Հայերեն   English   Русский  

​Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը


  
դիտումներ: 1888

Քանի որ հանրապետության մի շարք մարզերի որոշ համայնքներում պերմանենտ բողոքի ցույցեր են կազմակերպվում համայնքների ղեկավարների դեմ՝ պահանջելով նրանց հրաժարականը և արտահերթ ընտրություններ, ներկայացնում ենք օրենքն այն մասին, թե երբ և ինչպես են դադարեցվում համայնքի ղեկավարի լիազորությունները:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:

Բացառությամբ 7-րդ կետի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն, իսկ 7-րդ կետով սահմանված դեպքում նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:

Ավագանու որոշումը կամ արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն և կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը) կամ դադարելու մասին արձանագրությունն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: