Հայերեն   English   Русский  

​Մարտավարական սխալներից մինչև ռազմավարական ձախողման հավանականություն


Նարեկ Սամսոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 203

Նիկոլ Փաշինյանն երեկ ԱԺ-ում ասել է, որ բանակցելու իմաստ չի տեսնում և պատրաստվում է հրաժարական տալ ու ժողովրդական ճնշմամբ հասնել արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացմանը,

ԵԽԽՎ-ից արդեն գրեթե բաց տեքստով հայտարարել են, որ նման ծրագիրն անընդունելի է իրենց համար և ըստ էության այն հակասում է ժողովրդավարական չափանիշներին: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել են, որ իրենք Փաշինյանի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չեն բերել և իրենք չեն առաջադրի թեկնածու միայն այն պարագայում, երբ ընտրություններն անցկացվեն եկող տարվա մայիս-հունիս ամիսներին: Այլ կերպ ասած ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակը գրեթե բաց տեքստով հայտարարում են, որ Փաշինյանի` այս ամսվա ընթացքում խոստացված հրաժարականի դեպքում առաջադրելու են վարչապետի իրենց թեկնածուին, իսկ թե ինչ սցենարներ են հնարավոր այդ պարագայում, թերևս դպրոցական երեխաներին անգամ պարզ է: Ստեղծված իրավիճակում քաղաքական համակարգն ընթանում է անխուսափելի բախմանն հանդիման և անկախ ամեն ինչից այդ բախման գինը շատ թանկ է լինելու ՀՀ-ի համար:

Շատերի կարծիքով այս իրավիճակի մեղավորները խորհրդարանական ուժերն են, բայց այս հիպոթեզը քննադատության չի դիմանում որովհետև հուզականությունից այն կողմ չի անցնում: Իրականում այս իրավիճակին իր տեղային մարտավարական քայլերով հանգեցրել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նախ քաղաքականություն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին և չկարողացավ «բնից հանած զոհին» բանտարկել և ստացավ լրիվ հակառակ պատկերը: Հետո գերագնահատեց Երևանի ընտրությունները և «սևեր-սպիտակներ» հնարքով Երևանի 43% ընտրողների մասնակցության պայմաններում ստացավ 82% քվե (ի դեպ, երեկ ԵԽԽՎ-ն էլ խոսեց Երևանի ընտրությունների ՑԱԾՐ մասնակցության մասին): Այդպիսով Փաշինյանն իրենից վանեց ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին: Հետո արդեն մի քանի օր առաջ վերջին մարտավարական սխալով ժամանակից շուտ օգտագործեց ԱԺ-ն պաշարելու և ճնշում բանեցնելու գործիքը, որը ևս արդյունավետության առումով ոչինչ չտվեց, բայց բերեց նրան, որ ներկայիս win-lose իրավիճակին հասանք, որը ոչ մի պարագայում ՀՀ շահերից չի կարող բխել:

Հ.Գ. Իմ խորին համոզմամբ նախկին իշխանությունների քաղաքական կապիտուլյացիային կարելի էր ավելի անցնցում գնալ, բայց թե ինչու է Փաշինյանն ընտրում խաղի էսկալացիոն տարբերակը դեռ չեմ հասկանում: Կա՛մ Փաշինյանը վստահ չէ, որ դեկտեմբերից հետո իշխանության կմնա, կա՛մ սա հերթական «ոտքի վրա» կայացված որոշման հետևանք է, որի վերջնարդյունքում երաշխավորված չէ Փաշինյանի հաղթանակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: