Հայերեն   English   Русский  

​Մալխաս Ամոյան. «Հաղթանակիս գործում մեծ ներդրում ունեն իմ մարզիչներն ու հարազատները»


  
դիտումներ: 7460

Սլովակիայի Տրվանա քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե մեդալ նվաճեցին: 67 կգ քաշային կարգում առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Մալխաս Ամոյանը: Ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 83 միավորով թիմային հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը:

Աշխարհի նորընծա չեմպիոնը «Անկախի» հետ զրույցում, անչափ կարևորելով այս հաղթանակը, պատմեց մրցաշարից ստացած տպավորությունների և օլիմպիական դափնին նվաճելու նվիրական ցանկության մասին:

- Մալխաս, աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկաք` ոչ մի հնարավորություն չտալով մրցակիցներին: Շնորհավորում ենք:

- Շնորհակալ եմ: Աշխարհի առաջնությունից առաջ շատ լավ նախապատրաստական փուլ անցա մարզիչներիս գլխավորությամբ: Եվրոպայի առաջնությանը 3-րդ տեղը զբաղեցնելուց հետո հասկացա, որ կան որոշ թերություններ, որոնք հարկավոր է շտկել: Հավաքականի հետ 2 ուսումնամարզական հավաք անցկացրինք, աշխատեցի սխալներիս վրա, ճիշտ նախապատրաստվեցի և մեդալ նվաճեցի: Աշխատանքիս արդյունքը ցույց տալու մեծ ցանկություն ունեի:

Այս մեդալին շատ երկար էի սպասել: Տարբեր մրցաշարերի ժամանակ մրցանակակիր էի դարձել, սակայն պատվո հարթակի առաջին աստիճանին չէր հաջողվում կանգնել: Ուրախ եմ, որ հաղթահարեցի այդ անջրպետը:

- Եզրափակիչ գոտեմարտում 10:0 հաշվով առավելության հասաք Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Նկատելի էր, որ մարտական եք տրամադրված: Ո՞ր գոտեմարտն էր առավել տպավորիչ:

- Նմանատիպ մրցաշարերի ժամանակ չեն լինում թույլ մրցակիցներ, բոլորն էլ գալիս են մեդալի հետևից: Մինչ եզրափակիչ հասնելը 2 ծանր գոտեմարտ անցկացրի ուկրաինացի և թուրք ըմբիշների հետ: Անցյալ տարվա եզրափակչի ձախողումը հիշելով, երբ 3:3 հաշվով պարտվեցի, ուժերս հավաքեցի, ավելի կենտրոնացած գործեցի և կարողացա հաղթել:

- Ձեր հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունեցին հայերն ու եզդիները: Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք Հայաստանը միջազգային մրցաշարերում:

- Հաղթանակի բերկրանքը բառերով արտահայտել ու բացատրել հնարավոր չէ: Միառժամանակ հետո ես հասկանում միայն, թե ինչ ես արել` երկրիդ դրոշը բարձրացնելով և հիմնը հնչեցնելով: Մեծ պատիվ է ինձ համար ուրախացնել թե՛ հայերին, թե՛ եզդիներին: Հաղթանակս նվիրում եմ երկու ազգերին: Հպարտ եմ, որ կարողանում եմ բարձր պահել մեր երկրի պատիվը: Հաղթանակը երանելի պահ է յուրաքանչյուր մարզիկի համար: Ամեն մի մարզիկ ուրույն զգացողություններ է ունենում այդ պահին:

- Ինչպե՞ս եք ազատվում լարվածությունից և հաղթահարում հուզմունքը մրցաշարերի ժամանակ:

- Մրցաշարերին մասնակցելիս անչափ կարևոր է տրամադրվածությունն ու հոգեբանական պատրաստությունը: Լարվածություն միշտ էլ լինում է: Մարզումների ընթացքում շատ կարևոր է ճիշտ նախապատրաստվել, ժամանակ առ ժամանակ այլ զբաղմունքներ գտնել, զբոսանքի գնալ կամ կինոթատրոն հաճախել: Ընկերներս օգնում են ինձ այդ հարցում, փորձում են այնպես անել, որ գոնե մի կարճ ժամանակ կտրվեմ ըմբշամարտից և չմտածեմ մարզումների մասին:

- Անվանի մարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանի եղբորորդին եք: Հորեղբոր ճանապարհով գնալու որոշումը Դու՞ք եք կայացրել:

- Հորեղբորս բոլոր մրցումներին փոքր տարիքից միշտ ներկա եմ գտնվել: Նա ինձ տանում էր պարապմունքների, ես էլ ինքնուրույն սկսում էի մարզվել: Անուն առ անուն գիտեի նրա բոլոր մրցակիցներին: Երբ հավաքներից կամ միջազգային մրցաշարերից վերադառնում էր, հագնում էի նրա մարզահագուստը, մինչև անգամ քնում էի դրանով: Դպրոցում միշտ նկարում էի ըմբշամարտի հետ կապ ունեցող դրվագներ: Փոքր տարիքից սիրել եմ այս մարզաձևը, ցանկացել նմանվել հորեղբորս և նոր հաջողություններ գրանցել:

- Հաջողության հասնելու համար ի՞նչ է հարկավոր և ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Սպորտն իմ լավագույն ուսուցիչն է, այն դաստիարակում է, սովորեցնում: Լավ մարզիկ դառնալու համար առաջին հերթին պետք է լինել լավ մարդ: Հաջողության և հաղթանակի հասնելու համար հարկավոր է ունենալ ցանկություն և նպատակ: Սպորտի շնորհիվ սովորել եմ ամեն գնով հաղթահարել դժվարություններն ու երբեք չընկճվել, երբեք չեմ ցանկացել թողնել սպորտը: Միշտ էլ գնացել եմ նպատակիս հետևից: Հնարավոր չէ միշտ հաղթել: Պատահում են նաև անհաջողություններ, լինում են պարտություններ: Հարկավոր է այդ ամենը հաղթահարելու ուժ և ցանկություն ունենալ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում և հաղթել: Օլիմպիական մեդալն ամենից ցանկալին է: Նշեմ սակայն, որ ամեն մի մեդալ, լինի աշխարհի, Եվրոպայի առաջնությունից կամ որևէ մրցաշարից, անչափ կարևոր է, քանի որ տարիների աշխատանքի արդյունք է:

- Սպորտում հաջողության հասնելու գործում անչափ կարևոր է հմուտ մասնագետի դերը: Ձեզ շրջապատում են բազմափորձ մարդիկ, որոնք մշտապես օգնում, ոգևորում ու քաջալերում են:

- Մարզիկը միայնակ չի կարող ոչնչի հասնել: Մարզիչի դերն անչափ կարևոր է մարզիկի կայացման, հաջողության հասնելու համար: Հաղթանակիս գործում մեծ ներդրում ունեն իմ մարզիչներն ու հարազատները: Համատեղ աշխատանք եթե չլինի, ապա սպորտում հնարավոր չի լինի երկար մնալ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձնական մարզչիս՝ Համլետ Հովհաննիսյանին, հավաքականի մարզիչներին՝ Արմեն Բաբալարյանին, Մովսես Կարապետյանին, ինչպես նաև Ազատ Ամոյանին, Արսեն Մաքվեցյանին։ Նաև շնորհակալություն եմ հայտնում ավագ ընկերներիս ու հորեղբորս՝ Ռոմանին՝ ամեն հարցում կողքիս լինելու համար: Հարկավոր է հարգել ավագներին, գնահատել նրանց փորձն ու հասնել նրանց:

Իմ կարիերայում եղել են անհաջողություններ, եղել են նաև պահեր, երբ մտածել եմ, որ ոչինչ չի ստացվի: Այդ պահին իրենց խորհրդով օգնել են մարզիչներս և հուսահատությունից հանել: Պարտությունից հետո հանգիստ են տվել, որպեսզի կրկնակի եռանդով սկսեմ աշխատել:

- Դուք այժմ հանդես եք գալիս գերմանական բունդեսլիգայում: Ծանրաբենվածությունը մեծ չէ՞ մրցաշարերի մասնակցության առումով:

- Աշխարհի առաջնությունից հետո վերսկսել եմ մարզումներս: Հանդես եմ գալիս գերմանական «Ksv Ispringe» ակումբում: Սա շատ կարևոր է և անհրաժեշտ փորձի համար: Հրավերք ստացա: Հորեղբորս խորհրդով պայմանագիր կնքեցի: Առաջնության ժամանակ հնարավորություն է ընձեռվում գոտեմարտելու տարբեր տարիքային խմբերի տիտղոսակիր մարզիկների հետ, ինչը դրական է անդրադառնում հետագա մրցումների ժամանակ: Երբ հաղթում ես մեծահասակ ըմբիշներին` վստահությունը մեծանում է սեփական ուժերի նկատմամբ: Առաջնությունն օգնում է թերությունները հայտնաբերելու, դրանք շտկելու և շարունակ կատարելագործվելու: Նշեմ, որ ակումբային առաջնությունում հանդես կգամ 72 կգ քաշային կարգում, իսկ հետագայում մարզիչներս կորոշեն, թե որ քաշային կարգում կշարունակեմ ելույթներս:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: