Հայերեն   English   Русский  

​Բնապահպաններն ահազանգում են, իսկ ներդրողները չեն նահանջում


  
դիտումներ: 1993

Այն պահից սկսած, երբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բնակիչներին հայտարարեց, թե Հայաստանում կոկորդիլոսաբուծությամբ զբաղվելու հայտ է ներկայացվել,

ընդ որում բիզնես նախագծի հեղինակը հայ է, մամուլում ակտիվ քննարկումներ ծավալվեցին: ՀԿ-ների ղեկավարները և էկոլոգները հայտնեցին իրենց մտահոգությունները, թե հայ ժողովրդին հարիր չէ նման բիզնեսով զբաղվել, թե Կարմիր գրքում գրանցված այս կենդանու և առհասարակ բնական մորթու և կաշվի գործածությունը աշխարհում անկման միտում է արձանագրում, մինչդեռ Հայաստանում դրա բուծմամբ են զբաղվում: Որոշ բնապահպաններ կոչ արեցին չեղարկել ներդրողի ծրագիրը, նույնիսկ այս առումով պաշտոնական դիմում ուղարկվեց բնապահպանության նախարարություն:

Խոսքը վերաբերում է Դաշտավան գյուղում ձեռք բերված 30 հա հողատարածքին, որը, ներդրողի տեղեկացմամբ, ծառայելու է երկու նպատակի՝ կոկորդիլոսաբուծարանի ստեղծմանը և նախադեպը չունեցող էկոայգու ծրագրի իրագործմանը: Այժմ ներկայացնենք, թե կոկորդիլոսի բուծման ուղղությամբ ինչպիսի հեռանկարներ ու մտահոգություններ կան:

Գրավիչ է, երբ երկրում ներդրող է հայտնվում, որը պատրաստ է մի քանի մլն դոլար ներդրում կատարել, աշխատատեղեր ստեղծել, բայց մյուս կողմից էկոլոգների դժգոհությունն է, թե կոկորդիլոսների բուծման համար երկրում համապատասխան նախադրյալներ չկան:

Կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանը հայտնել է, որ վրդովված է, քանի որ կոկորդիլոսների պահպանման և բուծման համար Հայաստանում բնակլիմայական պայմաններ չկան: Համապատասխան ջերմաստիճանի առկայությունը դեռևս բավարար չէ կենդանիներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար, բացի այդ, Հայաստանը չունի նաև կենդանիների իրավունքները կանոնակարգող օրենք, ինչից էլ բխում են մնացած բարդությունները։

Փորձը ցույց է տալիս, որ անգամ թույլտվություն ստացած շատ ընկերություններ հետագայում չեն կարողանում կենդանիներին պատշաճ պայմաններում պահել: Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ասուլիս է տվել և լրագրողներին հաղորդել, որ թերահավատորեն է տրամադրված այն տեսակետին, թե կոկորդիլոսի միսը Հայաստանում սպառվելու է կամ կաշին է արտահանվելու: Նրա համոզմամբ՝ ներդրողին Հայաստան է բերել էժան աշխատուժը, մինչդեռ գումար շահելու նպատակով վտանգված են շրջակա միջավայրն ու ջրի պաշարները: Բացի խնդիրները բարձրաձայնելուց, Ադամյանն ասել է, որ գիշատիչ կենդանիների հետ շատ վտանգավոր է աշխատելը՝ մատնանշելով որոշ երկրների փորձը: Նա ասել է՝ ամեն ինչ անելու է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության իրականացմանը մասնակցեն նաև իրենք:

Հետաքրքրվեցինք՝ ով է ներդրողը: Խաչատուր Սարգսյանն է բիզնես նախագծի հեղինակը, որ շուրջ 15 տարի ապրել է Աֆրիկայում՝ Տանզանիայում, ու թեպետ նախկինում չի զբաղվել այս գործունեությամբ` տեղյակ է այդ կենդանիների բուծման, խնամքի հետ կապված գործընթացներից: Լսելով բնապահպանների մատնանշած հիմնախնդիրները՝ մեզ հետ զրույցում առարկեց` ասելով, որ համաձայն չէ էկոլոգների տեսակետին: Նախ՝ ինքը չի պատրաստվում կոկորդիլոսի միսն ու կաշին Հայաստանում սպառել: Միսը կարտահանվի հիմնականում Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։ Ինչ վերաբերում է բնակլիմայական պայմաններին, հիմնադրի տեղեկացմամբ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ձմռան սեզոնին է հնարավոր խուցերը տաքացնելով ապահովել նրանց խնամքը: Նրանք տաքությունն ընկալում են փորի հատվածով, և անհրաժեշտ է, որ խուցի հատակի ջերմաստիճանը լինի 30 աստիճան։ Իսկ ջուրն անհրաժեշտ է նրանց հովացման համար. առհասարակ ջրում չեն ապրում, տեղակայվում են ճահճուտ վայրերում:

Կոկորդիլոսը բավական դանդաղ զարգացող կենդանի է և 7 տարեկանից հետո է միայն սկսում ձվադրումը, և որպեսզի բուծարանը հասնի այդ փուլին և հնարավոր լինի կոկորդիլոսից կաշի ստանալ, 10-15 տարի է անհրաժեշտ։ Իսկ մինչ այդ 7-8 տարի շարունակ պետք է ներդրում արվի, իսկ Խ. Սարգսյանն այդ ժամանակահատվածը պատրաստվում է օգտագործել ի նպաստ Հայաստանի բնության և շրջակա միջավայրի պահպանման:

Կոկորդիլոսի բուծումը կլինի էկոայգու ստեղծման ծրագրի բիզնես բաղադրիչը և կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ ինքնատիպ է և կարող է Հայաստան բերել նոր տուրիստական հոսքեր, որոնք ավանդականից տարբեր կլինեն:

Ծրագիրը 5-ամյա է և պահանջում է 10 մլն դոլարի ներդրում. այն իրականացվում է Տանզանիայի կոկորդիլոսաբուծական ընկերության հետ համատեղ: Կոկորդիլոսի բուծման համար ներկրվելու է 100 նեղոսյան կոկորդիլոսի ձու, սակայն նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի: Ընդ որում, մեկ ձուն արժի 400 ԱՄՆ դոլար:

«Արմոտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Խաչատուր Սարգսյանը՝ բիզնես-նախագծի հեղինակը, չի կիսում այն մտահոգությունը, թե բնապահպանական որևէ վտանգ կա, ընդհակառակը, կարծում է՝ մշակված փակ շղթան կաշխատի ոչ թե ընդդեմ, այլ հօգուտ բնության։

Ի դեպ, տարածաշրջանում այն լինելու է առաջին կոկորդիլոսաբուծարանը: Ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2017 թ. վերջին։

Կոկորդիլոսների ձվերը կպահվեն ինկուբատորներում, 3 ամիս անց պահպանման հետագա գործընթացներում հայ գործընկերներին աջակցելու և խորհդատվության համար կգան տանզանիացի գործընկերները: Խաչատուր Սարգսյանը մարտական է տրամադրված և համոզված, որ այս բիզնես բաղադրիչը լինելու է շոգեքարշ՝ զարգացնելով տուրիզմը դեպի էկոայգի:

Ընկերությունն այժմ սպասում է CITES-ի (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) թույլտվությանը, որպեսզի աշխատանքները սկսվեն:

Այս ծրագրի շրջանակներում էկոայգու ստեղծմանը կանդրադառնանք հետագայում:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: