Հայերեն   English   Русский  

​Ծառայել հայրենիքին` դաստիարակելով և դաստիարակվելով...


  
դիտումներ: 9362

2010-ից Ուսուցչի տոնը Հայաստանում նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ևս մի անգամ տալով հնարավորություն՝ գնահատելու կրթական ոլորտի նվիրյալների կատարած աշխատանքը:

Այս առիթով էլ հանդիպել ենք Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի դասվար Հասմիկ Սարիբեկյանին, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Ալեքսանյանին և Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Նարեկ Հայրապետյանին: Վերջինս դասավանդում է «Երևակ» կրթահամալիրում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Զրույցի սկզբում անդրադարձանք ուսուցիչ հասկացության ամենատիպական առանձնահատկություններին:

Ըստ տիկ. Սարիբեկյանի՝ ուսուցիչը, հատկապես՝ դասվարը, աշակերտի երկրորդ մայրն է, որ հոգատարության և սիրո մարմնացում է, սեր, որ արտահայտվում է ոչ միայն գիտելիք փոխանցելով, այլև կյանքի ամենատարբեր հմտություններին ծանոթացնելով: Թամարա Ալեքսանյանն էլ համարում է, որ ուսուցիչը պիտի հետաքրքիր անհատականություն լինի, կենսասեր, ապրելու և պայքարելու ձգտումով և սովորեցնի աշակերտներին անսովոր հայացքով նայել կյանքին: Իսկ պարոն Հայրապետյանն ընդգծում է, որ ուսուցիչն առաջնահերթ հայրենիքին ծառայություն մատուցողն է, իր գործի գաղափարակիրը, անկեղծ նվիրյալը:

Զրուցակիցներս նաև ներկայացրին մերօրյա ուսուցիչների առավելություններն ու թերությունները:

Հասմիկ Սարիբեկյանի խոսքով՝ ներկայիս ուսուցիչներն ավելի աշակերտակենտրոն են, ինչը շատ կարևոր է: Նրանց մոտեցումները տարբերվում են խորհրդային ժամանակներում դասավանդած ուսուցիչների մոտեցումներից: Սակայն դժվար է այդ մոտեցումներն արդյունավետ կիրառել ներկայիս 35-հոգանոց դասարաններում, ինչն արդեն ոչ թե ուսուցչի, այլ կրթական համակարգի թերությունն է: Բայց անգամ նման պայմաններում դասվարն ամեն ինչ անում է յուրաքանչյուր երեխային առանձնահատուկ մոտեցում ցույց տալու համար:

Նարեկ Հայրապետյանը ևս շեշտադրում է, որ դպրոցում դեռ խորհրդային տարիներից աշխատող մասնագետները և անկախության ժամանակաշրջանի երիտասարդները տարբերվում են մտածելակերպով ու մեթոդներով. «Չի կարելի ժխտել, որ խորհրդային ժամանակաշրջանի կրթությունը շատ բարձր մակարդակում է եղել, բայց այսօր ժամանակները փոխվել են, և ուսուցչի մոտեցումներն էլ պիտի փոխվեն՝ ըստ երեխայի զարգացածության աստիճանի, գերզարգացած տեխնոլոգիաների պահանջների: Ուստի հաջողության է հասնում այն դպրոցը, որտեղ երիտասարդ և տարեց ուսուցիչների միջև փոխադարձ ըմբռնում կա, փորձի փոխանակում՝ նորարարական մեթոդների և տարիների փորձառության շրջանակներում, ինչպես նաև մեկը մյուսից սովորելու ձգտում»:

Թամար Ալեքսանյանն էլ կարծում է, որ մերօրյա ուսուցիչը պիտի ճկուն լինի, որովհետև նրա արածը պետք է գալու 20-30 տարի հետո: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ շատ մասնագիտություններ ընթացքում մեռնում են՝ փոխարինվելով նորերով, ուստի ուսուցիչը պիտի գտնվի բոլոր իրադարձությունների կիզակետում, ինքն էլ պատրաստ լինի այդ փոփոխություններին և դրանք ընդունի ոչ թե դժգոհելով, այլ սիրով, այլապես հետ կմնա կյանքից. «Այսօր մեր կրթության թերություններից մեկը հենց այդ հետ մնալն է: Կյանքը զարգացել է, նոր սերունդն առաջ է նայում, բայց դասավանդող ուսուցիչները կարծես մեկ քայլ հետ են մնում, այնինչ հակառակը պիտի լինի, ուսուցիչը պիտի առջևում լինի: Նրանք նաև մի տեսակ վախ ունեն եկող սերնդից, անհամարձակություն ամեն կարգի վերադասների մոտ, չկա հակադարձելու սովորություն: Գուցե խիստ եմ դատում, բայց ուսուցիչը պետք է դեմք ունենա: Անդեմ մարդու աշակերտը մեծանում է անդեմ ու գորշ: Այսօր դաշտը շատ ընդարձակ է: Եթե ուսուցիչը տիրապետում է գոնե մեկ օտար լեզվի, համացանցը տալիս է տեղեկություններ քաղելու, հարուստ գրականությունից օգտվելու, ինքնակրթվելու հնարավորություն: Սակայն մենք հաճախ հանդիպում ենք դպրոց տարվող կաղապարների: Բայց չէ՞ որ ուսուցչին նայում են աչքեր, որոնք անընդհատ նրանից վերցնելու բան ունեն: Սա շատ մեծ պատասխանատվություն է»:

Հաջորդիվ խոսեցինք մեր ուսուցիչների խնդիրներից ու ձեռքբերումներից:

Պարոն Հայրապետյանը ցավով նշեց, որ նախկինում ուսուցիչն ավելի գնահատված էր, քան այսօր. «Նման վերաբերմունքը հիմնականում գալիս է ծնողից, որը սխալ է ուղղորդում երեխային: Երբեմն շատ հուսահատեցնող իրավիճակներ են լինում, որոնք խանգարում են ուսուցչին աշխատել: Բայց երբ առաքելությունդ հստակ է, ապա դիմադրելու կամքդ էլ է հզոր լինում: Եթե ես չմտածեի, որ սա իմ մարտադաշտն է, ապա ընդհանրապես դպրոցում չէի լինի: Մենք էլ այստեղ ենք մեր պայքարը մղում՝ գիտելիք փոխանցելով, սերունդ դաստիարակելով, ինչպես նաև դաստիարակվելով: Աշակերտը պիտի իմանա, որ դպրոցն իր խրամատն է, և այստեղ իր զենքն իր գրիչն ու գիտելիքն է, որով էլ հենց ծառայում է հայրենիքին: Ուսուցչի ամենամեծ ձեռքբերումն աշակերտի շնորհակալ վերաբերմունքն է, ինչն օգնում է հասկանալու՝ հաջողե՞լ ես առաքելությանդ մեջ, որովհետև քեզնից շնորհակալ են լինում աշխարհի ամենամաքուր էակները՝ անկեղծ սերը անկեղծ ընկալողները: Եթե մտածեմ ավելի մեծ ձեռքբերումների մասին` արդեն կպարտվեմ»:

Տիկին Սարիբեկյանը մտահոգություն հայտնեց, որ երեխաների մեծ թվաքանակի պատճառով ուսուցիչը երբեմն կարող է ֆիզիկապես չհասցնել: Բացի դրանից, դասագրքային նյութն է չափից ավելի ծավալուն և անհամապատասխան տարիքային հնարավորություններին. «Հենց առաջին դասարանում այն չափորոշիչային պահանջը, որ կա, համապատասխան չէ 6 տարեկան երեխայի տարիքին: Նաև ուզում եմ անդրադառնալ ծնողների վարքին, քանի որ մենք՝ որպես դասվարներ, ամենից շատ ենք շփվում նրանց հետ, ու ցավով պիտի արձանագրել, որ երբեմն հանդիպում են անգամ սեփական երեխաների հետ վարվելաձև չունեցող մարդիկ: Եվ մենք, իհարկե, ոչ պարտադրաբար, բայց ամենօրյա դժվարին աշխատանք ենք տանում նրանց հետ, փորձում խորհուրդներ տալ և բացատրել: Երբ այս ամենին ավելանում են նաև անարդար քարկոծումները` ուսուցչի վիճակն ավելի է բարդանում: Բայց մենք պիտի այդ ամենից վեր լինենք: Ոչ մի երեխա մեղավոր չէ հասարակության հիվանդագին դրսևորումների համար: Եվ եթե ես որոշել եմ աշխատել որպես մանկավարժ, ուրեմն պիտի առաջնորդվեմ միայն սրտով՝ ամեն անգամ դասարան մտնելով բարձր տրամադրությամբ, որ չհիասթափեցնեմ փոքրիկներին: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա լավ է, որ այսօր ուսուցչի ունակություններն ու կարողությունները չեն դրվում կաղապարների մեջ. նա կարող է ստեղծագործել և երեխաների մեջ էլ զարգացնել նույն ջիղը»:

Տիկին Ալեքսանյանն էլ հավելում է, որ մերօրյա ուսուցչի ամենամեծ ձեռքբերումը համբերատարությունն է և տոկունությունը: Եվ չի կարելի ժխտել, որ կան իրենց գործը հիանալի կատարող բարեխիղճ ուսուցիչներ, որոնց առջև ուղղակի պետք է խոնարհվել. «Անկախ այսքան հաճախակի փոփոխվող ղեկավարներից՝ ուսուցիչը պետք է կայուն լինի և հիշի՝ իր դատավորն աշակերտն է: Փոփոխվող ժամանակներում նա պիտի հարմարվի ոչ թե իշխանությունների, այլ աշակերտի ռիթմին՝ չմոռանալով իր առաքելության մասին. գիտելիքից առավել երեխային սովորեցնել ապրել, ունենալ սկզբունքներ, հաղորդակցվել ուրիշների հետ, փոփոխվող իրավիճակներում ճկուն լինել: Այսպես աշխատելու դեպքում է, որ գալիս է մի պահ, երբ աշակերտներին չես տարբերում սեփական երեխաներիցդ»:

Զրույցն ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնայինք մերօրյա աշակերտների բնութագրին, դրանում ուսուցչի ունեցած «մեղավորությանը»:

Ըստ Նարեկ Հայրապետյանի՝ ուսուցչի հեղինակությունը շատ մեծ է երեխայի մարդկային ու մասնագիտական որակների զարգացման և ուղղորդման հարցում. «Այսօր գուցե այլևս ամոթ չէ չսովորելը, բայց ասել, որ քիչ են կրթությամբ հետաքրքրվող աշակերտները` սուտ կլինի: Այդ առումով աստիճանաբար նկատելի են դրական փոփոխություններ, ու ես համոզված եմ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու»:

Հասմիկ Սարիբեկյանի կարծիքով էլ աշակերտը պետք է լինի ստեղծագործող, քննադատող, պրպտող: Չէ՞ որ կրթության ժամանակակից մեթոդները տալիս է այդ հնարավորությունը: Եվ մերօրյա ուսուցչի ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, որ աշակերտը կարողանա որևէ հարցի մոտենալ տարբեր դիտանկյուններից:

Թամար Ալեքսանյանն էլ շեշտեց՝ ուսուցչի ամենամեծ մեղքն այսօր աշակերտների հետ հին մեթոդներով աշխատելու փաստն է. «Ներկայումս ոչ թե պետք է 40-45 րոպե ելույթ ունենալ, այլ հետաքրքիր մեթոդներով աշխատեցնել աշակերտին դասը սկսվելու առաջին իսկ պահից: Եվ եթե նա այսօր սովորեց աշխատել դասի ժամանակ` վաղը նույն սկզբունքը կկիրառի նաև կյանքում: Ի վերջո, ուսումնառությունը ևս աշխատանք է, ինչին պետք է վարժվել: Դրա համար մերօրյա դպրոցը պիտի համալրվի ավելի զարգացած անհատականություններով, որ հարգեն երեխային՝ չկոտրելով նրա ինքնատիպությունը: Ուսուցիչն ամենապասիվ աշակերտի մեջ անգամ պիտի ներուժ տեսնի, որ հանկարծ դպրոցը կործանարար նշանակություն չունենա երեխայի կյանքում, ինչին երբեմն բախվում ենք մեր իրականության մեջ: Ուսուցիչը պիտի կարողանա ոչ միայն հմտորեն մատուցել նյութը, այլև ցույց տալ կյանքում դրա կիրառման ձևերը»:

Փորձեցինք հասկանալ, թե որն է ուսուցչի հաջողության գրավականն իր աշխատանքում, և ի՞նչ է անհրաժեշտ նրան հոգեպես բավարարված լինելու համար:

Տիկին Սարիբեկյանը համոզված է, որ այդ հաջողությունը թաքնված է մեծատառով մարդ դաստիարակելու մեջ: Իսկ գոհ լինելու համար ուսուցչին ուղղակի զերծ պիտի պահել քննադատությունից, ինչն իսկապես հուսահատեցնող է: Ծնողներն էլ ամուր հենարան պետք է լինեն նրան: Պարոն Հայրապետյանն էլ գաղտնիքը տեսնում է փոխադարձ սիրո և անկեղծության մեջ: Տիկին Ալեքսանյանը հաջողություն է համարում թիմային աշխատանքը, երբ բոլորը հստակ գիտեն՝ ինչ նպատակ է իրենց առջև դրված և ինչ քայլեր պիտի ձեռնարկել: Նաև ողջ կրթական համակարգը կհաջողի, եթե որևէ ծրագիր կազմելիս կամ դասագրքեր հրատարակելիս հաշվի առնեն աշակերտի ցանկությունները, որ արդարացված լինի սովորողակենտրոն ուսուցում կոչվածը: Նա երջանկություն է համարում, երբ տարիներ անց ուսուցչին հանդիպած աշակերտները ջերմորեն հիշում են այն ամենը, ինչ ուսուցիչն արել է իրենց համար: Նշանակում է՝ դու հետք ես թողել նրա կյանքում:

Զրույցը, բնականաբար, անավարտ կմնար առանց մաղթանքների: Հասմիկ Սարիբեկյանը մաղթեց առաջին հերթին մարդ լինել այս կյանքում, ինչը կարևոր է բոլոր մասնագիտությունների պարագայում: Ուսուցիչը պիտի սիրի իր գործը, ամեն անգամ դասարան մտնելիս մոռանա ամեն ինչ, աշակերտների միջև տարբերություն չդնի և նրանց հետ աշխատի որպես դատարկ անոթների, որ պիտի լցվեն անսահման սիրով:

Թամարա Ալեքսանյանը ցանկացավ, որ բոլոր ուսուցիչներն առողջ լինեն, զբաղվեն ինքնակրթությամբ, շատ կարդան, լավ ուսումնասիրեն ժամանակակից սերնդին, և փոփոխություններն ընդունեն ոչ թե դժգոհությամբ, այլ որպես կյանքը փոխելու և առաջ գնալու հնարավորություն:

Նարեկ Հայրապետյանն էլ ընդգծեց, որ ուսուցչի կարևորագույն առաքելությունից զատ, չպիտի անտեսել նաև մի հանգամանք. «Ներկայիս ուսուցիչների մեծամասնությունը, եթե թերանում է իր աշխատանքում, ապա միմիայն սոցիալական և ընտանեկան խնդիրների պատճառով: Չեմ մաղթելու, որ աշխատավարձը բարձրացնեն, պարզապես ուզում եմ, որ մարդիկ նման խնդիրներ չունենան, որովհետև դա խանգարում է աշխատելիս: Միայն զորեղներն են կարողանում հաղթահարել այդ խնդիրը: Ցանկանում եմ, որ նվիրյալները շատանան մեր ոլորտում: Եվ, ինչու՞ չէ, տղամարդկանց թիվն ավելանա դպրոցներում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: