Հայերեն   English   Русский  

Ֆորմալ առումով փոխհարաբերությունները շարունակում են մնալ նույն մակարդակում, ինչ եղել են․ քաղաքագետ


  
դիտումներ: 1780

Սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները, երկու երկրների միջև կնքված համագործակցության 16 համաձայնագրերը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ նախագահի Հայաստան այցն այս տարի տեղի չի ունենա և հավանաբար այցին «ավելի նպատակահարմար է սպասել հաջորդ տարի», հանրության որոշ շրջաններում մտահոգություն է առաջացրել։

Մտահոգություններն առանձնապես սրել են ռուս փորձագետները, որոնք հայաստանյան ԶԼՄ-ների հետ զրույցներում շեշտել են, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները բացառիկ ջերմ մակարդակում են, իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտություն ունի։

«Սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ ես չեմ կարծում, թե սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո ևս մեկ հանդիպումն արդեն սեպտեմբերի վերջին կարող էր ինչ-որ բան փոխել կամ ավելացնել, քանի որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բալանսի պահպանման համար արդեն պետք է անցնել հռետորաբանությունից կոնկրետ քայլերի: Հայտնի է, որ Պուտինի Բաքու այցի ժամանակ բանակցությունների սեղանին եղել են մեծ թվով համաձայնագրեր, պայմանագրեր: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանն այդպիսի մեծ թվով նախագծեր կամ համաձայնագրեր չունի: Եվ այդ առումով միայն լոկ հանդիպումը շատ քիչ բան կարող է փոխել: Պետք է երկկողմանի հարաբերությունները լրացնել կոնկրետ բովանդակությամբ: Ես գիտեմ, որ կոնկրետ այժմ հայ-ռուսական հարաբերությունները միայն ռազմական բնույթի են: Սակայն դա քիչ է, քանի որ միայն այդպիսի հարաբերությունները չեն լրացնում ամբողջը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, «Անկախի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ասում է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Իսկ ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունները մեկնաբանելով՝ քաղաքագետը նշում է, որ պետք է հաշվի առնել Կասպից ծովի կարգավիճակի շուրջ երկու երկրների միջև ստորագրված փաստաթուղթը։

«Այդ փաստաթուղթը կարևոր է Ռուսաստանի արտասահմանյան ռազմավարական նպատակների համար։ Ռուսաստանը որոշ չափով ստացել է այն, ինչ ցանկանում էր, այսինքն՝ թույլ չտալ, որ դրսի ուժերը մուտք գործեն Կասպից ծով։ Իսկ հարցերը, որոնք վերաբերում էին նավթատարների և գազատարների կառուցմանը, դեռևս չեն ստացել վերջնական լուծում»,- ասում է նա։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ քաղաքագետն ասում է, որ եթե մայիսին ռուսների մոտ հարց էր առաջացել, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ապա հիմա ունեն այդ հարցի պատասխանը և «բավարարված լինելով կամ չլինելով՝ հասկանում են, որ օբյեկտիվորեն պետք է կառուցեն փոխհարաբերությունները իշխանության տվյալ ներկայացուցչի հետ»։ Մարկարովը նշում է, որ հարաբերությունները կառուցվում են՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական օրակարգը, որտեղ ամեն մի կողմն ունի համապատասխան գերակայությունները և նախասիրությունները։ Հայաստանի համար այդ գերակայությունը պայմանավորված է ռազմական և ոլորտային համագործակցությամբ։ Ռուսաստանի համար դա պայմանավորված է իրենց աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ ու Հայաստանի նշանակությամբ այս հարցերում և մի շարք այլ հանգամանքերով։

«Ֆորմալ առումով փոխհարաբերությունները շարունակում են մնալ նույն մակարդակում, ինչ եղել են։ Երկու կողմերի պաշտոնական հայտարարությունները դա են վկայում»,- ասում է քաղաքագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ համաձայնագրերի կնքմանը՝ Մարկարովը հիշեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ պայմանավորված են մեծ պայմանագրով։ «Եթե Ադրբեջանը վերջին շրջանում ինչ-որ փաստաթղթերի կույտ է ստորագրել, ապա դրանք ոլորտային են և կոնկրետ խնդիրների են վերաբերում»,- ասում է Մարկարովը։ Նա նաև հիմնավորում է, թե ինչու նոր իշխանությունների օրոք Հայաստանը և Ռուսաստանը դեռևս համաձայնագրեր, թեկուզ և կոնկրետ խնդիրների վերաբերող, չեն ստորագրել։

Ալեքսանդր Մարկարով

«Խնդիրն այն է, որ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել Պուտին-Փաշինյան մակարդակում, եղել են աշխատանքային՝ ԵՏՄ, ԱՊՀ, կամ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում։ Իսկ փաստաթղթերի ստորագրումները տեղի են ունենում պաշտոնական այցերի ժամանակ՝ համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ»։

Մարկարովը նաև շեշտում է, որ երկրների ղեկավարների այցերի նախապատրաստությունը տևական ժամանակ է պահանջում, մանավանդ որ այցը միայն այցի համար չէ, այն նաև համապատասխան բովանդակությամբ պետք է ապահովվի։

Նա մտահոգիչ որևէ բան չի տեսնում նրանում, որ Պուտինը Բաքու այցելելուց հետո Երևան չի այցելել։ Ասում է՝ դա մտահոգիչ կլիներ, եթե այցը տարածաշրջանային լիներ և Հայաստանը դուրս մնար։

Հարցին, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ փոփոխությունների կարիք կա, Մարկարովը նշում է, որ միշտ էլ կան բաներ, որոնք կարելի է բարելավել։

«Հարաբերությունները, որ առկա են պաշտոական հայտարարությունների ձևով, բավարարում են երկու կողմերին էլ։ Քաղաքական իմաստով կողմերն ունեն փոխըմբռնում, տնտեսական իմաստով կա համագործակցություն, ռազմական առումով տեղի է ունենում համագործակցություն։ Այս ոլորտներում կարող են լինել հարցեր, որոնք կարող են բարելավել այս հարաբերությունները։ Բայց դրանք ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական բնույթի հարցեր են»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: