Հայերեն   English   Русский  

​Խաղաղ մայրամուտները սահմանապահ գյուղերում ավելի ես գնահատում. իսկ հեղափոխությունն այնտեղ չի հասել


  
դիտումներ: 922

- Հեն ա, ա՜յ, էն էշը, որ կյալիս ա, տա թուրքի գնդակոծությունից տուժված էշ ա, տրան էլ կարաք նկարիք,-

ձեռքը դեպի գյուղական կիսաքանդ ճանապարհին խաղողի արկղերի ծանրությունից հազիվ շարժվող սայլի ուղղությամբ պարզելով՝ ասում է սահմանապահ Բաղանիս գյուղի գյուղի բնակիչներից Գառնիկը, հետո էլ արագ-արագ վրա բերում:- Դրանց տունը գյուղի ամենադիտարկվող հատվածըմն ա, իրանց տունը շատ ա գնդակոծվըմ, մի անգամ էշին ա կպչըմ, մի անգամ՝ ուրիշ անասունի, մի անգամ՝ կրիշն ա քանդըմ, պատերն ա քանդըմ...

Մինչ նա կշարունակեր թվարկել, թե հակառակորդի գնդակոծություններն էլ ինչ հետևանքներ են թողնում համագյուղացու փոքրիկ տնտեսության վրա, մեզ մոտ է հասնում սայլի տերը, ջերմորեն բարևում ու կռահելով, թե ինչու ենք բոլորս ավանակին նայելով ժպտում, ինքն է սկսում. «էս պատերազմական գործողություններին ակտիվորեն մասնակցող իմ էշն ա, բայց էդ հեչ, դուք եկեք, խաղող վերցրեք-կերեք, քաղցր խաղող ա»:

Հետո մի քանի բառ է փոխանակում համագյուղացու հետ ու շտապում է դեպի իրենց տուն՝ ընթացքում ծիծաղելով մեզ դիմելով. «Արագ էս յաշիկնին տուն հասցնեմ, հետո նորից հանդը հասնեմ, խաղողը հվաքել ենք, պտի տուն հասցնենք, թե չէ կմնայի ու ձեր հետ ահագին կզրուցեի»:

Ու երբ նա հեռանում է, մեր զրուցակիցը, հայացքով ուղեկցելով համագյուղացուն, վրա է բերում. «էդ մեր կյանքն ա, էդ որ Երևանըմ ասըմ եք՝ նոր Հայաստան, մեր մոտ ամեն ինչ նույնն ա մնացել, էլի թուրքը կրակըմ ա, էլի մենք ստեղ նույն ձև ապրըմ ենք, ինչ էն վախտ»:

Գառնիկի հետ էլի զրուցում ենք դեսից-դենից, ու այդ ընթացքում մեր կողքին մի սպիտակ մեքենա է կագ առնում, որից իջած երիտասարդի անունը Կարեն է: Մոտենում է մեզ, բարևում, մի քանի բառ փոխանակում Գառնիկի հետ, հետո միանում մեր զրույցին:

«Հեղափոխությո՞ւն... Չէ, չենք տեսել: Հեղափոխությունը հլա մեր գյուղ չի հասել, մեր կյանքում ոչ մի փոփոխություն չկա, մեզ մենակ մի դարդուցավ ունենք՝ խաղաղ ապրենք, էն երկու պուճուր տղերքս խաղաղ երկնքի տակ մանկապարտեզ քինին»,- ասում է Կարենը:

Նույն օրը նաև Կոթիում ենք: Բաղանիսում Նարեկ Սահակյանն ասում էր՝ մեր գեղն էլ ա գյուլլի բերան, բայց Կոթիի վիճակը սարսափելի ա, էնտեղ էլ գնացեք: Կոթիի գյուղամիջում մեզ ուղեկցող բաղանիսցի երիտասարդները զրույցի են բռնվում իրենց հարևան-ընկերների հետ: Կոթեցիներն իմանալով, որ մայրաքաղաքից լրագրող է եկել, հետաքրքրվում է իրենց առօրյայուվ, իսկ ավելի ճիշտ՝ կրակոցներով, ձեռքները օդում շրջանաձև շարժելով՝ ցույց են տալիս գյուղը շրջապատող բոլոր բարձր բլուրներն ու բարձունքները և նշում՝ համարյա բոլորի վրա էլ հակառակորդի դիրքերն են, հենց այդ բարձր դիրքերից էլ իրենց ամբողջ գյուղը մշտապես կրակի տակ է: Իրենց հետաքրքիր չէ ո՛չ Երևանում ներքաղաքական իրավիճակը, ո՛չ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ո՛չ աշխարհի դարդուցավը: Իրենց դարդուցավն էլ իրենց լիուլի բավարար է:

«Մեզ մենակ մի խնդիր ունենք՝ կրակըմ են, որ չկրակեն, չէ՞, աղայի պես կապրենք, մեր հանդերը կմշակենք, անասուն կպահենք, մեր այգիները անտեր չենք թողնի ու կապրենք: Իսկ էս վիճակի վերջը չենք տեսնում»,- ասում են կոթեցիները:

Նրանցից հարցնում ենք Սուրեն Սեփխանյանենց տան տեղը, որը վերջերս՝ սեպտեմբերի 16-ին, Կոթիի հերթական գնդակոծության ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել: Մանրամասն բացատրում են, թե ինչպես կարող ենք հասնել նրանց տուն: Րոպեներ անց արդեն Սուրեն Սեփխանյանենց տան դարպասի առջև ենք, իսկ նրա կինը, որ արդեն այգուց հասցրել է հետաքրքրվել ու գիտի, որ ամուսնուն ենք հարցնում, հասել է դարպասի մոտ ու ժպիտը դեմքին մեզ ներս է հրավիրում: 60-ամյա Սուրեն Սեփխանյանը, վիրավոր ոտքի վրա ուշադրություն չդարձնելով, գալիս է ընդառաջ: Հետո պատմում, թե ինչպես եղավ իր վիրավորվելը: Կամաց-կամաց զրույցն անցնում է ադրբեջանցի գյուղացիների թեմային: Սեփխանյանը շտապում է նշել. «Դե նրանց գյուղացիք էլ են մարդ, նրանք էլ չեն ուզում, որ պատերազմ ըլի, որ կրակոցնի ըլեն, որ մարդիկ չկարան խաղաղ ապրեն, նրանք էլ են մարդ: Բայց դե համը հանողը իրենց զինվորն ա, շատ են կրակում մեր գյուղի, մեր տների վրա»:

Հետո խոսում ենք տարբեր թեմաներից, միջազգային հարաբերություններից, ու Սուրեն Սեփխանյանը հիշում է, որ վերջերս են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել, Փաշինյանն էլ հայտարարեց, որ պայմանավորվել են թուլացնել լարվածությունը: Բայց դրանից հետո ավելի ուժեղ սկսեցին կրակել: «Միշտ էլ տհե ա եղել, հենց մեր ղեկավարներից մեկնումեկը հանդիպըմ ա իրանց ղեկավարներից մեկնումեկի հետ, հետո սկսըմ են ավելի ուժեղ կրակել»: Բայց ամեն դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության հետ կոթեցիներն ավելի լուրջ հույսեր են կապում:

Հեղափոխությունն այստեղ էլ չեն զգացել ու այս առումով շեշտում են՝ իրենց կյանքը ոչ մի կերպ չի փոխվել, ինչպես հակառակորդն առաջ էր կրակում, հիմա էլ է կրակում: Իսկ քաղաքականությունն ու դիվանագիտությունն ընկալելու կամ ավելի ճիշտ՝ չափելու համար իրենք այլ հաշվարկային համակարգ ու չափման միավոր ունեն՝ իրենց գյուղերի, իրենց տների ուղղությամբ թռչող գնդակները: Մնացած ամեն ինչ այստեղ երկրորդական է: Խաղաղության գինն ու արժեքն այստեղ ավելի լավ ես զգում:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Երևան-Բաղանիս-Երևան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: