Հայերեն   English   Русский  

​Բիզնես սահմանի վրա. կրակոցները չեն խանգարում


  
դիտումներ: 2337

Տարածված տեսակետ կա, թե ՀՀ սահմանամերձ համայնքներում անընդհատ կրակոցները վտանգ են ստեղծում բիզնեսի համար: Ինչ-որ չափով՝ այո, այս տեսակետը օբյեկտիվ հիմքեր ունի:

Բայց նույն այդ օբյեկտիվ հիմքերի մասին սկսում ես վերապահումով մտածել, երբ նույն սահմանամերձ, ավելի ճիշտ՝սահմանապահ համայնքներում, որտեղ կրակոցները վաղուց արդեն սովորական երևույթ են, հանդիպում ես հերթական հաջողված բիզնեսի պատմությանը:

Բաղանիսում հանդիպեցինք սեփական փոքրիկ կարի արտադրամասը հիմնած Նունե Եդիգարյանին: Նա ծիծաղելով շեշտում է՝ կրակոցներն իրենց բիզնեսին չեն խանգարում. «Մեզ էլ է աշխատանք պետք: Ու կրակոցները չեն կարող մեզ հետ պահել մեր նախաձեռնություններից ու մեր նպատակները կյանքի կոչելուց: Երբ կրակոցներ են լինում` մենք պատսպարվում ենք ապահով վայրերում, իսկ հետո դուրս ենք գալիս ու մեր գործը շարունակում: Ճիշտն ասած՝ արդեն սովորել ենք այդ իրավիճակին ու գիտենք, որ կրակոցից հետո պետք է մեր գործերն անենք»:

Բիզնեսը սկսելու պահից՝ 2016 թվականից մինչ մեր զրույցի պահը, նշում է Նունե Եդիգարյանը, երբեք չի մտածել իր գործն ավելի խաղաղ վայրեր տեղափոխելու մասին, քանի որ, կրկնում է, սահմանի անհանգստությունն իրենց խոչընդոտ չէ, իրենք չեն դժգոհում: Երբեք և ոչ մի խնդիր, ասում է «Արար» կարի արտադրամասի հիմնադիրը, առիթ կամ պատճառ չի եղել, որ իրենք հիասթափվեն կամ կոտրվեն ու որոշեն իրենց գործունեությունը դադարեցնելու մասին:

«Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և միշտ ուզում եմ նոր բաներ փորձել իմ մասնագիտության մեջ, նոր բաներ սովորել, կատարելագործվել: Երբ մի բան ստացվում է` ոգևորվում ես, էլի նոր բաներ ես փորձում, որ դա էլ է ստացվում` էլ ավելի ես ոգևորվում: Ուրախանում եմ, երբ իմ աշխատանքը մարդկանց դուր է գալիս, առնում են: Մարդկանց վերաբերմունքն էլ է փոխվում քո նկատմամբ, երբ տեսնում են, որ գործ ես դնում, գործ ես անում, պիտանի ես իրենց: Սկսում են քեզ հարգել, այդ հարգանքի դրսևորումները զգում ես ամեն քայլափոխի, իսկ դա լրացուցիչ ոգևորություն է հաղորդում»,- ասում է Նունե Եդիգարյանը:

Երկու տարի առաջ նա «Սահման» ՀԿ-ի աջակցությամբ հայրենի Բաղանիսում հիմնեց ընտանեկան բիզնես՝ իր փոքրիկ, բայց հաջողակ «Արար» կարի արտադրամասը, քանի որ մասնագիտությամբ հենց հագուստի գծագրող-մոդելավորող է ու նման փոքրիկ արտադրամաս ստեղծելու նպատակ վաղուց ուներ:

Նունե Եդիգարյանը սկսեց իր բիզնեսը միայնակ՝ տնային պայմաններում: Ներկայումս մտածում է արտադրությունը տնային պայմաններից դուրս բերելու և ավելի մեծ տարածքում կազմակերպելու մասին: Պատվերների ավելանալուն զուգահեռ արդեն մտածում է լրացուցիչ աշխատողներ ընդգրկելու մասին. «Սկզբում ունեի մեկ փոքրիկ կարի մեքենա: Հետագայում, երբ ձեռք բերեցինք արտադրական մեքենաներ, արդեն բիզնեսի բնույթը փոխվեց: Սկսել ենք սպիտակեղենից: Հիմնականում վաճառում ենք մեր՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում: Բավականին լավ է ստացվել մինչև հիմա, ու արդեն մտածում ենք ոչ միայն տարածաշրջանով բավարարվելու, այլև գործունեության շառավիղը մեծացնելու մասին, որպեսզի աշխատատեղեր ստեղծենք, լրացուցիչ պատվերներ ընդունենք»:

Վերջին շրջանում մենք շատ ենք լինում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ու հաճախ ենք հանդիպել մարդկանց, որոնք նշում են, թե իրենց գյուղերում աշխատատեղեր չկան, երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել և այլն: Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասում է, որ ինքը որոշել է ոչ թե համակերպվել այդ իրողության հետ, այլ ստեղծել աշխատանք ու աշխատատեղ: Իսկ եթե որոշ մարդիկ չեն նախաձեռնում սեփական գործը, միգուցե ավելի նեղ են մտածում:

«Ես կարծում եմ, որ իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե մարդիկ իրենց համար սահմանափակումներ չդնեին, ավելի լայն մտածեին, ավելի լայն մտահորիզոն ու ավելի հեռու գնացող ծրագրեր ունենային, ոչ թե սահմանափակվեին իրենց գյուղով կամ շրջանով, այլ ավելի մեծ շուկաների՝ հանրապետական, հանրապետության սահմաններից դուրս շուկաների մասին մտածեին: Ու ինձ թվում է, որ եթե մարդիկ այդպես մտածեն` կտեսնեն, որ հնարավորությունները ավելի մեծ են ու շատ»,- նշում է «Արար» կարի արտադրամասի հիմնադիրը և խոստովանում, որ միգուցե ինքը չիմանար «Սահման» ՀԿ-ի ծրագրերի մասին, չդիմեր այդ ՀԿ-ի օգնությանը, չստանար աջակցություն և ինքն էլ դժգոհեր նեղ ու սահմանափակ հնարավորություններից: Բայց նաև հիշում ու հիշեցնում է՝ ճիշտ է ՀԿ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ ընդլայնեց իր փոքրիկ ընտանեկան բիզնեսն ու ավելի կազմակերպված արտադրություն հիմնեց, բայց մինչ այդ էլ ուներ մի կարի մեքենա, ու թեկուզ փոքր, բայց աշխատանքներ էր կատարում՝ երազելով փոքրիկ սեփական արտադրամաս ունենալու մասին:

Ինչ-որ չափով, ընդգծում է երիտասարդ ձեռներեցը, իր այս փոքրիկ երազանքն իրականացել է, քանի որ որոշեց ռիսկի դիմել, ու ստացվեց: Եվ հաջողվեց, քանի որ հավատում էր, որ կստացվի, սիրում էր իր մասնագիտությունը:

«Եթե հասկանում ես քո գործից, տեսնում ես լուծումները, մոտ ապագան, արդեն կստացվի պլանավորել, թե ինչ անել, որը որից հետո անել, ինչպես անել և այլն: Իսկ եթե չհասկանաս գործից` չես էլ իմանա անգամ, թե ինչից կարելի է սկսել: Եթե ինչ-որ մեկը գա ու ինձ պատվիրի, օրինակ, ինչ-որ շոր, իսկ ես պատվերն ընդունեմ, բայց չիմանամ, թե ինչպես պետք է այդ շորը կարեմ, իմ գործը կստացվի՞, իհարկե ոչ: Իհարկե, նաև շատ բաներ էլ սովորում ենք ընթացքում, անընդհատ փորձում-փորձարկում ենք: Եթե պետք է գործ անես, ուրեմն պետք է արածդ գործից հասկանաս ու ամենակաարևորը՝ կրքով պետք է վերաբերվես քո գործին»,- ասաց մեր զրուցակիցը:

Գործն առաջ է գնացել աշխատասիրության շնորհիվ: «Արար»-ի հիմնադիրը նշում է, որ աշխատասիրությունը յուրաքանչյուր գործում հաջողության հասնելու պարտադիր պայման է: Անձամբ իր համար շատ կարևոր է եղել նաև ոգեշնչումը: Սկսել է շատ փոքր քանակներով արտադրանք թողարկելուց, բայց ժամանակի ընթացքում ծավալներն ավելացել են: Իսկ բիզնեսը սկսելու համար պահանջվել է մի քանի հարյուր հազար դրամ գումար: Հետո մարդիկ հավատացել են իր կարողություններին, իր հնարավորություններին, տեսել են իր աշխատանքի արդյունքները և աջակցել են: Եվ ահա երկու-երեք միլիոն դրամով նա ձեռք է բերել այս փոքրիկ արտադրամասը:

Նունե Եդիգարյանը միշտ էլ մտածել է, որ պետք է սեփական բիզնեսն ունենա, ոչ թե ընդմիշտ ինչ-որ մեկի մոտ աշխատի: Երբ հարցնում ենք՝ ավելի հարմար չէ՞ ուրիշի մոտ աշխատավարձով աշխատելը, անմիջապես ու կտրուկ պատասխանում է. «Ո՛չ, ինչպե՞ս, ես այստեղ ինքս ինձ համար եմ աշխատում, թեկուզ ավելի քիչ գումար վաստակեմ` դա իմն է: Սեփական գործը տալիս է մտածելու, գործելու ազատություն: Այն, ինչ իմն է, իմն է: Դա շատ տարբեր է ուրիշի մոտ աշխատելուց: Ճիշտն ասած՝ ես փոքր արտադրամաս եմ սիրում»,- ժպտալով եզրափակում է երիտասարդ գործարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: