապես ազատվենք այս կեղծ «հակահեղափոխական սպառնալիքից»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: