Հայերեն   English   Русский  

​«Ես արդեն ուժասպառ եմ, ո՞րն է մեր մեղքը»․ հաշմանդամ զինվորի մայրը հոգնել է խնդրելուց


  
դիտումներ: 5382

Ժամկետային զինծառայության ժամանակ գլխի ծանր հրազենային վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը,

կրկին սթրեսային վիճակում է․ հերթական մերժողական նամակն է ստացել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նամակում գրված է, որ վիմպատ դեղը գրանցված չէ ՀՀ-ում և ընդգրկված չէ անվճար հատկացվող դեղերի ցանկում, առողջապահության նախարարությունն այն չի ստանում նաև որպես մարդասիրական օգնություն։ «Ստանալու դեպքում դեղը Ձեզ կտրամադրվի սահմանված կարգով»,- ասված է պատասխան նամակում։

Այն, ինչ ասվում է իրեն, տիկին Արմինեն շատ լավ գիտի։ Սրանից առաջ նա դիմել էր առողջապահության նախարարություն և նույն պարզաբանումը ստացել, որից հետո ստիպված դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս ունենալով, որ պետությունն այնուամենայնիվ ինչ-որ լուծում կգտնի դեղամիջոցը որդուն տրամադրելու հարցում։ Սակայն վարչապետի նամակը վերահասցեագրվել է առողջապահության նախարարություն, որտեղից էլ նույն պատասխանը կրկին ուղարկվել է հաշմանդամ զինվորի մորը։

«Այնքան վատ եմ ինձ զգում։ Տպավորություն է, թե ես անհասկացող եմ, ինձ նույն պատասխանը երկու անգամ ուղարկում են։ Բայց ես շատ լավ գիտեմ, որ այդ դեղը չկա անվճար դեղերի ցանկում, գիտեմ, որ պետությունը այն չի ստանում։ Ես դիմել եմ, որ պետությունը որևէ ելք գտնի, քանի որ ես պարզապես ի վիճակի չեմ դա գնել»,- ասում է նա։

Վիմպատ կոչվող գերմանական դեղամիջոցը միակն է, որ այս երկու տարվա ընթացքում տարբեր դեղեր փորձելուց հետո դրական է ազդել Ալբերտի առողջության վրա։ Դեղն ամերիկացի մի պրոֆեսոր էր նշանակել, և հասարակական ակտիվիստ, զինվորների խնդիրներով զբաղվող ամերիկահայ Թագուհի Օհանյանի օժանդակությամբ մոտ մեկ տարվա քանակով ուղարկվել է Ալբերտին։ Այդ դեղամիջոցից Ալբերտն օրական 2 անգամ պարտադիր պետք է ընդունի։ Դեղամիջոցն արժի 350 եվրո, որը բավականացնում է ընդամենը 2 ամիս։

Վարչապետին ուղղված նամակում տիկին Արմինեն գրել է․

«Հարգելի վարչապետ, կոչ եք անում արտերկրից վերադառնալ և ծառայել հայրենիքին: Որդիս սրտի թելադրանքով, կամավոր 2015 թ., թողնելով ուսումը Ռոստովի պետական համալսարանում, 2-րդ կուրսից եկավ Հայաստան իր պարտքը հայրենիքին պատվով կատարելու, նաև բարձր ոգու օրինակ ծառայելու բոլոր նրանց, ովքեր նմանատիպ դեպքերում կերկմտեին: 2016 թ. հունիսին դիրքերում սպայի դաժան ձեռքով որդիս ամիսներ շարունակ կյանքի ու մահու կռիվ էր տալիս: Աստծո ու զինվորական հոսպիտալի բժիշկների շնորհիվ նա հրաշքով վերածնվեց»։

Հաշմանդամ զինվորի մայրը նաև ցավ է ապրում, որ որդուն այդ օրը գցած սպան ազատության մեջ է․ դատարանը նրան ընդամենը 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, դժգոհ է դատարանի որոշումից, քանի որ կարծում է, որ պատիժն ուղղակի անհամաչափ է կատարած արարքին։ «Դատարանն այդ սպային նաև պարտավորեցրել է, որ Ալբերտի բուժման հետ կապված ծախսերը հոգա, բայց դա ուղղակի ծիծաղելի է, քանի որ վիրավորվելուց ի վեր նա նույնիսկ մեկ անգամ չի զանգել ու չի հետաքրքրվել Ալբերտի ճակատարգով, էլ ուր մնաց ծախսերը հոգա։ Ու նման անձը հերիք չի ազատության մեջ է, նաև շարունակում է աշխատել զինված ուժերում։ Ես ու շատ շատերը նման սպային, որ իր զինվորի գլխին կարող է զենք պահել և նրան հաշմանդամ դարձնել՝ խեղելով երիտասարդ կյանքը, թշնամուց չենք տարբերում»:

Տիկին Արմինեն չի կարողացել անգամ վերաքննիչ դատարան դիմել վճիռը բողոքարկելու նպատակով, քանի որ փաստաբանին շուրջ 2 հազար դոլար պետք է վճարեր։

Մի խոսքով, արդեն երկու տարի է՝ Ալբերտն ու նրա հարազատները, բնականոն կյանքի հունից շեղված, պայքարում են ոչ միայն առողջության, այլև արդարության վերականգնման համար։ «Դարձել ենք մուրացկան, անընդհատ գումար ենք հավաքում, պարտքով վերցնում, բայց մինչև ե՞րբ։ Բացի այդ, մեր հոգեկան ներաշխարհը լրիվ խաթարվել է»։

Իսկ այն մարդկանց, ովքեր աջակցել ու մինչ օրս էլ աջակցում են իրենց, տիկին Արմինեն երախտապարտ է ողջ կյանքում։ Ասում է՝ շնորհիվ հայ ազգի իր որդին կարողացավ Գերմանիա հասնել ու վիրահատվել։

Ընդհանուր առմամբ Ալբերտը գլխի 6 ծանր վիրահատության է ենթարկվել։ Վերջին վիրահատությունները, որ տեղի են ունեցել Գերմանիայում, նույնպես չափազանց ռիսկային էին, բայց բարեբախտաբար դրական ելք ունեցան։ Հիմա տղան պետք է շարունակի դեղորայքային բուժումը, ինչը, փաստորեն, նույնպես խնդիր է։

Ալբերտ Դալլաքյան

Տիկին Արմինեն օգոստոսի 27-ին բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, սեպտեմբերի 3-ին նաև գրավոր դիմում է հղել ընդունելության համար։ Մինչ օրս նախարարից պատասխան չունի։

Իսկ մինչ պատկան մարմինները լռում են կամ ստանդարտ պատասխաններ տալիս, Ալբերտին այդ դեղամիջոցն օր առաջ պետք է, որպեսզի ցնցումների մեջ չընկնի։

«Վերջին անգամ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի աջակցությամբ ենք դեղամիջոցը ձեռք բերել։ Բայց ինչքա՞ն կարող է այդ աղջիկն օգնել։ Ես արդեն ուժասպառ եմ այսքան խնդրելուց ու արդարություն պահանջելուց, ո՞րն է մեր մեղքը»,- հոգոց է հանում մայրը:

Վարչապետին ուղղված նամակում տիկին Արմինեն նշել է, որ այժմ գոնե կարելի է որևէ հույս ունենալ, որ վերջապես լուծում կտրվի իրենց խնդիրներին: Նամակի պատասխանից հետո հերթական հիասթափությունն ու ցավն է ապրում։

Միակ հույսը մնացել է հանրապետության նախագահը։ Նրան էլ կգրի։ Ի դեպ, ամիսներ առաջ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, շատ է զարմացել՝ իմանալով, որ պետությունը չի հոգում զինծառայության ընթացքում վիրավորված տղաների դեղորայքային բոլոր հարցերը, և խոստացել է լուծել այդ խնդիրը։

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը 2015 թ. ինքնակամ թողել էր ուսումն ու վերադարձել Հայաստան՝ անցնելու զինվորական ծառայության: 2016-ի ապրիլյան քառօրյայի ծանր փորձությունը հաղթահարելուց 3 ամիս անց՝ հունիսի 24-ին, Ալբերտը վիրավորվել է: Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով նրան գլխուղեղի հրազենային ծանր վիրավորում էր հասցրել իր դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը: Ալբերտը հրաշքով է ողջ մնացել։ Վիրավորվելուց և շուրջ 2 տարի վերականգնողական բուժում ստանալուց հետո երիտասարդը հեռակա կարգով ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ շարունակելու ուսումը: Ռոստովի պետական համալսարանում գերազանց սովորող ուսանողն այժմ ամեն ինչ սկզբից է սկսել, քանի որ վիրավորվելուց հետո անգամ գրել-կարդալն է նորից սովորել։

Առհասարակ 2016-ի հունիսի 24-ից հետո Ալբերտը կյանքը զրոյից է սկսել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: