Հայերեն   English   Русский  

Կաթի մասին


  
դիտումներ: 2037

Շատերն են օրը սկսում կաթով, շատերը կյանքը չեն պատկերացնում առանց կաթի, ոմանց համար էլ կաթն անախորժություններ պատճառող մթերք է:

Կաթն ու կաթնամթերքը ներառված են սննդի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր խորհուրդներում: Յոգուրտ, կաթնաշոռ, թթվասեր, մածուն, պանիր ու կեֆիր. այդ բոլորը կարելի է ուտել ու խմել, դրանք լիարժեք պրոտեին, կալցիում ու վիտամիններ են պարունակում: Կաթնամթերքը սննդաբաժնից չի բացառվում նույնիսկ այն դեպքերում, եթե կաթնային շաքարի` լակտոզայի հանդեպ օրգանիզմում անընկալունակություն է հայտնաբերվում: Նման դեպքերում առաջարկվում է կոշտ պանիր կամ յոգուրտ օգտագործել. դրանց մեջ լակտոզան բակտերիաների ազդեցությամբ ֆերմենտացման է ենթարկված: Միակ դեպքը, երբ կաթ իսկապես չի կարելի օգտագործել, ալերգիան է կաթնային սպիտակուցներից, որոնք կովի կաթի մեջ կան:

Բայց դա չի նշանակում, որ եթե ալերգիա չունեք, ապա կաթ կարող եք ու պետք է խմեք, եթե հատկապես չեք սիրում. դա պարտադիր չէ: Կալցիում կարող եք ստանալ կաթնային այլ մթերքների հետ, այն մթերքների, որոնք ձեզ ավելի են դուր գալիս: Իսկ եթե կաթնամթերքը դուր չի գալիս, ապա այդ պակասը հնարավոր է լրացնել թռչնամսի, ձկան, վարսակաձավարի ու ընկուզեղենի միջոցով:

Կաթը` պզուկների պատճառ

Կարծիք կա, որ մաշկի խնդիրները կարող են սխալ սնման հետևանքով առաջանալ, օրինակ` եթե շատ քաղցր կամ յուղոտ սնունդ եք նախընտրում: Վերջին տարիներին ակնեի առաջացման մեղավոր են համարում նաև յուղազրկված կաթը: Ակնեն հիվանդություն է, որն արտահայտվում է ճարպագեղձերի ու մազարմատների բորբոքմամբ: Իրականում վստահություն ներշնչող ապացույցներ դեռևս գոյություն չունեն, որ ինչ-որ մթերք կարող է մաշկի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:

Ակնեի առաջացման ու կաթի կապն ապացուցող հետազոտություններն այնքան էլ համոզիչ չեն: Գիտությունը կարծում է, որ գլխավոր պատճառները հորմոնների մշակման խանգարումն ու կոսմետիկայի սխալ կիրառումն են: Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան խորհուրդ չի տալիս հատուկ մաշկային խնդիրների պատճառով սննդակարգը փոխել ու բացառել այս կամ այն մթերքը:

Կաթը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը

Սննդաբանները խորհուրդ են տալիս հագեցած ճարպերով սննդի քանակը նվազեցնել, իսկ դրանք (հագեցած ճարպեր), կան բոլոր կաթնամթերքներում ու մսի մեջ, քանի որ, ըստ տարածված կարծիքի, դրանք հանգեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման, մեծացնում անոթային հիվանդությունների ռիսկը:

Վերջին հետազոտությունները վտանգի մասին կարծիքը կասկածի տակ են առել. պարզվում է, որ դրանց սահմանափակման հետ իսկապես խոլեստերինի մակարդակը նվազում է, սակայն սրտի իշեմիկ հիվանդությունների հավանականությունը մնում է նախկինի պես նույնը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ նույնիսկ զարկերակային բարձր ճնշման դեպքում, երբ անոթները հատկապես խոցելի են, չի կարելի սննդաբաժնից բացառել կաթնամթերքը: Ճիշտ է, դրա հետ առաջարկվում է նախապատվությունը տալ քիչ յուղայնությամբ կաթնամթերքին` յոգուրտին, կեֆիրին, ոչ յուղոտ պանրին: Այդ մթերքները բարելավում են աղիքային տրակտի միկրոֆլորան, ինչի հաշվին էլ կորոնար համակարգում բորբոքային պրոցեսներն են նվազում:

Կաթը` քաղցկեղի պատճառ

Կաթը «մեղադրվում» է նաև քաղցկեղի առաջացման մեջ: Նախ` քաղցկեղի առաջացման մեխանիզմը շատ բարդ է, այսօր էլ բավականաչափ հետազոտություններ չկան, որոնք նկարագրում են այդ պրոցեսը, ավելին, դեռ հնարավոր չէ ասել, թե հատկապես որ մթերքը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դրա փոխարեն տեղեկություններ կան, որոնց համաձայն՝ քաղցկեղի կանխարգելման նպատակով կաթնամթերք է առաջարկվում: Օրինակ` կաթը, յոգուրտը, տարբեր յուղայնության պանիրները պաշտպանում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացումից: Այդ մթերքներն անվտանգ են, օգտակար, ուստի պետք չէ հրաժարվել դրանցից:

Պնդացնում է ոսկրը

Այո, սակայն երեխաների ու մինչև 30 տարեկանների մասին է խոսքը: Հենց այդ տարիքում է կատարվում ոսկրերի հանքայնացումը, դրանցում կուտակվում է կալցիումը: Ուստի շատ կարևոր է, որ դա մարդը ստանա սննդից, առաջին հերթին` կաթնամթերքից: Չնայած ընդհանրապես կաթնամթերքի գործածումը խրախուսվում է գրեթե բոլոր տարիքներում, այնուամենայնիվ կաթնամթերքից ողնաշարի վիճակը մեծերի մոտ չի բարելավվում: Գիտնականները 6 խոշորագույն հետազոտություններ են կատարել, որոնց մասնակցել է 200 հազար մարդ: Նրանք ապացուցել են, որ կաթի գործածման հետ ոսկրերի վիճակի բարելավում չի կատարվում: Շվեդ գիտնականները ևս հետազոտություններ են կատարել 39 տարեկան կանանց ու տղամարդկանց շրջանում ու նմանատիպ արդյունքներ արձանագրել: Ըստ նրանց եզրահանգման՝ իմաստ չունի, ասենք, D վիտամինով հագեցած կաթ գործածել, դրանից ոսկրերի հանքայնացում չի կատարվում:

Կաթ և սուրճ

Այո, դրանից չեք հիվանդանա: Համաշխարհային ուսումնասիրություններում այդ մթերքների համադրման ոչ մի արգելք չկա: Սահմանափակումներ չկան նաև կապված կաթով թեյի հետ: Կաթը չի նվազեցնում հակաօքսիդանտների քանակն այդ ըմպելիքներում: Սակայն չպետք է մոռանալ, որ դրանք կալորիական են դառնում կաթից:

Ալերգիայի պատճառ

Ալերգիան պետք է տարբերակել անընկալունակությունից. դրանք տարբեր խնդիրներ են, որոնք սննդաբաժնի տարբեր խմբագրումներ են պահանջում: Ալերգիան առաջանում է այն դեպքում, երբ իմունային համակարգը մերժում է կովի կաթի սպիտակուցները, հիմնականում դա երեխաների մոտ է հանդիպում, երբ երեխայի սննդաբաժնում կամաց-կամաց ավելանում է կաթնամթերքը: Դա արտահայտվում է ցանով, շուրթերի այտուցով, փսխումով ու անգամ կարող է էկզեմա հայտնվել:

Ալերգիա՞ է, թե անընկալունակություն

Կաթնամթերքի հետ օրգանիզմ կաթնային շաքար է մուտք գործում ` լակտոզա, ու այն քայքայելու համար հատուկ ֆերմենտ է մշակվում` լակտազա, որը շաքարը երկու մասի է բաժանում` գլյուկոզայի ու գալակտոզայի, որոնք արյան մեջ են մտնում: Այդ ֆերմենտի մշակման համար պատասխանատու գեն ունեն գործնականում բոլոր ժողովուրդները, որոնք պատմության բերումով, աշխարհագրությամբ պայմանավորված, զբաղվել են անասնապահությամբ ու կաթնամթերք են կիրառել: Օրինակ` հոլանդացիները, շվեդները, ավստրալացիները:

Իսկ այն ժողովուրդները, որոնք առանց կաթի են ապրել, օրինակ՝ ճապոնացիները, հնդկացիները, էսկիմոսները, նրանց մոտ նման գենետիկ մուտացիա չի ձևավորվել: Դա է պատճառը, որ նրանց մարսողական համակարգը չի կարողանում տրոհել կաթնային շաքարը, ու այն մնում է աղիքներում, որտեղ էլ դառնում է «բակտերիաների» գրոհի զոհ: Դրանից իսկական ճակատամարտ է բռնկվում, որն ուղեկցվում է գազառաջացմամբ, սրտխառնոցով ու փորլուծով: Եթե նման ախտանշաններ ունեք, ուրեմն հատուկ անալիզ կարելի է հանձնել:

Կաթը մի մերժեք

Մի վախեցեք կաթնաշոռից, պանրից ու կեֆիրից, դրանք օգտակար ու առողջ մթերքների շարքից են: Բայց եթե չեք սիրում, ձեզ մի ստիպեք ուտել դրանք: Եթե սիրտը կաթ է ցանկանում` մի մերժեք օրգանիզմի ցանկությունը, խմեք, եթե սրտխառնուք ունեք ասենք` կեֆիրից, պարտադիր չէ, մի խմեք:

Ի դեպ

Ներոնի երկրորդ կինը` Պոպեյան ամեն օր 500 ավանակի կաթից լոգանք էր ընդունում: Ասում են՝ նրա մաշկը հարթ ու նուրբ էր, ժամանակակիցներն ասում էին` Պոպեյայի մոտ ամեն ինչ շատ լավ է, բացի հոգուց:

Ամպրոպն ու կաթը

Ամպրոպի ժամանակ կաթը շուտ է թթվում: Կենսաքիմիկոսները պարզել են, որ ամպրոպի ժամանակ կաթի արագ թթվեցման մեղավորները երկարալիք էլեկտրամագնիսական իմպուլսներն են. որոնք կարող են թափանցել ցանկացած նյութի մեջ, հետևաբար ամպրոպի ժամանակ նույնիսկ սառնարանը դրված կաթը կարող է թթվել:

Տնտեսուհիները վստահեցնում են` թանաքի թարմ հետքերը հնարավոր է կաթով վերացնել:

Կաթն էլ ավելի է պայծառացնում հայելիների ու շրջանակների փայլը:

Կաթը թարմացնում է դաշնամուրի ստեղների թարմությունը:

Անտեսանելի գործոնը

Լենինը գրում էր անտեսանելի թանաքով ու բանտից նամակները դուրս էր ուղարկում: Ընդ որում` թանաքամանը հացի խմորից էր պատրաստված, իսկ թանաքի փոխարեն դրանում կաթ էր լցվում: Այն չորանալով անտեսանելի էր դառնում, իսկ ուղերձը կարդալ հնարավոր էր ասենք մոմի լույսի տակ տաքացնելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: