Հայերեն   English   Русский  

​Քաղաքական ճգնաժամ՝ առանց պոզ ու պոչի


  
դիտումներ: 2123

Հայաստանի ներքաղաքական ոչ վաղ անցյալից հիշում ենք՝ կային քաղաքական ուժեր, չնայած այդ ուժերը ֆորմալ առումով, հիմա էլ կան, որոնք թեժ քաղաքական աշուններ էին խոստանում:

Մի քանի տարի առաջ ամբողջ փորձագիտական, ԶԼՄ դաշտն ու քաղաքականությամբ հետաքրքրվող հանրությունը սպասում էին այդ քաղաքական թեժ աշնանը, որն այդպես էլ չեղավ: Հիմա Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, «շտկում» է նախկին սխալները: Նա ընդամենը մեկ երեկոյի ընթացքում հասցրեց թե՛ խոստանալ թեժ աշուն, թե՛ հայտարարել և թե՛ անմիջապես էլ կյանքի կոչել այն:

Թերևս Հայաստանում արդեն բոլորը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ի երեկոյան Երևանում ու ամբողջ երկրում:

Իհարկե, բոլոր քաղաքական ուժերը դեռ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հասկացան, թե իրենց համար ինչ վտանգավոր ընթացք են ստանում ներքաղաքական գործընթացները, ինչ կլինի, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան ոչ թե ինչ-որ ժամանակ անց, այլ հենց այս տարի՝ մինչև տարեվերջ: Բնական է՝ Նիկոլ Փաշինյանը ևս գիտակցում է, թե մոտավորապես ինչ արդյունքներ կգրանցվեն արտահերթ ընտրություններում, ու պարզ է, որ ամեն գնով փորձ է արվեու արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել հենց այս տարի:

Մնացած քաղաքական ուժերին դա ձեռնտու չէր, և նրանք հակված չէին իրադարձությունների նման ընթացքին: Հետևաբար վարչապետը պետք է ընտրեր հնարավոր օրինական ճանապարհներից ամենածայրահեղը՝ հրաժարական տալ ու այնպես անել, որ ԱԺ-ն 16-օրյա ժամկետում երկու անգամ չկարողանա կամ չուզենա նոր վարչապետ ընտրել,ԱԺ-ն ցրվի օրենքի ուժով: Բայց քանի որ այդ դեպքում արդեն ավելի հավանական էր, որ ԱԺ մյուս ուժերը կփորձեին իրավիճակը փոխել, այդ ժամկետում առաջադրել իրենց թեկնածուն, ապա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի վարչապետական հետագա կարիերայի կապակցությամբ լուրջ հարցեր կառաջանային:

Իհարկե այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողներին ասաց. «Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018 թվականիի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերի կապակցությամբ Փաշինյանը հայտարարեց, թե դրանք միտումնավոր են արվում: «Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, որը կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»:

Իսկ թույլ չտալն ինչպե՞ս պետք է դրսևորվեր, եթե ոչ հենց այդպես՝ վարչապետին սատարող լայն զանգվածներին դեմ տալով: Դրա համար «հակահեղափոխության» և «նախկինների» ստվերների հիշատակումն անգամ բավարար է, որ ամեն ինչ «իր տեղն ընկնի», քանի որ այդ «ստվերները» պարզապես հունից հանում են այդ մարդկանց:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին մկանների փոքրիկ ցուցադրություն իրականացրեց, ու շատ պարզ տեքստով էլ հայտարարեց՝ իրենք այս ամենն արեցին, որպեսզի ցույց տան, թե ով կարող է մի հայտարարությամբ անգամ մարդկանց բազմահազարանոց զանգվածներ տեղաշարժել և ով է երկրում իրադրության տերը:

Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց ավելի հեռուն գնալ: Երեկոյան ԱԺ բակում անցկացված «սպոնտան» հանրահավաքի ժամանակ նա նորից անցկացրեց իր «ֆիրմային հնարքը». հստակ բաժանարար գիծ անցկացրեց ու հայտարարեց՝ ովքեր դեմ են ԱԺ-ն ցրելուն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, արդեն ոչ թե սև են, արդեն ոչ թե հակահեղափոխական են, այլ արդեն պատերազմ են հայտարարում ժողովրդին... Ու եթե մի պահ պատկերացնենք, որ մյուս բոլոր ուժերից ամեն մեկը, որոնք պարզապես դեմ են գործող իշխանության առաջարկած քաղաքական օրակարգին, մի քանի հազար մարդ փորձի փողոց դուրս բերել ու դրանով ցույց տալ, որ իրենք էլ իրենցից ինչ-որ բան ներկայացնում են, ապա չենք էլ ուզում պատկերացնել, թե իսկապես ինչ պատերազմ կլինի... Է, քաղաքական ճգնաժամը հո պոզով-պոչով չի՞ լինում:

Գ.Ա.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: